էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը կյանքի կոչելու դեպքում Հայաստանում զգալիորեն կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները

էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը կյանքի կոչելու դեպքում Հայաստանում զգալիորեն կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները

ԷկոԼուր

«Որոշ վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման արդյունքում զգալի ջերմոցային գազերի արտանետումներ են առաջանում մթնոլորտ: Դա կարող է բերել կլիմայի փոփոխության անդառնալի հետևանքների, մենք զգում ենք արդեն բացասական հետևանքներն այդ ուղղությամբ: Այս գործոնն արդեն հաշվի է առնվում ՀՀ կառավարության կողմից՝ մասնավորապես ռազմավարական ծրագրերը մշակելիս»: Այս մասին  սույն թվականի մայիսի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը:

Նա ներկայացրեց էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, որ նախատեսում է այնպիսի էներգակիրների օգտագործում, ներկրում, արտադրում, որոնք չեն արտանետում մթնոլորտ ջերմոցային գազեր:

«Անդրադառնամ էներգետիկայի բնագավառում էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգին: Այդ փաստաթղթի ոգուց բխում է այնպիսի էներգակիրների օգտագործումը, ներկրումը, արտադրումը, որոնք չեն արտանետում մթնոլորտ ջերմոցային գազեր: Մասնավորապես զարգացումները հիմնականում վերաբերում են ատոմային էներգետիկային, վերականգնվող էներգետիկային, էներգախնայողությանը, էներգակիրների արտադրության և մատակարարման դիվերսիֆիկացված ուղիներին: Եթե մեզ հաջողվի իրականացնել այս հայեցակարգային դրույթները, բերել ծրագրերի մակարդակի և հայթայթել միջոցներ դրանք իրականացնելու համար, հավատացեք, շատ ու շատ քիչ արտանետումներ  կունենանք էներգետիկայի ոլորտից և տարիներ անց կխոսենք հակառակի մասին:

Հայեցակարգի դրույթներից բխում է, որ մինչև 2020 թվականը  Հայաստանի Հանրապետությունում սպառվող ամբողջ էներգիայի 20%-ը, իսկ տրանսպորտում սպառվող ամբողջ էներգիայի 10%-ը պետք է լինեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էներգակիրներ:

Փոքր ՀԷԿ-երը շատ չնչին մասն են կազմում: Մենք փոքր ՀԷԿ-երի մասով բավականին ներուժ յուրացրել ենք, իսկ ևս մոտ 100-120 մեգավատ գումարային դրվածքային հզորությամբ կայանների համար արդեն տրամադրվել են համապատասխան լիցենզիաներ: Եթե դրանք կառուցվեն, ապա կապահովվի ՀՀ կառավարության ռազմավարությունը փոքր ՀԷԿ-երի բնագավառում:

Կան հստակ թիրախային ցուցանիշներ: Հողմային էներգետիկայի բնագավառում մինչև 2025 թվականը պետք է կառուցվեն 200 մեգավատ գումարային դրվածքային հզորությամբ հողմակայաններ: Նախատեսվում է կառուցել «Լոռի բերդ» ՀԷԿ-ը՝ մոտ 66 մեգավատ դրվածքային հզորությամբ և «Շնող» ՀԷԿ-ը՝ մոտ 75 մեգավատ դրվածքային հզորությամբ: Զարկ ենք տալու երկրաջերմային էներգետիկային և արևային էներգետիկային: Մոտ 9 միլիոն դոլարի դրամաշնորհային միջոցներ են տրամադրվելու Կարկառի երկրաջերմային տեղանքում հորատման միջոցով երկրաբանական հետախուզական աշխատանքների, տեխնիկատնտեսական հիմնավորման և այլնի իրականացման համար: Ռեսուրսի հաստատման դեպքում հնարավոր է միևնույն, նաև այլ աղբյուրներից միջոցներ ներգավել երկրաջերմային կայաններ կառուցելու համար: Արևային էներգետիկայի բնագավառում մոտ 40-50 մեգավատ հզորությամբ կայաններ պետք է  կառուցվեն: Դրանք մեզ թույլ կտան գնահատել ֆինանսական, տնտեսական գրավչությունը՝ այդ ծրագրերի: Նախատեսվում է այդ կայանների համար սահմանել սակագին: Այդ սակագինը լինելու է  ուղենիշային այն մասնավոր ներդրողների համար, ովքեր կգան այստեղ՝ արևային էլեկտրակայաններ կառուցելու համար: Մոտ 2 միլիոն դրամաշնորհային միջոցներ կտրամադրվեն` արևային էներգիայի մոնիտորինգի համար, դրան պետք է հաջորդեն մոտ 26 միլիոն միայն Կլիմայի ներդրումային հիմնադրամների Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի կողմից տրամադրվող միջոցները, որոնք պետք է համալրվեն այլ աղբյուրներից միջոցներով, և կառուցվեն այդ կայանները»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

14:51 Մայիս 18, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news