ԷկոԼուր
Մայիսի 31-ին ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գրասենյակում «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն և Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցիացիան ստորագրեցին Հայաստանի կլիմայական տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնին և ցանցին (ArmCTCN) միանալու հուշագիր: Այն ստորագրեցին «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանը և Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցացիայի խորհրդի նախագահ Միքայել Աբովյանը:
Հայաստանի Տեխնոլոգիաների Փոխանցման Ասոցիացիան ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տեխնիկական օժանդակությամբ նախաձեռնել է Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի և ցանցի ստեղծումը: Այն իրենից ներկայացնում է շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց համագործակցության շրջանակ, բաղկացած է կոնսորցիումից և ցանցից, համագործակցում է կլիմայական տեխնոլոգիաների փոխանցման գլոբալ ցանցի ու կենտրոնի (CTCN) հետ: ArmCTCN նպատակաուղղված է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և մեղմման տեխնոլոգիաների փոխանցման ու ներդրման խթանմանը, նախընտրելի տեխնոլոգիաների կարիքների բացահայտմանը, տեխնոլոգիական ճանապարհային քարտեզի մշակմանն և իրականացմանը, գիտելիքի ու փորձի փոխանակմանը ու տեղական տեխնոլոգիաների ներդրմանն և միջազգայնացմանը:
ArmCTCN Կոնսորցիումը հարթակ է, որը նպաստում է Հայաստանում ստեղծված ցածրածխածնային և կլիմայի փոփոխությանը դիմակայող էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների արագացված փոխանցմանը դեպի դուրս, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաների փոխանցմանը դեպի Հայաստան: Կոնսորցիումին անդամակցելով` կազմակերպությունները հնարավորություն են ձեռք բերում «Կլիմայական տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի և ցանց»-ի խողովակներով կապ հաստատել միջազգային/ազգային շահագրգիռ կողմերի հետ։
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի խորհրդատու Արամ Գաբրիելյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ այսպիսով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի Հայաստան մուտք գործեն լավագույն տեխնոլոգիաները:
Զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում աջակցելու նպատակով ստեղծված է Կանաչ կլիմայի հիմնադրամ: Արամ Գաբրիելյանը հիշեցրեց, որ այս հիմնադրամից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 միլիոն դոլլարի չափով: «Դա թիմի հետևողական աշխատանքի արդյունքն էր», - նշեց Գաբրիելյանը:
Նա նաև հավելեց, որ կա կառավարության կողմից հավանության արժանացած արձանագրային որոշում, ըստ որի պետք է ստեղծվի Քաղաքացիական շրջանառու հիմնադրամ, որը համալրվելու է բնավճարներով: «Որոշման համաձայն բոլոր բնավճարները պետք է ուղղվեն հիմնադրամ: Այդ գումարները պետք է դառնան շրջանառու ներդրումային կապիտալ և ծախսվեն կլիմայական գործընթացների շուրջ իրականացվող նախագծերի վրա: Առայժմ հիմնադրամը ստեղծման փուլում է», - ասաց Արամ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ 2015 թ-ի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունեցին Կլիմայի փոփոխության նոր Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը ևս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը՝ պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 միլիոն տոննայի սահմաններում և անտառապատվածությունը մինչև 2050թ-ը հասցնել 20.1 տոկոսի, իրականացնել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողություններ:
Հունիս 01, 2018 at 15:37