Կլիմայի փոփոխության արագ տեմպը ստիպում է զարգացող երկրներին նույնպես կրճատել ջերմոցային գազերի արտանետումները

Կլիմայի փոփոխության արագ տեմպը ստիպում է զարգացող երկրներին նույնպես կրճատել ջերմոցային գազերի արտանետումները

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում ՄԱԶԾ/ԳԷՀ-ի «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո Հայաստանի ապագա քաղաքականության ուղղությունների վերաբերյալ քննարկումներին հասարակության ներգրավման կազմակերպում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղան:

Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ ԿՓ ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ Դոնարա Վարդանյանը, ՄԱԿ-ի Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, UNIDO-ի «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, GHG Mitigation-ի գծով ազգային փորձագետ Միխաիլ Վերմիշևը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

ԷկոԼուրը սկսում է նյութերի շարք, որտեղ կներկայացվեն Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի ընթացքում հնչած ելույթները: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի ելույթը: Նա մասնավորապես ասաց. «Երբ կոնվենցիան ընդունվում էր, նրանով հիմնական բեռը դրվում էր տնտեսապես զարգացած երկրների վրա: Այն ժամանակ այդ` թվով 38 երկրները արտանետում էին գլոբալ արտանետումների գրեթե երկու երրորդը: Ըստ կոնվենցիայի, նրանք պետք է կրեին ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հիմնական  բեռը և եթե միաժամանակ համապատասխան տեխնոլոգիաներ փոխանցեին զարգացող երկրներին, ապա կարելի կլիներ կլիմայի փոփոխության ընթացքը  զսպել այնպիսի  տեմպի վրա, որ էկոհամակարգերը հասցնեին ադապտացվել, և տնտեսությունը չտուժեր:  Բայց 2005 թվականից սկսած նկատվեց, որ այդ սկզբունքով երկրների միջև պարտավորությունների դիֆերենցումը հեռանկար չունի, այսինքն, կոնվենցիայի նպատակին հնարավոր չէ հասնել: Սկսվեցին բանակցություններ, և Կոպենհագենում, կոնվենցիայի Կողմ երկրների 15-րդ համաժողովում  փորձ կատարվեց ընդունել մի համաձայնագիր, որտեղ նաև զարգացող երկրները որոշակի պարտավորություններ կկրեին: Կոպենհագենում իրավական ուժ ունեցող   համաձայնագրի ընդունումը ձախողվեց: Ընդունվեց ընդամենը մի հայտարարագիր (Կոպենհագենյան հայտարարագիր), որին  ընդամենը 120 երկիր միացան: Հայաստանի Հանրապետությունն էլ միացավ՝ հայտարարելով  իր դիրքորոշումը, որ պատրաստ է մասնակցել ջերմոցային գազերի կրճատման միջազգային ջանքերին: Նշվեցին 4 սեկտորներ, որոնցում պետք է կատարվեին արտանետումների սահմանափակումներ: Առաջնայինը էներգետիկայի սեկտորն էր:  Սակայն այն ժամանակ դեռ անորոշություն կար, թե մինչև ինչ աստիճան կարելի է թույլ տալ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը:  Միայն  5 տարի առաջ որոշում կայացվեց սահմանել գլոբալ ջերմաստիճանի բարձրացման թույլատրելի շեմ: Հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա` բոլոր երկրները համաձայնվեցին չգերազանցել 2 աստիճան բարձրացման շեմը, բայց միաժամանակ  շուրջ 130 զարգացող երկրներ՝ այդ թվում և Հայաստանը, նախընտրում են 1.5 աստիճանը: Բնական է, այդ շեմից է կախված երկրների միջև ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման  պարտավորությունների բաշխումը: Կոպենհագենի համաժողովի ձախողումից  հետո Լիմայում կայացած կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովին  ընդունվեց այսպես կոչված Լիմայի կոչն աշխարհին, որ առանց բացառության բոլոր երկրները կլիմայի փոփոխության զսպման բնագավառում իրենց ներդրումն անեն: Տարեվերջին՝ Փարիզում կայանալիք կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովին, պետք է  ընդունվի իրավական ուժ ունեցող կոնվենցիային կից նոր համաձայնագիր` հավանաբար արձանագրություն, ըստ որի բոլոր երկրները պետք է կատարեն ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը նպատակաուղղված գործողություններ: Նախատեսված էր, որ զարգացած երկրները մինչև այս տարվա մարտի վերջը պետք է ներկայացնեին իրենց դիրքորոշումը ջերմոցային գազերի կրճատման վերաբերյալ և գուցե նաև այլ դրույթներ, իսկ զարգացող երկրների համար ժամկետը մինչև հոկտեմբերի 1-ն է: Հայաստանի Հանրապետությունը ներկայումս մշակում է իր գործողությունների շրջանակը: Այն պետք է ներկայացվի կառավարությանը ու հավանություն ստանալուց հետո ներկայացվի կոնվենցիայի քարտուղարությանը: Համադրելով բոլոր երկրների կողմից ներկայացված նմանատիպ փաստաթղթերը` հնարավոր կլինի պարզել, թե որքանով են համապատասխանում դրանցով ներկայացված դրույթները, հատկապես արտանետումների սահմանափակման քանակական ցուցանիշները  կոնվենցիայի նպատակին հասնելու համար»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

14:20 Մայիս 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news