Մադրիդում անցկացված ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովը չարդարացրեց սպասելիքները

Մադրիդում անցկացված ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովը չարդարացրեց սպասելիքները

ԷկոԼուր

Դեկտեմբերի կեսերին Մադրիդում անցկացված ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովը չարդարացրեց սպասելիքները: Չնայած նրան, որ բանակցությունները տևեցին նախատեսվածից գրեթե երկու օր ավելի, գագաթնաժողովի մասնակիցներն, ի վերջո, ընդունեցին մի փաստաթուղթ, որը չի պարունակում հստակ միջոցառումներ և պարտավորություններ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հիասթափված է գագաթնաժողովի արդյունքներից: Ըստ նրա, գագաթնաժողովի մասնակիցները բաց թողեցին կլիմայական ճգնաժամը լուծելու համար վճռական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ արեց չհանձնվել:

«Ակնկալվում էր, որ երկրները կստանձնեն «աճող» պարտավորություններ ջերմոցային գազերը կրճատելու ուղղությամբ այնպիսի ծավալներով, որոնք թույլ կտային իրագործել Փարիզյան համաձայնագրի նպատակը՝ պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանի սահմաններում: Սակայն դա տեղի չունեցավ:

Մենք չպետք է հանձնվենք, և ես չեմ պատրաստվում նահանջել: Ավելի քան երբևէ ես վճռական եմ՝ հասնելու նրան, որպեսզի 2020 թ-ին բոլոր երկրները ստանձնեն պարտավորություններ՝ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք, ինչպես գիտնականներն են մեզ ասում, անհրաժեշտ են, որպեսզի մինչև 2050 թ-ը հասնենք «ածխածնային չեզոքության» և թույլ չտանք գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանից ավելի», - Անտոնիո Գուտերեշի խոսքերն է մեջբերում ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: 

Փարիզյան համաձայնագրի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մինչև 2030 թ-ը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 45 տոկոսով, իսկ դարի կեսին հասնել նրան, որպեսզի ածխածնի արտանետումները չգերազանցեն CO2-ի քանակը, որը բնությունը կլանում է: Դեռևս դրանք միայն աճում են, և, ըստ կանխատեսումների, կարող են աճել 3-4 աստիճանով, իսկ դա կարող է նշանակել, որ մոլորակը կդառնա մարդկային կյանքի համար անպիտան:

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի

Դեկտեմբեր 17, 2019 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր