Սիմոն Պապյան. «Հայաստանի համար բոլորից կարևոր զարգացման ուղին ես տեսնում եմ էներգախնայողության մեջ»

Սիմոն Պապյան. «Հայաստանի համար բոլորից կարևոր զարգացման ուղին ես տեսնում եմ էներգախնայողության մեջ»

ԷկոԼուր

Հայաստանի համար ազգային մակարդակով բոլորից կարևոր զարգացման ուղին ես տեսնում եմ էներգախնայողության մեջ: Այս մասին սույն թվականի մայիսի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում    տեղի ունեցած  «Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

Կլոր սեղանին մասնակցում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ ԿՓ ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ Դոնարա Վարդանյանը, ՄԱԿ-ի Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, UNIDO-ի  «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը,  «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, GHG Mitigation-ի գծով ազգային փորձագետ Միխաիլ Վերմիշևը, Էկոլուրի աշխատանքային թիմը:

Ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի ելույթը: Նա մասնավորապես ասաց. «2015 թվականի վերջին Փարիզում կայանալու է Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմ երկրների հերթական համաժողովը, որտեղ քննարկվելու է նոր համաձայնագրի ընդունումը,՝ կապված ջերմոցային գազերի կրճատման հետ: 2020 թվականից ոչ միայն զարգացած երկրները պետք է  իրենց վրա վերցնեն ջերմոցային գազերի սահմանափակման պարտավորությունը, այլ նաև զարգացող երկրները: Սա նորություն է, և բանակցությունները գնում են նրա շուրջ, թե, պարտավորություններ վերցնելով, ինչպիսի  պայմաններ պետք է ապահովվեն: Այսօր ուզում եմ շեշտադրում անել երկու հարցի վրա` առաջինը տեխնոլոգիաների զարգացման և փոխանցման խնդիրն է, երկրորդը՝ ֆինանսավորման աջակցության: Հիմնական հարցերը, որոնք դրված են  հանրության առջև՝ փորձել մեղմել կլիմայի փոփոխության ընթացքը և դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, փորձել հարմարվել եղած վիճակին և այն վիճակին, որը մենք կանխատեսնում  ենք և մենք պետք է պատրաստ լինենք,  մտածենք` ինչ առաջարկություններ կարող ենք անել, որպեսզի կարողանանք ավելի մեղմել, հարմարվել այդ փոփոխություններին: Սրանք են երկու կարևորագույն խնդիրները, և այդ ուղղությամբ մենք պետք է մշակենք կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագիր և հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիր, քանի որ անցյալ տարի` դեկտեմբերին, Պերույում կայացած համաժողովին որոշում կայացվեց, որ պետք է ազգային մակարդակով ներկայացվի գործողությունների ծրագիր (INDC): Մենք համապատասխան փոփոխություն կատարեցինք ՀՀ կառավարության որոշման մեջ և հիմա էլ այսպես կոչված INDC-ն  մենք պետք է մշակենք մոտակա ժամանակներում: Այն իր մեջ կներառնի ինչպես կլիմայի փոփողության մեղմման, այնպես էլ հարմարվողականության բաղադրիչները: Արդեն նախապատրաստական աշխատանքները սկսվել են, որոշակի քայլեր մենք արել ենք: Մեզ աջակցում են նաև միջազգային կազմակերպությունները: Առաջին հավաքն արդեն կայացել է Ծաղկաձորում, հրավիրեցինք շահագրգիռ գերատեսչություններին, միջազգային, հասարակական կազմակերպություններին, որոնք անմիջապես այդ բնագավառում աշխատում են: Որոշակի հարցաշար բաժանվեց իրենց, պատասխանները մենք ստացանք, և հիմա այդ հարցերն ամփոփվում են: Մենք պետք է համատեղ ուժերով այս հարցի լուծումը տանք` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես մասնավոր հատվածի հետ: Առանց մասնավոր հատվածի, ես կարծում եմ, դժվար թե գործը գլուխ գա, և շատ կարևոր է, իհարկե, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը և ուղղակի, և անուղղակի ձևով, որովհետև իրենք, ես տեսնում եմ, որ շատ լուրջ դեր կարող են ունենալ իրազեկման տեսանկյունից և, կարծում եմ, այս կլոր սեղանը դրան կնպաստի:

Եվրամիության հետ հուշագրի շրջանակներում 10 քաղաք արդեն պարտավորություն է վերցրել ջերմոցային գազերի կրճատման մասով՝ 20 տոկոս մինչև 2020 թվականը: Համոզված եմ, երբ վերցրել են այդ պարտավորությունը, լավ պատկերացրել են, թե ինչի տակ են մտնում, և դրա համար մենք իրենց հրավիրեցինք նաև նախարարություն քննարկման: Ուզում եմ ասել, որ բավականին ակտիվ մասնակցություն ունեցան: Մենք հասկացանք, որ 10-ից 8 քաղաքները  կարիք ունեն ինչպես մեթոդական, այնպես էլ ֆինանսական օգնության, որպեսզի կարողանան մշակել ջերմոցային գազերի կրճատման  համապատասխան ծրագրերը: Հիմա պետք է ընտրել այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինի համապատասխան  ջերմոցային գազերի կրճատումն իրականացնել և, իհարկե, այդ հարցում մենք պետք է իրենց օգնենք: Երկու քաղաք արդեն նման ծրագիր ունեն: Երևանին առանձին աջակցություն է ցուցաբերվում: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ արդեն էներգախնայող լամպերով օդանավակայան տանող ճանապարհը համալրվել է: Սա լավ համագործակցություն է բնապահպանության նախարարության, քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջև: Արդյունքում մենք ունեցանք հաջող ներդրում: Նախատեսում ենք կենդանաբանական այգում այդ լամպերից տեղադրել, նույնպես շատ դրական երևույթ է: Եվ, իհարկե, մեր էներգախնայողության ծրագրերը, որոնք իրականացվում են կառավարության հովանու ներքո մեր գերատեսչությունների կողմից: Իմ խորին համոզմամբ, անկախ նրանից ջերմոցային գազերի կրճատման գլոբալ մարտահրավերները լուծում կստանան, թե ոչ, Հայաստանի համար ազգային մակարդակով  բոլորից կարևոր զարգացման ուղին ես տեսնում եմ էներգախնայողության մեջ, որովհետև կարող ես այլընտրանքային էներգիայի աղբյուրներն էլ զարգացնես, դու քո ռեսուրսները զարգացնես, բայց էներգախնայողությունը պետք է  առաջնահերթ լինի: Ես, որքան գիտեմ,  էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հստակ տանում է  հենց այդ գիծը, և իր ռազմավարական ծրագրերում դա ֆիքսում է: Լուրջ խնդիրներ ունենք կոմունալ ծառայությունների ոլորտում շենքերի բարեկարգման առումով, ինչը կարևոր նշանակություն կունենա էներգախնայողության համար:

Մենք աշխարհի հանրության անբաժանելի մասն ենք և  պարտավոր ենք մեր ջանքերը միավորել այդ հարցերի լուծման շուրջ»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



15:06 Մայիս 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news