Գագիկ Աղբալյան, Տավուշի մարզ, Lragir.am
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից ահազանգ ստանալով` այցելեցինք Հին գերեզմանատան թաղամաս, որն օր օրի փլվում է սողանքից: Այստեղ հիսուն ընտանիք է ապրում, եւ միայն վեցն են 1990-ական թվականներին փոխհատուցում ստանալով տեղափոխվել այլ բնակարաններ: Բայց օժանդակության կարիք ունեն բազմաթիվ ընտանիքներ:
Ըստ համայնքի ղեկավարի տեղակալ Ռադիկ Ենգիբարյանի, չորս տարի առաջ ճապոնացիներն այս տարածքն ուսումնասիրել են ու որակել որպես սողանքի գոտի: Չնայած մինչ այդ` 1954-ին նույնպես նման մի եզրակացություն եղել է, որով արգելվել է նույնիսկ մարդկանց բնակեցումը: 1958-60-թթ.-ին Հին գերազմանատան թաղամասում սկսվել է բնակեցումը: Եւ միայն հիմա են բնակիչները համոզվել, թե ինչպիսի սխալ են գործել իրենց նախորդները: Գետահովիտի ավագանու անդամ Արման Չապուխյանն ասում է, որ երկու ամիս առաջ Սեյսմոշինի մասնագետները եկել եւ օրեցօր հոսող տարածքը որակել են որպես երկրորդ կարգ: Այնինչ, նրա խոսքով, «ժամ առ ժամ գետնի ճաքերը մեծանում են»: Որ վիճակն ավելի անհույս է, քան «երկրորդ կարգն է», հաստատեց նաեւ համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանը: «Օր օրի սողանքն ուժեղանում է այս տարածքում: Հողի տեղաշարժի արդյունքում խողովակները կոտրվում են»,-ասում է նա` տեղեկացնելով, որխնդրին տեղյակ է եւ կառավարությունը, եւ Տավուշի մարզպետարանը: Օրեր առաջ Տավուշի մարզպետն անձամբ ծանոթացել է խնդրին, հրահանգել ուսումնասիրություններ կատարել:
Մինչեւ կառավարությունը քայլեր ձեռնարկի, այստեղ տագնապով սպասում են աշնանային անձրեւներին, քանի-որ այդ շրջանում սողանքներն ակտիվանում են: Արդեն գետնի վրա կան ճաքեր, որտեղ մարդն էլ կտեղավորվի:
Արդեն փլված կառույցներ էլ կան: Օրինակ, Վարդան Ղազարյանի գոմը: Իսկ տունը դեռ կանգուն է, ընտանիքը շարունակում է այստեղ ապրել: Իսկ ահա Վալերի Ղազարյանի ընտանիքը թողել է նորակառույց երկհարկանի առանձնատունն ու տեղափոխվել ավելի անվտանգ վայր, իհարկե, վարձով բնակվելու:
Տների մեծ մասը կառուցված է թեք լանջի վրա, ինչն ավելի է նվազեցնում այստեղ ապրելու երաշխիքը:
78-ամյա Մարիա Անանյանը միայնակ է ապրում սողանքից օրեցօր փլվող իր տանը: Ստանում է 36 հազար դրամ թոշակ, ու հնարավորություն չունի այլ տուն տեղափոխվելու, թեկուզ` վարձով: Պատմում է, որ ամիսներ առաջ սենյակները վերանորոգեցին, բայց հիմա նորից պատերը ճաքճքում են: Ննջարանները, միջանցքը, խոհանոցը, ամբողջությամբ ճաքերով են պատվել, պատուհանագոգերը տեղաշարժվել են: Եթե անցած տասնամյակներին ոչինչ չէին կասկածում, ապա վերջին 1-2 տարիներին պատերը սկսել են նկատելիորեն հեռանալ միմյանցից: «Ուզում ա գլխիս փուլ էլ գա, էլ արդեն չեմ վախենում,- ասում է թոշակառու Մ. Անանյանը:- Էն երբ են ասել, որ փող են տալու տեղափոխվենք, բա ու՞ր ա դրանց տվածը»: Փաստորեն, 90-ականներին նրան նույնպես խոստացել էին փոխհատուցում տալ:
Մարիա Անանյանի նման շատերը կան: Նույնիսկ ավելի վատթար վիճակում է Հերիքնազ Առաքելյանի տունը: Այստեղ ամբողջ պատշգամբը փլվել է, աստիճանները` ծռվել:
«Դեռեւս վերջնական եզրակացություն չկա, որ իմանանք այս ամենն ինչ հետեւանքներ կարող է ունենալ,-ահազանգում է Գետահովիտի ավագանու անդամ Արման Չապուխյանը:-Մարդկային կյանքի հետ կապ ունի, ու այս մարդիկ սարսափելի վիճակում են: Գիշերը քնում են այն մտքով, որ կամ տունը առավոտյան մի քանի հարյուր մետր ներքեւ տեղափոխված կլինի, կամ իրենք ողջ չեն լինի: Պետք է որեւէ բան ձեռնարկվի: Բնակիչը տեղյակ չի, թե իրեն ինչ է սպասվում: Գոնե վտանգավորության աստիճանի մասին հայտնեն, մարդիկ իրենց անելիքն իմանան, նրանք չեն կողմնորոշվում: Կառավարությունը պետք է շտապ քայլեր իրականացնի»:
Օգոստոս 30, 2011 at 16:22