Հայաստանում արդյո՞ք կզարգանա էլեկտրատրանսպորտը

Հայաստանում արդյո՞ք  կզարգանա էլեկտրատրանսպորտը

ԷկոԼուր

Հայաստանը զարկ է տալիս այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը: Արդեն իսկ մշակված են ծրագրեր մեր երկրում հողմային, հիդրո, երկրաջերմայի, արևային և կենսաբանական զանգվածից էներգետիկայի զարգացման համար: Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների միջոցով էներգակիրների ստացմանը զուգահեռ Հայաստանում զգալի կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները: Ավելին, այդ նպատակով ՀՀ կառավարությունը մշակում է ծրագրեր Հայաստանում նաև էլեկտրատրանսպորտը զարգացնելու համար: Այս մասին ԷկոԼուրի հետ հարցազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը:

ԷկոԼուր.

- Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավիճակն այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, և ի՞նչ մասնաբաժին ունի այն մեր էներգետիկ անվտանգության ապահովման հարցում:

Դ. Ստեփանյան.

-Վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրության կենտրոնում է:

Ստեղծվել են հիմնական բազային փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են այդ զարգացումն ապահովելու համար. «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերը, մասնավորապես, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը, Ազգային ծրագրի կատարմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Հանրապետության Նախագահի կարգադրությամբ 2013 թվականին հաստատվել է էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, որի դրույթներից բխում է, որ մինչև 2020 թվականը  Հայաստանի Հանրապետությունում սպառվող ամբողջ էներգիայի 20%-ը, իսկ տրանսպորտում սպառվող ամբողջ էներգիայի 10%-ը պետք է լինեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էներգակիրներ, և մի շարք այլ փաստաթղթեր:

էլեկտրաէներգետիկ համակարգում 2014 թվականին էլեկտրական էներգիայի արտադրանքի մոտ 26%-ն ապահովել են վերականգնվող էներգետիկ ռեսուրսները, որից մոտ 9 %-ը միայն փոքր ՀԷԿ-երի բաժինն է: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործվում է 165 փոքր ՀԷԿ՝ 282 մեգավատ գումարային դրվածքային հզորությամբ և 853 միլիոն կվտ/ժամ նախագծային տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Եվս 56-ը գտնվում են կառուցման փուլում` 114 մեգավատ հզորությամբ և մոտ 400 միլիոն կվտ/ժամ նախագծային տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Շահագործվող ունենք ընդամենը մեկ հողմակայան` 2.64 մեգավատ դրվածքային հղզորությամբ: Նախատեսվում է կառուցել միջին հզորությամբ երեք հիդրոէլեկտրակայան. Արաքս գետի վրա` «Մեղրի» ՀԷԿ-ը իրանական մասնավոր կազմակերպության հետ համատեղ` մոտ 100-130 մեգավատ հզորությամբ. «Լոռի բերդ» ՀԷԿ-ը՝ մոտ 66 մեգավատ հզորությամբ և «Շնող» ՀԷԿ-ը՝ մոտ 75 մեգավատ հզորությամբ:

Կառավարությունը նախատեսում է ևս կառուցել մոտ 200 մեգավատ գումարային դրվածքային հզորությամբ հողմակայաններ: Մեծ ուշադրություն է դարձվելու երկրաջերմային էներգետիկային և արևային էներգետիկային: Այս բնագավառում մենք, իհարկե, չունենք արձանագրված հաջողություններ, բայց ծրագրերն արդեն նախանշված են: Կլիմայի ներդրումային հիմնադրամների վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակներում հատկացվելու են միջոցներ Հայաստանում մոտ 40-50 մեգավատ արևային ֆոտովոլտային կայաններ կառուցելու համար: Միջոցներ են հատկացվելու Կարկառի երկրաջերմային տեղանքում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Նախնական գնահատականով՝ պոտենցիալն այդտեղ բավականին մեծ է և հնարավոր է կառուցել երկրաջերմային էլեկտրակայան:  

ԷկոԼուր.

-Հայաստանի ո՞ր տարածքներում է նախատեսվում զարգացնել հողմային եւ արեւային էներգետիկան:

Դ. Ստեփանյան.

-2003թ - ին ԱՄՆ-ի Վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիայի (NREL) կողմից մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզը, ըստ որի` տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ, մոտ 1.26 մլրդ.կվտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքով: Հիմնական հեռանկարային տեղանքները գտնվում են` Զոդի լեռնանցքում, Բազում լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներում, Ջաջուռի լեռնանցքում, Գեղամա լեռների շրջանում, Սևանի լեռնանցքում, Ապարանի շրջանում, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտում, Մեղրիի շրջանում: 

Արևային ֆոտովոլտային ծրագրերի համար հստակ տարածքները դեռ նախատեսված չեն:

ԷկոԼուր. 

- Ձեր գնահատմամբ այլընտրանքային էներգետիկայի հաշվին ինչքանո՞վ են կրճատվում ջերմոցային գազերի արտանետումները, և ի՞նչ հեռանկարներ ունենք ըստ ոլորտների:

Դ. Ստեփանյան.

- Համամասնորեն պետք է կրճատվեն: Եթե մենք փոխարինելու ենք ածխաջրածնային վառելիքները վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով, ապա այն համամասնությունը, որը կիրառվելու է, այդ համամասնությամբ էլ նաև նվազելու են ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

էներգետիկ ոլորտը կարող է ապահովել բավականին շատ արտանետումների կրճատում, ինչը նաև ամրագրված է մեր բոլոր ռազմավարական ծրագրերում: Զարգացնելով վերականգնվող էներգետիկան, ապահովելով էներգախնայողությունը` մենք միանշանակ նվազեցնում ենք այն էներգակիրների օգտագործումը, որոնք մթնոլորտ են արտանետում ջերմոցային գազեր:

ԷկոԼուր.

-Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա ռիսկերը և կողմնակի երևույթները որքանո՞վ են ազդում ոլորտի զարգացման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման գործընթացի վրա:

Դ. Ստեփանյան.

- Եթե զարգացնում ես վերականգնվող էներգետիկան և ընդհանրապես տնտեսության ցանկացած ճյուղ, ապա կարող են առաջանալ նաև շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններ: Սակայն, դրանք բացահայտվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակներում և առաջադրվում են դրանց նվազեցմանը կամ մեղմանն ուղղված համապատասխան միջոցառումներ: Տնտեսությունը զարգանում է, ավելանում է էներգիայի սպառումը: Եթե մենք առավելագույնս և տնտեսապես շահավետ չօգտագործենք սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսները, էլ ավելի վնասակար ազդեցություններ կունենաք շրջակա միջավայրի վրա, և կավելանա կախվածությունը ներկրվող էներգակիրներից:

 ԷկոԼուր.

-Ունե՞ն մեր գետերը արդյոք այդքան ներուժ, մինչև քանի՞ ՓՀԷԿ է նախատեսվում կառուցել:

Դ. Ստեփանյան.

- Անսպառ չի այդ քանակը, մի օր սպառվելու է էներգետիկ նպատակներով դրանց օգտագործման ներուժը:

   

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



14:56 Ապրիլ 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news