ԷկոԼուր
Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի շուրջ բանակցություններին Հայաստանը կարող է մասնակցել դիտորդի դերում, բայց ձայնի իրավունք որոշումների կայացման հարցում առայժմ չի ունենա, ԷկոԼուրին հայտնեց ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը «Դեպի Մարաքեշ՝ Հայաստանը կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 22-րդ նստաշրջանի նախաշեմին» կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էր «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն:
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ չի հասցրել վավերացնել Փարիզյան համաձայնագիրը, որը Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էր ս.թ. սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Իսկ 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած կլիմայական գագաթաժողովին Հայաստանը մասնակցել էր նախագահի մակարդակով:
«Դա ողբերգություն չէ և միայն Հայաստանին չի վերաբերում: Վավերացման գործընթացն այնքան արագ ընթացավ, որ շատ երկրներ չհասցրեցին վավերացնել համաձայնագիրը», - ասաց Արամ Գաբրիելյանը՝ նշելով, որ Հայաստանը ձայնի իրավունք կստանա այն ժամանակ, երբ կվավերացնի համաձայնագիրը:
«Այդ ընթացքում մենք կարող ենք մասնակցել ոչ պետական մակարդակով: Այդպիսի հարթակ ստեղծված է այն երկրների պնդմամբ, որոնք ունեն նման խնդիրներ», - ասաց Արամ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ երկրագնդի գլոբալ տաքացումը կանխելու նպատակով 2015թ-ի վերջին Փարիզում ընդունվեց նոր համաձայնագիր, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի /1850թ./ ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը:
Փարիզյան համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2016 թ-ի նոյեմբերի 4-ին այն երկրների համար, որոնք վավերացրել են համաձայնագիրը: Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացման ընթացակարգը կազմակերպում և իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Դեպի Մարաքեշ՝ Հայաստանը կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 22-րդ նստաշրջանի նախաշեմին» կոնֆերանսի անցկացմանը աջակցել են` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Գլոբալ ջրային համագործակցություն» ՀԿ-ն:
Հոկտեմբեր 13, 2016 at 17:23