Սամվել Պիպոյան` Հայաստանը կորցնում է իր տեղաբնակ արժեքավոր ձկնատեսակները

Սամվել Պիպոյան` Հայաստանը կորցնում է իր տեղաբնակ արժեքավոր ձկնատեսակները

ԷկոԼուր

Հայաստանի ժամանակակից ձկնաշխարհը վերջին տասնամյակների ընթացքում ենթարկվել և շարունակում է ենթարկվել արմատական փոփոխությունների, որոնք պայմանավորված են` ջրակալների էկոհամակարգերի վրա մարդածին բազմագործոն ազդակների ներգործությամբ: Այդ փոփոխությունները շաղկապված են՝

  • ձկնաբուծական լճակային տնտեսությունների զարգացման և այլ տարածաշրջաններից նոր ձկնատեսակներ ներմուծելու, այդ ձկնատեսակների մի մասի բնական ջրակալներ ներթափանցման և կլիմայավարժեցման հետ,
  • ջրակալներում ջրի մակարդակի և ջերմաստիճանի կտրուկ տատանումների  հետ,
  • հիդրոտեխնիկական օբյեկտերի շինարարության մեծ ծավալների հետ,
  • առավել արժեքավոր ձկնատեսակների անարգել և անսահմանափակ որսի հետ,
  • կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ:

Այս և մյուս խնդիրներին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ անդրադարձավ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը:

«Եթե կլիմայի փոփոխության արդյունքում ջերմաստիճանը բարձրանա և տեղումները նվազեն, ապա աղբյուրները գնալով չորանալու են: Եթե աղբյուրները չորացան, նշանակում է, որ մենք կորցնելու ենք Հայաստանի տարածքից սաղմոնազգի ձկներից առաջին հերթին կարմրախայտին, որը բազմանում է ձմռան սկզբին: Եթե ակունքները չորացան կամ սակավաջուր դարձան, ապա այդ ձկնատեսակը բազմանալու վայր չի ունենա, վերանալու է»,- ասաց Սամվել Պիպոյանը:

Անդրադառնալով ջրաբարների խնդրին` ձկնաբանը նշեց. «Ծածանազգի շատ ձկնատեսակներ բազմանում են գարնանը՝ գետի հոսանքով դեպի վեր միգրացիա կատարելով: Սակայն այսօր գոյություն ունեցող շուրջ 85 ջրամաբարների պատվարներն էական խոչընդոտ են հանդիսանում նրանց ճանապարհին, քանի որ այստեղ բացակայում են համապատասխան ձկնացարանները: Արդյունքում միգրացիա կատարող ձկները կուտակվում են պատվարների տակ և որսագողության զոհ դառնում` առանց սերունդ թողնելու: Մասնավորապես, նման դեպքեր պարբերաբար կրկնվում են Ախուրյանի ջրամաբարի պատվարի տակ, որտեղ գաղթող կողակները մեծ կուտակումներ են առաջացնում  և չեն կարողանում բարձրանալ վերև` բազմանալու համար: Ձուկն այդտեղից մեծ քանակներով որսում են և վաճառում շուկաներում: Այսինքն, մենք ունենք ձկնանցարանների խնդիրներ ոչ միայն փոքր ՀԷԿ-երի հետ կապված, այլև ջրամբարների: Ջրամբարների հետ կապված մյուս խնդիրը ջրի մակարդակի կտրուկ տատանումներն են: Ջրամբարներում ծածանազգիները մեծամասամբ բազմանում են առափնյա շրջանում` ձկնկիթը դնելով առափնյա բուսականության վրա: Երբ ջրամբարի ջուրը բաց են թողնում ոռոգման կամ այլ նպատակների համար, ջրի մակարդակն արագորեն իջնում է, որի արդյունքում ձկնկիթը կամ ձկների թրթուրները մնում են ջրից դուրս և ոչնչանում: Բացի այդ, ջրի մակարդակի կտրուկ փոփոխությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվում մանրաձկների կերային բազան, որի արդյունքում շատ մանրաձկներ չեն կարողանում  համապատասխան կեր գտնել և ոչնչանում են սննդի պակասից»:

Սամվել Պիպոյանը թվեց Հայաստանի այն տեղաբնակ ձկնատեսակները, որոնց քանակը նվազել է, կամ ընդհանրապես անհետացել. «Գեղարքունու, կարմրախայտի, ճանարի, մուրծիի, ծածանի, լոքոյի, ոսկեգույն ծականի և որոշ այլ տեղաբնակ ձկնատեսակների գլխաքանակը խիստ նվազել և շարունակում է մնալ անբարենպաստ վիճակում, ձմեռային իշխանը և բոջակը այլևս չեն հանդիպում Սևանա լճում և, ամենայն հավանականությամբ, բնաջնջված են: Ամառային իշխանը հանդիպում է եզակի դեպքերում և գտնվում է անհետացման վտանգի տակ, գիշատչորեն օգտագործված են Սևանի կողակի, բեղլուի, սիգի պաշարները»:

Չնայած սրան, ընդհանուր ձկնատեսակները ավելացել են դրսից բերված կամ գետերի հոսքով  Հայաստան ներթափանցած տեսակների հաշվին: Ըստ Սամվել Պիպոյանի` 1960-2014թթ. ընթացքում Հայաստանի ձկնատեսակները  24-ից հասել են մինչև 40 տեսակի: «Այսօր Հայաստանը  ձկնաբանական տեսանկյունից կարող է համարվել «լավագույն» աղտոտված երկրներից մեկն աշխարհում: Մենք մեր տեղաբնակ ձկնաշխարհն աստիճանաբար կորցնում ենք»,- ասաց ձկնաբանը:

Վերոգրյալ խնդիրների լուծման համար  Սամվել Պիպոյանն առաջարկեց.

  • ջրամբարների  մոտ կառուցել ձկնանցարաններ
  • վերանայել գետերի ջրի էկոլոգիական թողքի չափաբաժինների նորմատիվները ՀԷԿ-երի աշխատանքի ընթացքում, իսկ սակավաջուր ամիսներին ընդհանրապես կանգնեցնել ՀԷԿ-երի աշխատանքները ձկնառատ գետերի վրա,
  • ձկնանցուղիները համապատասխանեցնել ներկայացվող պահանջներին
  • վերանայել ՀԷԿ-երի և ջրամբարների աշխատանքը ձկնաբանական տեսանկյունից
  • կարմրախայտին ներառել ՀՀ Կենդանիների Կարմիր գրքում:
 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



16:31 Հունիս 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news