«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ՝ Արարատյան դաշտում ծիրանի աճեցումը գրեթե աննպատակահարմար է

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ՝ Արարատյան դաշտում ծիրանի աճեցումը գրեթե աննպատակահարմար է

ԷկոԼուր

Մեծամորում տեղական ինքնակառավարման մարմնի եւ  բնակիչների միջեւ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ բնակիչները որպես 2016թ-ին կատարվելիք առաջնահերթ աշխատանք նշել են կանաչ տարածքների ավելացումը: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր եւ շահառու» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտնեց ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի «Սոցիալական քաղաքականություն եւ սոցիալական երկխոսություն» 5-րդ աշխատանքային խմբի համակարգող, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը: «Ես մտածում էի, որ ժողովուրդն ավելի շատ ձայն կտա ներհամայնքային ճանապարհների բարելավմանը, բայց նրանք ընտրեցին կանաչ տարածքների ավելացումը։ Մարդիկ ասացին, որ իրենք՝ ինքներն էլ կարող են իրենց բակերը կանաչապատել, առանց ինչ-որ մեկի օգնությանը սպասելու»,- ասաց Նաիրա Առաքելյանը:

Համայնքներн իրենց վրա զգում են շրջակա միջավայրի վիճակի վատացում եւ փորձում են ինչ-որ կերպ պաշտպանվել: Սակայն իրենց գործողությունները ճիշտ պլանավորելու համար նրանք իրազեկման կարիք ունեն:

«Արարատյան դաշտում ծիրանի աճեցումը գրեթե աննպատակահարմար է. արդեն որերորդ տարին է, ծիրանենին շուտ է ծաղկում, իսկ հետո ձյան տակ ծաղիկները խաշվում են: Մենք պետք է կլիմայի փոփոխության հետ կապված ճիշտ գոտիականություն որոշենք»,-ասաց Նաիրա Առաքելյանը:

Դիմելով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին՝ Նաիրա Առաքելյանն ասաց. «Եթե ուզում եք  համայնքներից ստանալ առաջարկներ, մենք կարող ենք Ձեզ հետ  կազմակերպել քննարկումներ, և դուք գաք համայնքներ, որովհետև այնտեղ շատ կարևոր խնդիրներ կան»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



16:20 Ապրիլ 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news