ԳԷՀ-ի փորձ. ՓԴԾ ծրագրերի արդյունքում ստեղծվել են չորս նոր «կանաչ» ձեռնարկատիրություններ

ԳԷՀ-ի փորձ. ՓԴԾ ծրագրերի արդյունքում ստեղծվել են չորս նոր «կանաչ» ձեռնարկատիրություններ

ԷկոԼուր 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի նպատակն է ներգրավել քաղաքացիական հասարակությանը գլոբալ բնապահպանական կոնվենցիաների իրականացման գործընթացներում: ՄԱԶԾ-ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի համակարգող Հովհաննես Ղազարյանը ներկայացրեց  վերջին ժամանակաշրջանում ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) հայաստանյան փորձը, սույն թվականի մարտի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» կլոր սեղանի ժամանակ:

«Ծրագիրն աջակցում է այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են կոնվենցիաների պահանջներից բխող բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ տեղական մակարդակում այդ նախաձեռնությունները պետք է ապահովեն տնտեսական օգուտներ` ուղղակիորեն բարձրացնելով շահառու համայնքի բնակչության կենսամակարդակը: Ծրագիրը փորձում է համայնքներում ներդնել այլընտրանքային գործելակերպեր, որոնք տնտեսապես իրագործելի են և միաժամանակ անվտանգ են էկոհամակարգերի կենսագործունեության և կլիմայի փոփոխության առումով։ Հայաստանում 2009թ-ից ի վեր ՓԴԾ-ն ֆինանսավորել է 2 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 55 ծրագիր, որից 30-ը իրականացվել է մարզային կամ համայնքային ՀԿ-ների կողմից։ ՓԴԾ-ի դրամաշնորհային ծրագրերի մեկ երրորդն ուղղված է կլիմայի փոփոխության մեղմմանը շուրջ 20 համայնքներում։ Հիմնականում որպես մեղմման միջոցառում ներկայացվել են արևային էներգիայի օգտագործման տեխնոլոգիաները և էներգարդյունավետության բարձրացման միջոցառումները շենք-շինություններում, իսկ գյուղատնտեսության բնագավառում՝ չորանոցները, օդա- և ջրատաքացուցիչները, և այլն:

Արդյունքում, ի հաշիվ էներգասպառման կրճատման որոշ շահառուների խնայված միջոցները տարեկան հասնում են մինչև 6 հազար դոլարի: Միաժամանակ, Փոքր դրամաշնորհների ծրագիրն իր համեստ, բայց շոշափելի ներդրումն ունի ջերմոցային գազերի կրճատման գործում`շնորհիվ համայնքահեն փոքրամասշտաբ և արդյունավետ նախաձեռնությունների: Կարևոր է, որ ՔՀԿ-ներն իրականացնում են այնպիսի ծրագրեր, որոնք տնտեսապես հիմնավորված են և ունեն կրկնօրինակման մեծ ներուժ:

Կցանկանայի շեշտել, որ ԳԷՀ-ի գումարներն ուղղակի դրամաշնորհ չեն, այլ մեկնարկային միջոց, որպեսզի դրամաշնորհային ծրագիրը հետագայում վերաճի տնտեսապես կայուն և շահութաբեր նախագծի` համահունչ «կանաչ» տնտեսության սկզբունքներին: Ծրագրի արդյունքում Գյումրիում և Երևանում խթանվել է ՎԷԱ և էներգաարդյունավետության տեխնոլոգիաների ոլորտում առևտրային և մատակարարման գործունեություն ծավալող չորս «կանաչ» ձեռնարկատիրությունների մեկնարկին։ Կարծում եմ` «կանաչ» տնտեսությունների խթանման այս հաջողված փորձը հաշվի կառնվի ոլորտային քաղաքականությունների մշակման գործընթացում»:

 

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



12:53 Ապրիլ 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news