Խնայենք էլեկտրաէներգիան, վճարենք քիչ մենաշնորհատերերին

Խնայենք էլեկտրաէներգիան, վճարենք քիչ մենաշնորհատերերին

ԷկոԼուր

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման ֆոնին հարկավոր է հոգալ խնայելու մասին: Եվրոպայի անհանգստությունը հասավ նաեւ մեզ տարբեր էներգախնայողության ծրագրերի տեսքով:  Ծրագրերից մեկը մեկնարկում է այժմ: Երեւանի 28 փողոցներում կանցկացվի էներգախնայող արտաքին լուսավորության ցանց` կկատարվեն հենասյուների փոխարինման, մալուխների ստորգետնյա անցկացման, էներգախնայող լամպերի օգտագործման, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ: Ծրագրի իրականացման համաձայնագիրը  կառավարության կողմից հավանության արժանացավ հունիսի 25-ին: Ֆինանսավորումը կտրամադրի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը` 4 միլիոն դոլլարի վարկի տեսքով, եւ «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը» 2 միլիոն դոլլարի դրամաշնորհի տեսքով:  

Էներգախնայողության մի ծրագիր էլ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկներում կիրականացնի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Ակնկալվում է, որ այս էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման դեպքում էներգետիկ ծախսերը կկրճատվեն տարեկան 40%-ով:  

Հիշեցնենք, որ Երևանում ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից  «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում 2015թ-ին իրականացվել է փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագիր: Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի կենտրոնը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին միացնող ճանապարհահատվածում` Իսակովի պողոտայում և Թաիրովի փողոցում, տեղադրվել են մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ` ապահովելով ճանապարհային մակերեսի գործող պահանջներին համապատասխանող լուսավորություն: Նոր համակարգը ապահովում է էլեկտրաէներգիայի շուրջ 63 տոկոս խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45,000 ԱՄՆ դոլար եւ թույլ կտա տարեկան 220 տոննայով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացվել են նաեւ Ավանում գտնվող բնակելի շենքերից մեկում: Արդյունքում շենքի ջերմային էներգիայի տեսակարար բնութագիրը բարելավվել է շուրջ 60 տոկոսով` 178  կՎտժ/մ2 տարի ցուցանիշը նվազել է մինչև 74 կՎտժ/մ2 տարի:

Լուսանկարը վերցված է www.nature.am կայքից:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

16:09 Հունիս 29, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news