Գեորգի Արզումանյան՝ հողերի կառավարման բնագավառում Հայաստանը չունի ռազմավարություն

Գեորգի Արզումանյան՝ հողերի կառավարման բնագավառում Հայաստանը չունի ռազմավարություն

ԷկոԼուր 

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացվում  հողային ռեսուրսի պահպանության նկատմամբ, ինչ մարտահրավերներ կան կլիմայի փոփոխության պայմաններում հողերի ռեսուրսների դեգրադացիայի և պարենային անվտանգության մասով: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագրային քաղաքականության հարցերով խորհրդական Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, «Հողերի կայուն կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

Ներկայացնում ենք ՄԱԶԾ Բնապահպանական ծրագրային քաղաքականության հարցերով խորհրդական Գեորգի Արզումանյանի ելույթը. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում ռեալ խնդիրը ռեսուրսի պակասն է: Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք երկու հստակ խնդիր, եկեք փորձենք տարանջատել ռեսուրսի պակասը և ռեսուրսի կառավարումը: Ցավը նրանում է, որ որոշ դեպքերում մեր կառավարության պրակտիկ գործողությունները հակասում են հռչակած բարի ցանկություններին: Օրինակ, ի՞նչ ջրի պակասի մասին ենք մենք խոսում: Ես հասկանում եմ, որ կան մի շարք տվյալներ և այլն, բայց եթե ոռոգման համակարգում մենք պաշտոնապես ունենք 70-80 տոկոսից բարձր կորուստ, ինչի՞ մասին ենք խոսում: Ես դա չեմ կարող հասկանալ: Իմ կարծիքով՝ մեր հիմնական խնդիրը մոտեցումն է  ռեսուրսի հանդեպ և դրա կառավարումը: Իհարկե, ողջունելի են նորարարական կամ ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումները, օրինակ, կաթիլային ոռոգումը. դրանից ցանկացած տնտեսություն միայն շահում է: Բայց մենք ունենք շատ ավելի  սկզբունքային խնդիրներ: Մի կողմից խոսելով ջրի սակավության, ոռոգման պակասի, ջրամբարների ոչ բավարար ծավալի մասին` մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպես են խայտառակ տենդենցով զարգանում փոքր ՀԷԿ-երը, որոնք շատ տեղերում մեր գյուղերի զարգացման վրա բացասաբար են ազդում:  Եթե դրանց ի լրումն հաշվենք նաև ջրի սակավության բնական գործոնը, ապա այսօր կան  գյուղական վայրեր, որոնք արդեն իսկ ամիսներով չունեն ջուր: Ակնհայտ է,  որ սա միայն ջրի պակասի արդյունքը չէ:

Այլ խնդիր հողի հետ կապված՝ սննդի անվտանգությունը, որի մասին շատ է խոսվում, ներկայացվում են տագնապալի գլոբալ վիճակագրական թվեր և այլն: Բայց կան նաև այլ թվեր: Եթե ուսումնասիրեք FAO-ի վերջին զեկույցը, ապա կարող ենք տեսնել, որ  Միացյալ Նահանգներում մեկ տարվա կտրվածքով  այնքան ուտելիք է թափվում, որքանը բավարար է Սուբ-Սահարյան Աֆրիկայի պետությունները կերակրելու համար: Այսինքն, պարենային անվտանգությունը մի կողմից շատ և շատ կապված է սպառողական վարքագծի և մոտեցման հետ:

Խոսելով հողերի խնդիրները մասին` նշվում են մի շարք հիմնախնդիրներ, բարելավման աշխատանքներ, որոնք կատարված են բազմաթիվ ծրագրերի շրջանակներում /որոգման ԾԻԳ, գյուղատնտեսության ԾԻԳ, և այլն/: Սակայն եթե հետադարձ հայացք կատարենք, կարող ենք տեսնել, որ հողերի խնդիրները, որ բարձրաձայնվում էին 20 տարի առաջ, գրեթե նույն են: Գրեթե բան չի փոխվել, բոլոր  խնդիրներն առկա են: Այո, որոշ քանակով ավելացել է ոռոգումը, ավելացել են օգտագործվող տարածքները, վարելահողերը: Կարծում եմ` այդ ավելանալը հիմնականում խոշոր տնտեսությունների, մոնոպոլիաների /որոնք մեծ քանակությամբ տարածքներ, հողակտորներ են վերցնում/ ձևավորման հետևանք է:

Աշխատելով բազմաթիվ համայքներում` չենք տեսնում ծավալուն փոփոխություն գյուղատնտեսության մեջ:  Անաստասը շատ լավ տվայլներ ներկայացրեց: Եթե  համայնքի բնակչին մոտենաս և հարցնես, թե ինչ է պետք, կասի` անասնագլխաքանակն ավելացրու: Չի պատկերացնում, որ գլխաքանակի ավելացումը և բերքատվությունը նույն բանը չէ:  Դու կարող ես ունենալ քանակով քիչ, բայց շատ արդյունավետ տնտեսություն: 

20 տարի է`  խոսում ենք հողերի ոլորտի հիմնախնդիրների մասին, սակայն մինչ օրս հողը միակ ոլորտն է, որը չունի ազգային ռազմավարություն: Մենք չգիտենք Հայաստանի Հանրապետությունում, թե հողը ինչ է՝ բնական ռեսուրս է, քաղաքաշինական ռեսուրս է, կադաստրային միավոր է, արտադրական ռեսուրս է, ինչ է հողը,  ինչ ենք ուզում մենք հողից և ինչ ենք ակնկալում: Պարբերական եղանակով տարիներ շարունակ անապատացման դեմ ուղղված ծրագրերում կարող ենք «գեղեցիկ» գրել՝ մշակել հողերի ռազմավարություն, բայց դա, հավանաբար, պետք չէ: Ի լրումն, հողը միակ ոլորտներից է, որի կառավարման լիզարությունները ստանձնել են, եթե չեմ սխալվում, մոտ 11 գերատեսչություն, և ոչ մի պարագայում շահերի բախումը թույլ չի տալիս այդ պրոբլեմներին միասնական լուծում տալ: Սա է խնդիրը:

Առաջարկում եմ և գրեթե 10 տարի ասում, որ երկիրը պետք է հասկանա՝  հողը ինչ է և առաջին հերթին մշակի ռազմավարական մոտեցում հողերի կառավարման բնագավառում: Կրկին ասեմ, որ դա միակ ոլորտն է, որը չունի միասնական պետական ռազմավարություն»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



13:34 Հուլիս 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news