Կարմիրգրքյան տեսակների ապրելավայր Ուրցասարը տրավերտինի հանքերի զոհ (Լուսանկարներ)

Կարմիրգրքյան տեսակների ապրելավայր Ուրցասարը տրավերտինի հանքերի զոհ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ուրցասարում, որը մուֆլոնի ծննդավայրն է եւ ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի աճելավայր, տրավերտինի հանք են շահագործում: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց կենսաբանանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը:

«Նախկին նախագահը պոկեց Խոսրովի արգելոցի ամենակարեւոր կտորը`  Ուրցասարի լեռնաշղթան: Ամբողջ կյանքում ես պայքարել եմ Ուրցասարի լեռնաշղթայի համար, որ այն չսեփականաշնորհեն: Դա մուֆլոնի ծննդավայրն է եւ այնտեղ կա իրանական ֆլորայի շատ հետաքրքիր կտոր: Ես` ինքս, այնտեղ գիտության համար նոր 5 տեսակ եմ հանտնաբերել: Այժմ այնտեղ տրավերտինի հանք են շահագործում: Հանքերը բարձրացել են մինչեւ Ուրցասարի վերին հատվածը: Այնտեղ աճում է հազվադեպ հանդիպող տերեփուկը, որը կա միայն Մուշում, Բիթլիսում եւ Վանի մոտ: Եւ ես այն գտել եմ հենց այն վայրի ստորոտին, որտեղ տրավերտին են արդյունահանում: Այդ տրավերտինները կարելի է անընդհատ արդյունահանել եւ ոչնչացնել Ուրցասարը: Պետք է քայլեր ձեռնարկել` փրկելու Ուրցասարը»,- ասաց Էլեոնորա Գաբրիելյանը:

ՄուՖլոնը եւ տերեփուկը գրանցված են ՀՀ կենդանիների եւ բույսերի կարմիր գրքում: Եւ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է ընդերքի շահագործում այն տեղամասերում, որտեղ կան ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ կենդանիների միգրացիոն ուղիներ:

Որցասարի լեռնաշղթան  Խոսրովի արգելոցից օտարվել է 2006թ-ին, այնտեղ, ըստ  ինտերնետային գովազդների, գործել է «Safari International» որսորդական կազմակերպությունը:

Արդեն քանի տարի է, էկոլոգները պայքարում են Ուրցասարը Խոսրովի արգելոց վերադարձնելու համար, սակայն` ապարդյուն:

 
 
 

 

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

12:28 Հունիս 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news