Ինչու նախաձեռնեցին Անտառային օրենսգրքի փոփոխությունները՝ մեկնաբանում է օրինագիծն առաջարկած կառույցի ներկայացուցիչը

Ինչու նախաձեռնեցին Անտառային օրենսգրքի փոփոխությունները՝ մեկնաբանում է օրինագիծն առաջարկած կառույցի ներկայացուցիչը

ԷկոԼուր

«ՀՀ Օրենսդրության կարգավորման կենտրոն» ԾԻԳ-ի փորձագետ Սոնյա Հովսեփյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Անտառի կայուն կառավարումը որպես կլիմայի քաղաքականության անբաժանելի մաս» թեմայով կլոր սեղանի ժամանակ մեկնաբանեց ԾԻԳ-ի կողմից մշակված ՀՀ Անտառային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:

Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով նախատեսվում է անտառում թույլատրել կառուցապատում, վերացնել անտառային տոմսը:

Անդրադառնալով Անտառային օրենսգրքում կառուցապատման իրավունքի ներդրմանը՝ Սոնյա Հովսեփյանն ասաց. «Մենք երկրի նախագահի կողմից հրամանագրով հանձնարարված ենք եղել նայել և կրճատել այն բեռը, այն վարչարարական թերությունները, որոնք գոյություն ունեն մեր երկրում:.. Եղել է հակասություն Հողային օրենսգրքի և Սնտառային օրենսգրքի միջև։ Խնդիրը նա է, որ կառուցապատման իրավունքը ոչ վարձակալություն է, ոչ էլ առք ու վաճառք, դա վարձակալության հատուկ տեսակ է, որով մեր ուսումնասիրած բոլոր երկրներում նման պրակտիկա կիրառված է: Այստեղ խնդիրը նա է, որ կառուցապատման իրավունքով հողը պատկանում է միայն պետությանը  և տրվում է վարձակալությամբ: Այս փոփոխությունն արվում է, որպեսզի կանխենք անտառային հողերը սեփականության իրավունքով վերցնելուն, որը հիմա կատարվում է: Սա արվում է նրա համար, որ եթե նույնիսկ այդ հողերն օգտագործվում են, ապա օգտագործվեն ի շահ ժողովրդի։ Այստեղ խոսվեց բնավճարների հաշվին ստեղծել մի ֆոնդ, որը կարող է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք հիմա արդի են: Հնարավոր տաբերակներից մեկն է նաև կառուցապատման իրավունքով վճարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նման ֆինանսական աղբյուր ստեղծելու համար, որոնք և կգան, կլուծեն այն կարևոր և արդի խնդիրները, որոնք առկա են»:

Կառուցապատման իրավունքին  դեմ հանդես եկավ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը: «…Տվյալ նորմը նախատեսվել է ՀՀ Անտառային օրենսգրքում, որպեսզի խթանի մասնավոր, կամ միջազգային կազմակերպություններին տնկել անտառ այն տարածքներում, որտեղ երբևիցե անտառ չի եղել, կամ բնական վերաճ  չկա, և մեր պետությունը մոտակա մի քանի տասնամյակում այդ տարածքներում չի կարողանալու անտառ տնկել: Այս նորմը նախատեսում է, որ այդ անձը, որը ցանկություն է հայտնել նշված տարածքներում անտառ հիմնել, պետք է շուրջ 10-12 տարի հսկայական ծախսեր անի` հողի բերի շերտը վերականգնի, տնկիներ գնի, դրանք տնկի, ջրի, խնամի, անտառի շարք անցկացնի, որից հետո միայն կարող է դառնալ այդ անտառի սեփականատերը և պարտավոր է շարունակել ծախսեր անել անտառպաշտպանական և անտառպահպանական աշխատանքներ կատարելու համար: Այս նորմը ոչ մի կերպ չի կարող բացասական ազդեցություն ունենալ անտառների վրա, հակառակը, դրանից կշահի մեր հասարակությունը, ունենալով լրացուցիչ անտառային տարածքներ: ՀՀ Անտառային օրենսգիրքը ընդունելուց անցել է տասնմեկ տարի, այս ժամանակահատվածում որևէ մեկը չի դիմել, նշված հոդվածով նախատեսված կարգով անտառ հիմնելու խնդրանքով, որովհետև այդ գործընթացը մեծ գումարներ և ժամանակ է պահանջում:

Այս առաջարկն ամբողջովին անօրինական է, քանի որ հակասում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմերին: … ՀՀ օրենսդրությամբ չի կարելի վարձակալությամբ հանձնած պետական կամ համայնքային հողի վրա որևէ կառուցապատում անել:… Ի՞նչ է նշանակում կառուցապատում: Դա միայն այն շենքերը չեն, որ կառուցվելու են, այնտեղ պետք է կառուցվեն նաև ճանապարհներ, մեքենաների կայանատեղեր, անցկացվեն  ջրագիծ, կոյուղագիծ, էլեկտրականություն, ստեղծվի այդ շենքերը սպասարկելու ինֆրակառուցվածք: Ինչպե՞ս են պատկերացնում, որ անտառում այդ ամենը կառուցվելու է: Արդյո՞ք դրանից հետո մենք անտառ կունենանք»:

ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները դեմ չեն եղել անտառում կառուցապատում իրականացնելու առաջարկին:

Մեկնաբանելով, թե ինչու է Անտառային օրենսգրքից հանվում անտառային տոմսը, Սոնյա Հովսեփյանն ասաց. «Կոնկրետ անտառային տոմսերի հետ կապված մենք փաստորեն կատարել ենք այսպիսի ակցիա ժողովրդի համար, որպեսզի իրենք կարողանան ոչ բնափայտային մթերքը հավաքել և դրա դիմաց չվճարել բնավճար։… Խնդիրը նա է, որ եթե գրված օրենք է ու դա չի կիրառվում, ապա պետք է միանշանակ վերացվի, վերացնելուց հետո թե ինչ կգա դրան փոխարինող, դա արդեն այլ խնդիր է։ Բավականին երկար ժամանակ ուսումնասիրվել է միջազգային փորձը, այն մեզ ասում է, որ կան երկրներ, որոնց համար ոչ բանափայտային  արտադրությունը բավականին առաջնային է, ինչպիսին Բրազիլիան, Թայլանդը։ Ինչու դա չդարձնենք մեզ համար, մեր երկրի համար արտադրանք»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առարկել է Անտառային օրենսգրքից անտառային տոմս հասկացության հանման կապակցությամբ՝ հիմնավորելով, որ առանց անտառային տոմսի ոչ բնափայտային անտառանյութի անսահմանափակ և չկարգավորված օգտագործման արդյունքում կարող են վնաս պատճառել անտառային կենսաբազմազանությանը, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակներին:

Անտառային տոմսը հանելուն դեմ արտահայտվեց նաեւ Նազելի Վարդանյանը՝ ասելով. «Անընդունելի է ԾԻԳ-ի առաջարկը` անտառի ոչ բնափայտային անտառանյութի մթերումը` արդյունաբերական օգտագործման նպատակով, առանց անտառային տոմսի և անտառօգտագործման պայմանագրի այն էլ այն դեպքում, որ վերջին տարիներին ավելացել են վայրի հատապտուղների, բույսերի վերամշակումը և արտահանումը: Դրանով մենք անդառնալի վնաս կպատճառենք անտառային կենսաբազմազանությանը, այդ թվում Կարմիր գրքում նշված բուսատեսակներին, կվատթարացնենք անտառամերձ համայքների բնակիչների, առանց այդ էլ ծանր, սոցիալական վիճակը, քանի որ իրենց մեծ մասը գոյատևում են  հատապտուղների և այլ անտառանյութի վաճառքով»:

Անտառային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ մեկ տարի առաջ Օրենսդրության կարգավորման կենտրոնը կազմակերպել է քննարկումներ, որին մասնակցել է նաեւ Նազելի Վարդանյանը եւ դեմ արտահայտվել փոփոխություններին: Եղել են բացասական այլ կարծիքներ եւս: Կլոր սեղանի մասնակից «Հանուն  մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը հարցրեց. «Ինչպե՞ս է կառավարություն, իմանալով, որ հանրությունը դեմ է, այս օրինագիծն ուղարկել Ազգային ժողով: Ուրեմն կառավարությունը համարե՞լ է, որ  կարիք չկա հանրության կարծիքը հաշվի առնելու»:

Սոնյա Հովսեփյանը պատասխանեց. «Հանրության կարծիքը հաշվի առնված է, այլ հարց է, որ այդ կարծիքը ինչքանով է հիմնավոր այն առաջարկներին, ինչը որ մենք ենք տվել: Գուցե եւ մեր հիմնավորումն ավելի հիմնավոր է եղել, քան փորձագիտական կարծիքը»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

13:31 Ապրիլ 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news