Երրորդ ազգային հաղորդագրությունն ահազանգում է, որ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում Հայաստանի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 5 աստիճան

Երրորդ ազգային հաղորդագրությունն ահազանգում է, որ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում Հայաստանի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 5 աստիճան

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 15-ին` Կլիմայի փոփոխության միջազգային օրը, Երեւանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը:

Հաղորդագրությունն ահազանգում է, որ համաձայն «առանց միջոցառումների» սցենարի 2030թ. համար  կանխատեսվում է, որ Հայաստանում ջերմային գազերի արտանետումները կհասնեն 20,000 տ CO2 –ի համարժեք, իսկ «միջոցառումներով» սցենարի դեպքում՝ 14,000 տ CO2 –ի համարժեք:  Միևնույն ժամանակ հաղորդագրությունում նշվում է, որ եթե գլոբալ մակարդակով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ջանքեր չձեռնարկվեն, Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4.7˚C, իսկ հիդրոօդերևութա­բանական վտանգավոր երևույթները կարող են կրել ավելի հաճախակի և ազդեցիկ բնույթ:   

Ազգային հաղորդագրությունում բացահայտվել են երկրի հարմարվողականության կարիքները, որոնց պետք է արձագանքել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Հարմարվողականության կարիքների շարքում նշվում են գետավազանային կառավարման պլաններում ջրի խոցելիությունը, ջրախնայող տեխնոլոգիաների ներմուծումը, ի լրումն ոռոգման առկա ցանցի և փոքր ջրամբարների ընդլայնմանն ու արդիականացմանը, նոր չորադիմացկուն բուսատեսակների ներմուծումը, հողօգտագործման և ենթակառուցվածքների պլանավորման ժամանակ կլիմայի փոփոխության գործոնի հաշվի առնումը, գյուղատնտե­սության ապահովագրության համակարգի ներդնումը և այլն:  

Հայաստանը իր պարտավորությունների շրջանակում մշակում և Կոնվենցիայի կողմերի համաժողովներին է ներկայացնում Կոնվենցիայի իրականացման մասով իր ազգային հաղորդագրությունները: Սույն հաշվետվությունն ամփոփում է 2007-2012թթ. զարգացումները՝ հիմնվելով պաշտոնական տեղեկատվության և փորձագիտական վերլուծությունների վրա: Հաղորդագրության մշակմանը մասնակցել են ավելի քան 40 փորձագետներ, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետա­զոտական ինստիտուտը» և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ ծառայություն»-ը:  

«Կլիմայի փոփոխությունը մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերներից է: Հայաստանը, որպես լեռնային և ծովային ելք չունեցող երկիր, առավել խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Երրորդ ազգային հաղորդագրության մեջ մասնավորապես ընդհանրացվել են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի, բնական էկոհամակարգերի և մարդու առողջության վրա կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները, այդ փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտ միջոցառումների պահանջարկները, ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի ցուցանիշները, արտանետումների միտումները, կրճատման կամ սահմանափակման ներուժը: Ներկայումս ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներում ՀՀ-ի արտանետումների մասնաբաժինը կազմում է շուրջ 0.02 տոկոս, մեկ շնչի հաշվով մոտ 2 տոննա տարեկան այն դեպքում, երբ գլոբալ միջինը կազմում է շուրջ 6 տոննա:

Այդ գնահատականները հիմք են ծառայելու ՀՀ-ի դիրքորոշման ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների համար, որը պետք է ներկայացվի Կոնվենցիայի քարտուղարությանը մինչև 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում կայանալիք կոնվենցիայի 21-րդ համաժողովը»,- շնորհանդեսի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նա նշեց, որ «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի ներքո ձևավորվող միջազգային գործընթացները չեն հակասում Հայաստանի զարգացման նպատակներին և գերակայություններին, իսկ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պատշաճ ձևակերպման, ներկայացման և իրականացման պարագայում կարող են մեծապես նպաստել սոցիալ-տնտեսական, բնապահպանական ոլորտների ամրապնդմանն ու զարգացմանը:

ԷկոԼուրի հարցին՝ ազգային մակարդակով Հայաստանն իր վրա ի՞նչ պարտավորություններ է վերցնում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման առումով, ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանեց. «ՀՀ-ն ջերմոցային գազերի արտանետումների հարցով որևիցե պարտավորություն իր վրա չի վերցնում: Հայաստանը ներկայացնում է, որ եղած ռեսուրսները, ինչ որ մենք ունենք այսօր ջերմոցային գազերի հետ կապված, կպահպանվի, կնվազի, բայց չի ավելանա: Մեր պարտավորությունները դրանք են»:

«Կլիմայի փոփոխությունն առաջացնում է աղքատություն՝ ոչնչացնելով կենաանհրաժեշտ բնական պաշարները: Այդ իրավիճակն ոչ միայն աշխարհի այլ վայրերում է, այլ նաև այստեղ՝ Հայաստանում: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նպատակն է  կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ այնպիսի մակարդակում, որ կանխվեն վտանգավոր ազդեցությունները»,- իր ելույթում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Նա  ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը Հայաստանի կառավարությանը շրջանակային կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Ֆրանսիան, որպես ընդունող երկիր, պատասխանատու է աջակցելու և վարելու բանակցությունների ամբողջ գործընթացը, ինչպես նաև խթանելու, որպեսզի այն լինի թափանցիկ, ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության գծով խորհրդական Ժան Միշել Կասբարյանը:

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ներկայացնելով Երրորդ ազգային հաղորդագրությունը, նշեց, որ ազգային զեկույցների հիմնական մասը ջերմոցային գազերի ազգային կադաստրն է, որը պարտադիր պահանջ է բոլոր, նույնիսկ քիչ զարգացած երկրների համար:

«Եթե մենք նայում ենք տնտեսության ճյուղերի ներդրումը արտանետումների մեջ, մեծ մասը էներգետիկան է, բայց, ասելով էներգետիկա, դա ոչ միայն էներգիայի արտադրությունն է, դրա մեջ մտնում է նաև  տրանսպորտը, էներգիայի օգտագործումը: Մյուս խոշոր արտանետող բաժինը գյուղատնտեսությունն է, անտառային տնտեսությունը, հողօգտագործումը»,- ասաց Դիանա Հարությունյանը:

Անդրադառնալով կլիմայի փոփոխության կանխատեսումներին՝ Դիանա Հարությունյանը նշեց, որ, ըստ վատագույն սցենարի Հայաստանում մինչև 2100 թվականը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4-5 աստիճան:

«Այս վտանգավոր թիվը նշելով` անպայման ուզում եմ ասել, որ սա այն վատագույն սցենարն է, երբ միջազգային համայնքը, բոլոր երկրները համատեղ չեն վերցնում այն պարտավորությունները, որոնք կսահմանափակեն գլոբալ ջերմաստիճանը 2 աստիճանի սահմաններում», - ասաց Դիանա Հարությունյանը:

Հայաստանի Երրորդ ազգային հաղորդագրությունը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



19:44 Մայիս 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news