«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյան` Հայաստանում նվազել են անտառային հրդեհները

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյան` Հայաստանում նվազել են անտառային հրդեհները

ԷկոԼուր

Հայաստանում 2010-2014թթ. ընթացքում 15 անգամ նվազել են անտառային հրդեհները: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում եւ ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը:

Կլոր սեղանին մասնակցում էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի տնօրեն, ՄԱԶԾ-ի «Հողերի եւ անտառների կայուն կառավարում հյուսիս-արեւելյան Հայաստանի անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի  Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

«Կլիմայի փոփոխության պայմաններում ենթադրվում էր, որ անտառային հրդեհների քանակը ավելանալու է, բայց 2010-14 թթ. տենդենցն այլ բան է վկայում: Օրինակ` 2010 թվականին հրդեհվել է 800 հեկտար անտառային հողատարածք, որից 775 հեկտարը` անտառածածկ, 2014 թվականին հրդեհվել է 54 հեկտար, որից 28 հեկտարն է անտառածածկ»,- ասաց Արամ Գյլուխասյանը: Նա ընդգծեց, որ հրդեհների քանակի նվազմանը նպաստել են ազգաբնակչության հետ տարվող բացատրական և հանրային իրազեկման աշխատանքները, ՀՀ գյուղատնտեսության նախարարի անմիջական հսկողությամբ ՀՀ մարզերում պարբերաբար իրականացվող անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման և դրանց հետևանքների վերացմանն ու կազմակերպմանն ուղղված միջոցառումներն ու ուսումնավարժանքները:

 «2014 թվականի վերջին «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ-ում GIZ-ի կողմից ներդրվել է ծրագիր, որը թույլ է տալիս արբանյակային պատկերների շնորհիվ իրականացնել անտառային հրդեհների մոնիտորինգ: Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնելու իրազեկման աշխատանքներ այն համայնքներում, որտեղ ավելի շատ են արձանագրվում արոտավայրերի հրկիզումներ, որոնք ավելի մոտ են անտառի սահմանին»,- ասաց Արամ Գյուլխասյանը:

Նա հատուկ ուշադրություն հրավիրեց անտառների հիվանդության վրա: Նշեց, որ 2013 թվականից սկսած` արբանյակային պատկերներում տեսնում ենք, որ անտառների փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն ապօրինի անտառահատումներով, անտառային հրդեհներից առաջացած փոփոխություններով, քամատապալ և ձյունակոտոր տարածքներով, այլ նաև  անտառային հիվանդություններով:

Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը անտառների վրա մեղմելու համար, Արամ Գյուլխասյանի կարծիքով, անհրաժեշտ է ավելացնել անտառվերականգման աշխատանքները, կատարել անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

20:17 Հուլիս 24, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news