Առաջարկություններ կառավարությանը` կլիմայի փոփոխության պայմաններում ինչպես պահպանել հողային ռեսուրսները և ապահովել պարենային անվտանգությունը

Առաջարկություններ կառավարությանը` կլիմայի փոփոխության պայմաններում ինչպես պահպանել հողային ռեսուրսները և ապահովել պարենային անվտանգությունը

ԷկոԼուր

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացնում  հողային ռեսուրսի պահպանության նկատմամբ, ինչ մարտահրավերներ կան կլիմայի փոփոխության պայմաններում հողերի ռեսուրսների դեգրադացիայի և պարենային անվտանգության մասով: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագերի քաղաքականության խորհրդատու Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, IFAD/GEF-ի «Հողերի Կայուն Կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

«Մեր այսօրվա քննարկման խնդիրն՝ հողօգտագործման փոփոխության հետևանքով  առաջացող արտանետումներն են,  երբ հողը, հումուս ավելի շատ պարունակող կամ ածխածին կլանող տիպի օգտագործումից, այսինքն խոտհարք, անտառ կամ այլն, տեղափոխվում է այլ կարգավիճակ ունեցող հողի: Հումուսի կորուստը, CO2-ի կորուստ է, որը հաշվարկվում է երկրի ջերմոցային գազերի հաշվեկշռում: Եվ եթե երկիրը վերցնում է որոշակի պարտավորություններ արտանետումների սահմանափակման, ապա դա վերաբերում է նաև  կլանիչների՝ հողի և անտառային ռեսուրսների զարգացնելու քաղաքականությանը… Ջերմոցային գազերի արտանետումների առումով մեր երկիրը պետք է որոշակի պարտավորություններ վերցնի նոր կլիմայական համաձայնագրով, որը պետք է ընդունվի  այս տարվա վերջին` Փարիզում կայանալիք  կոնվենցիայի կողմերի համաժողովում:… Հայաստանը մինչև այս տարվա հոկտեմբերի մեկը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը Համաձայնագրի ներքո: Դա կարևոր է միջազգային գործընթացներում երկրի շահերի ճիշտ ներկայացման համար, սակայն նաև պարտավորեցնող է, քանի որ դա նշանակում է նաև հաշվետվողականություն  ստացված աջակցության նպատակային օգտագործման համար»,- իր ելույթում մասնավորապես ասաց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

«Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանում սևահողերում հումուսի պարունակությունը միջին հաշվով անկում է ապրել 1 տոկոսի չափով: Այսօր մենք ունենք 718 հազար հեկտար սևահողեր, մշակովի և անմշակ  հողերը միասին և մշակովի սևահողերում ավելի արագ է նշված անկում տեղի ունենում: Միջին հաշվով 25 սմ շերտում մենք ունենք գրեթե 150 միլիոն տոննա հումուսի պաշար, որի համարյա 40 միլիոնը տոննան մենք արդեն կորցրել ենք»,- իր խոսքում մասնավորապես ասաց Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը:

«Մենք հատուկ մասնագիտական խմբերի միջոցով մի քանի տարվա ընթացքում կարողացանք ուսումնասիրել և բացահայտել հողերի չօգտագործման պատճառները, որոնք հիմք հանդիսացան ոլորտում իրականացվող պետական ծրագրերի ուղղվածության համար:  Սեփականաշնորհումից հետո մեր երկրում բավականին բացասական երևույթներ արձանագրվեցին` կապված հողատարածքների մասնատվելու հետ, որը բերեց հողերի օգտագործման արդյունավետության նվազմանը: Բավականին երկար ժամանակահատված ամբողջ կոլեկտրադրենաժային ցանցը պատշաճ ձևով չէր շահագործվում, և դրա հետևանքով մի շարք տարածքներում գրանցվեցին նաև հողերի երկրորդային աղակալման և գերխոնավացման երևույթներ: Հողերի սխալ բաժանման արդյունքում հատկապես լեռնային ռելյեֆի պայմաններում մի շարք տեղերում նկատվեցին էռոզիոն երևույթներ, որոնք դարձյալ հանգեցնում են հողերի դեգրադացման: Բացի դրանից վարելահողերի զգալի մասը  դուրս է մնացել գյուղատնտեսական շրջանառությունից, միայն 2005-2008 թթ. չօգտագործվող հողատարածքները ավելացել են ևս 50 հազար հեկտարով»,- գյուղատնտեսական նշանակության հողերի խնդիրները ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«2014թ. հողային հաշվեկշռի և 2007 թ. հաշվեկշռի միջեւ համեմատությունը բացահայտում է , որ ընդլայնվել են ոռոգվող տարածքները մոտ 500 հեկտարով: Ընդլայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները, ի հաշիվ հիմնականում գյուղատնտեսական հողերի, 104  հազար հեկտարով: Բնակավայրերի հողերը 7 տարվա ընթացքում ընդամենը 800 հա-ով են մեծացել:  Սակայն  2013-2014թթ. ընդերքօգտագործման հողատարածքներն ընդլայնվել են 1460 հեկտարով գյուղատնտեսական հողերի հաշվին, և դա մտահոգիչ է»,- իր ելույթում մասնավորապես ասաց ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը:

«Հիմա երբ մենք պարենային անվտանգության առումով քննարկում ենք գյուղատնտեսական հողերի վիճակը, մշակության պրակտիկան, ռեսուրսները և այլն, ապա այստեղ պետք է սպասել վիճակի  վատթարացում, որովհետև ավելի շատ պետք է շահագործենք հողերը, ավելի շատ պարարտացնենք, ավելի շատ արածեցնենք, ինչը վերջնարդյունքում նպաստելու է հողի որակային հատկանիշների վատթարացմանը կամ, որ ավելի վատ է, պայմաններ է ստեղծելու հողերի դեգրադացման համար և մեծացնելու է արտանետումների ու կլիմայի փոփոխության վրա ազդող գործոնների ռիսկը»,- իր ելույթում մասնավորապես ասաց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը:

«20 տարի է`  խոսում ենք հողերի ոլորտի հիմնախնդիրների մասին, սակայն մինչ օրս հողը միակ ոլորտն է, որը չունի ազգային ռազմավարություն: … Հողը միակ ոլորտներից է, որի կառավարման լիազորությունները բաշխված են, եթե չեմ սխալվում, մոտ 11 գերատեսչությունների միջև, և ոչ մի պարագայում շահերի բախումը թույլ չի տալիս այդ պրոբլեմներին միասնական լուծում տալ: Սա է խնդիրը»,- իր ելույթում մասնավորապես նշեց ՄԱԶԾ Բնապահպանական ծրագրային քաղաքականության հարցերով խորհրդական Գեորգի Արզումանյանը:

«Դժվար չէ նկատել, որ ՀՀ հողային օրենսգիրքն ու այլ օրենսդրական ակտեր չեն պարունակում դրույթներ հողաշերտի պահպանության վերաբերյալ: Այսինքն, հողաշերտը չի դիտարկվում որպես պահպանության ենթակա բնական էկոհամակարգ: ՀՀ շրջակա միջավայրի պահպանության երկրորդ ազգային ծրագրով նախատեսված էր հողերի (հողաշերտի) պահպանության հայեցակարգի մշակում, որը պետք է կատարվեր 2012 թ., սակայն մինչ օրս այն չի մշակվել:  Կարիք կա այդ գաղափարը ռեանիմացիա անել ու, վերջապես, անդրադառնալ այդ կարևոր խնդրին ու մշակել այդ հայեցակարգը»,- իր ելույթում մասնավորապես ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

Քննարկման արդյունքում ելույթներում կառավարությանն արվեցին հետևյալ առաջարկությունները.

  • Մշակել հողերի կառավարման միասնական պետական ռազմավարություն (Գեորգի Արզումանյան)
  • Մշակել հողերի պահպանության հայեցակարգ  (Արամ Գաբրիելյան)
  • Իրականացնել հողում ու անտառում օրգանական ածխածնի կանոնավոր մոնիտորինգ (Արամ Գաբրիելյան)
  • Կոոպերացիայի մասին օրենք (Հունան Ղազարյան)
  • Ընդունել հողերի բերրիության պահպանման մասին օրենք (Հունան Ղազարյան)
  • Փակ եղանակով արվող հանքարդյունաբերությունը խթանել` խստացնելով բաց եղանակով արվող հանաքարդյունաբերության վնասի փոխհատուցման պայմանները՝ պատճառած վնասի չափի լիարժեք փոխհատուցում, կոմպենսացնել հողաշերտի կորուստը ռեկուլտիվացիոն աշխատանքներով (Դիանա Հարությունյան)
  • Գույքագրել չշահագործվող հանքերը և պոչամբարները ու մշակել ռեկուլտիվացիայի ծրագիր (Դիանա Հարությունյան)
  • Աջակցել Հայաստանում  հանքանյութի վերամշակման արտադրությունների կազմակերպմանը՝ նախապատվություն տալ մինչև ավելի բարձրարժեք արտահանման արդյունք ստեղծող տնտեսվարման եղանակներին  (Դիանա Հարությունյան)
  • Վերամշակել պոչամբարների պարունակությունը, կորզել բոլոր անհրաժեշտ նյութերը, մնացածն օգտագործել պոլիէթելենային թաղանթ, շինարարական պեմզաբլոկ ստանալու համար (Հունան Ղազարյան)
  • Փակել փոքր հանքերը, որոնք ավելի շատ աղտոտում են շրջակա միջավայրը, քան օգուտ են տալիս (Աշոտ Վարդևանյան)
  • Հայաստանում կազմակերպել կաթիլային ոռոգման և հակակարկտային  համակարգերի արտադրություն (Գառնիկ Պետրոսյան)
  • Մշակել տնտեսական աջակցության մեխանիզմներ այն ֆերմերների համար, որոնք ներդնում են կաթիլային ոռոգում (Դիանա Հարությունյան)
  • Հարկային կամ մաքսային արտոնություններ տալ կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներ ներկրողներին (Դիանա Հարությունյան)
  • Փոխել ջրի սակագնավորման կամ հարկման դաշտը, որպեսզի նորմատիվից ավելի ջրի օգտագործման դեպքում այլ սակագին կիրառվի, որը կխթանի ջրախնայողությունը (Դիանա Հարությունյան)
  • Գյուղացուն տրամադրել  օպտիմալ չափերի հողատարածքներ, որոնց վրա գյուղացին կկարողանա արդյունավետ տնտեսվարել (Գառնիկ Պետրոսյան)
  • Դասընթացներ կազմակերպել ֆերմերների համար` ցույց տալով չոր կլիմայական և անջուր պայմաններում հողագործության հնարավորությունները, չորադիմացկուն բույսերի շուկաները  (Նունե Սարուխանյան և Գառնիկ Պետրոսյան):
 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

15:35 Հուլիս 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news