ԲՀՊՏ-ների եւ հարակից համայնքների կոնֆլիկտը պետք է լուծում ստանա

ԲՀՊՏ-ների եւ հարակից համայնքների կոնֆլիկտը պետք է լուծում ստանա

ԷկոԼուր

Այսօր բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) եւ բուֆերային գոտու համայնքների միջեւ կա կոնֆլիկտ, որ լուծման կարիք ունի: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Պահպանվող տարածքն ապահովում է կայուն էկոհամակարգերի ծառայություն, և դա պետք է ոչ միայն կենդանիներին, բույսերին, այլ նաև բնակիչներին, որովհետև իրենք այդտեղ բնակվում են: Դա է մեզ մոտ բացակայում, որ բնակիչները հասկանան պահպանվող տարածքների օգուտը:

Մենք առաջարկել ենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքները ունենան խորհուրդ, և խորհրդի անդամ  լինեն ոչ միայն նախարարության ներկայացուցիչները, այլ առաջին հերթին այդ համայնքների բուֆերային գոտու բնակիչները, որ իրենք փորձեն այդ կոնֆլիկտային հարցերը իրար մեջ լուծել»,- ասաց Կարեն Մանվելյանը:

Ի լրումն ասվածի ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի  պետ  Արամ Աղասյանը նշեց, որ մշակվում է նոր օրենք, որում նախատեսված են օրենսդրական մեխանիզմներ այդ հարցը լուծելու համար: «Հարակից բնակավայրերին պետք է տրվեն որոշակի արտոնություններ, և փոխհատուցման մեխանիզմ պետք է լինի: Հենց հիմա «Շիկահող» պետական արգելոցի կողքը մարդը կարտոֆիլ է ցանել, կաբանները մտնում, ոչնչացնում են այդ կարտոֆիլը: Փոխհատուցման մեխանիզմ պետք է գործի, որը ընդունված է ամբողջ աշխարհում»,- ասաց Արամ Աղասյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



16:23 Մայիս 25, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news