Որքանով են առկա ֆինանսական մեխանիզմները նպաստում Հայաստանում «կանաչ» էներգետիկ քաղաքականության զարգացմանը

Որքանով են առկա ֆինանսական մեխանիզմները նպաստում Հայաստանում «կանաչ» էներգետիկ քաղաքականության զարգացմանը

ԷկոԼուր 

Միանալով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ գործընթացներին՝ Հայաստանի համար արդի է «կանաչ էկոնոմիկայի» անցման ռազմավարությունը: Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում: Ջերմոցային գազերի ազգային կադաստրի համաձայն, ջերմոցային գազերի արտանետումների մեծ մասը՝ 70%-ը, գալիս է էներգետիկ ոլորտից: Այս տոկոսը նվազեցնելու նպատակով իրականացվում են վերականգնվող էներգետիկային և էներգախնայողությանն ուղղված ծրագրեր: Նախատեսված է, որ նմանատիպ ծրագրերի իրականացման համար բանկերի կողմից պետք է տրամադրվեն «կանաչ» վարկեր: «Այսօր և միջազգային ֆինանսական կառույցներին, և հայաստանյան բանկերին տրված է այդ մանդատը, որ կլիմայի փոփոխության խնդիրը լինի «կարմիր գծով» արտահայտված իրենց վարկային պորտֆելներում», - նշեց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «էներգետիկ «կանաչ» քաղաքականություն՝ ֆինանսներ, ռեսուրսներ, հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ:

Հայաստանում վերջին տարիներին գազի և էլեկտրաէներգիայի գների աճը հնարավորություններ է ստեղծել, որ մարդիկ ավելի շատ մտածեն էներգախնայողության մասին, ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: «Այս պահին մեր առևտրային բանկերում կան այդպիսի ռեսուրսներ, որոնք կարող են ուղղվել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի իրականացմանը: Ցավով նշեմ, որ թեպետ բանկերը հաճախ ստանում են բավականին մեղմ ֆինանսավորում, բայց նրանք ավելացնում են ոչ թե միայն իրենց կապիտալի արժեքը, որը մի գուցե 4.5-5 տոկոս լինի, այլ նրանք ավելի բարձր արժեք են դնում՝ ստանալով բարձր տոկոս, որը մասամբ պայմանավորված է բանկի բնույթով: Նա պետք է ստանա առավելագույն շահույթ: Եթե մի պրոդուկտի համար հերթ է, իմաստ չունի տոկոսը իջեցնել, սա է մեկնաբանությունը: Երկրորդ կողմը նա է, որ մեր Կենտրոնական բանկի կանոնակարգումը բավականին խիստ է և հնարավորություն չի տալիս, որ մյուս բանկերն ավելի մեղմ պայմաններով վարկեր տրամադրեն: Մասնավորապես փոքր վարկերի դեպքում, որը տրամադրվում է բնակիչներին, սահմանափակումը գործում է», - ասաց Թամարա Բաբայանը և շեշտեց, որ բանկերն իրենց հերթին, պետությունն իր հերթին պետք է հասկանան, որ էներգախնայողությունն առաջին հերթին շահավետ է հենց իրենց համար:

«Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ԲԲՇ էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի ղեկավար Կարեն Ասատրյանը նշեց, որ բանկերի կողմից տրամադրվող վարկերը դոլլարային են և բավականին թանկ, ինչը խոչընդոտներ է առաջացնում. «Երբ մենք աշխատում ենք համատիրությունների հետ, բանկերի կողմից մեր ծրագրով տրվող վարկի տոկոսադրույքը կազմում է 17 տոկոս: Այսպիսի պայմաններում մենք կարողացել ենք վարկավորել թվով 9 շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղված աշխատանքներ: Եվս մեկ կարևոր խոչընդոտ է այն, որ բանկերը պահանջում են գրավ, անգամ փոքր վարկի դեպքում: Համատիրությունները, չունենալով անշարժ գույք, բախվում են մեծ խոչընդոտների առջև այս հարցում: Շուկայի զարգացման համար ՀՀ գործող բանկերը պետք է վերանայեն իրենց մոտեցումները համատիրությունների նկատմամբ»:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  կողմից մշտապես ուշադրության կենտրոնում են եղել այն վարկառուները, որոնց ներդրումները կհանգեցնեն  շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նվազեցմանը, էներգախնայողությանը, ածխաթթու գազերի արտանետումների նվազեցմանը, վերականգնվող էներգիայի օգտագործմանը, ալտերնատիվ տեխնոլոգիաների ներդրմանը և այլն: Էներգախնայողության վարկավորում իրականացնելով՝ երկու կարևորագույն հարցեր ստանում են միաժամանակյա լուծում: Նախ,  կրճատելով ամենամսյա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց գոյացող վճարները,  նվազում է վարկառուի արտադրանքի  ինքնարժեքը` այն ավելի մրցունակ դարձնելով թե տեղական, թե արտերկրյա շուկայում, և մյուս կարևոր արդյունքը`  շրջակա միջավայրի վրա բացասական  ազդեցությունների կրճատումն է: Չնայած, այս վարկերը հիմնականում տրամադրվում են արտարժույթով, սակայն ցածր են  տարեկան տոկոսադրույքները:

Պետք  է փաստել, որ հիմնականում մեր բիզնես միջավայրը  պատրաստ է և  ցանկություն ունի օգտվել էներգախնայող վարկատեսակներից:  Սակայն,  շատ դեպքերում,  իհարկե, որոշակի ռիսկեր  կան՝ կապված արտարժույթի փոխարժեքի  հնարավոր տատանումների, կամ ուղղակի նոր տեխնիկական ներդրման  էֆեկտիվության առումով: Այս դեպքում էլ մեր մասնագիտական խումբը  օգնում է վարկառուներին գնահատել առկա խնդիրները: Հարկ եմ համարում նշել, որ բնապահպանական խնդիրների առկայության դեպքում Բանկի կողմից կազմվում են ազդեցությունների նվազեցումներին ուղղված միջոցառումների իրականացման ծրագիր, ժամանակացույց, և սպասարկման ողջ ժամանակահատվածում վերահսկվում է նշված միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացումը»,- ասաց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ Կորպորատիվ գործառնությունների վարչության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Վարկերի տոկոսադրույքների վրա ազդող գործոնային միջավայրը (այդ թվում նաև արտաքին) հնարավորություն չի ստեղծում նվազեցնել տոկոսադրույքները, որով պայմանավորված  բանկերի կողմից առաջարկվող վարկերի տոկոսադրույքների իջեցման հնարավորություն չի ստեղծում:

Մեր Բանկի կողից Էներգախնայող ծրագրերի համար  տրամադրվող վարկերի տոկոսադրույքները հնարավոր նվազագույնն են:

Հարկ եմ համարում նշել, որ Բանկն իր կողմից որդեգրած սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացրել է և շարունակում է իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են էներգախնայողությանը և նպատակ ունեն նպաստել կանաչ տնտեսության գաղափարի տարածմանը»,- ասաց «ԱԿԲԱ-Կրեդիտ ԱԳՐԻԿՈԼ» բանկի ՓՄՁ եւ կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների կառավարման եւ վաճառքների բաժնի գլխավոր մասնագետ Միխայել Ամիրխանյանը:

Բանկի ներկայացուցիչը իր խոսքում նշեց, որ ներկայումս շրջանառության մեջ է գտնվում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ կատարելու  նախագիծը, ինչը հետագայում կհեշտացնի համատիրությունների հետ բանկերի աշխատանքը:

«Հաբիթաթ  Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով՝ գլխավոր բարդությունն այն է, որ մարդիկ չունեն ներդնելու պատրաստակամություն և իրենց դժվար է հասկացնել, որ այդ գումարը, որը իրենք ներդնելու են, իրենց խնայած գումարի մի մասն է լինելու:  

«Ամենակարևոր ֆինանսավորման աղբյուրը հենց այն ռեսուրսն է, որն այդ ֆինանսավորումը բերում է, - ասաց Թամարա Բաբայանը, - դրա փայլուն օրինակն են մեր հիմնադրամի կողմից արված ծրագրերը: Մենք մոտ 60 ծրագիր արդեն ավարտել ենք, որտեղ ֆինանսավորել ենք ներդրումներ էներգախնայողության մեջ՝ պատուհաններ են փոխվել, դրվել են ջրատաքացուցիչներ, արվել է պատերի ջերմամեկուսացում, տանիքի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգի արդիականացում, և արդյունքում ստացվել է խնայողություն միջինը մոտ 50 տոկոս, և այդ խնայողությունից վերադարձնում են հիմնադրամին միջոցները: Այսօր մենք ունենք 105-106 տոկոս վերադարձելիություն, և այս 1-2 տարվա արվածից հետ եկածը այսօր մենք օգտագործում ենք մեր ծրագրերի համար»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



19:25 Մայիս 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news