Քաղաքացիները կկարողանան արեւից էլեկտրաէներգիա ստանալ եւ վաճառել ՀԷՑ-ին

Քաղաքացիները կկարողանան արեւից էլեկտրաէներգիա ստանալ եւ վաճառել ՀԷՑ-ին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը խթանում է վերականգնվող էներգիայի ոլորտի, այդ թվում արեւային էներգիայի զարգացումը: Այդ նպատակով գործադիրը սեպտեմբերի 10-ին հավանություն տվեց ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին: Ազգային ժողովի կողմից փաթեթի ընդունման դեպքում կանխատեսվում է, որ  միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ  արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման և(կամ) արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը:

Օրենքների փոփոխությունները նախատեսում են, որ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կկարողանա իր տան տանիքին տեղադրել արևային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա և վաճառել էլեկտրական ցանցերին:

«Արմենպրես»-ի համաձայն`  լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է, որ վերոնշյալ գործընթացն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ մինչև 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից:

Հարությունյանի խոսքով՝ որոշումներով կառավարությունը զարկ է տալիս արևային էներգետիկայի զարգացմանը: Ըստ փոխնախարարի՝ արդեն կան բազմաթիվ դեպքեր, տեղադրված են արևային պանելներ, բայց մինչ օրս հնարավորություն չի եղել ավելորդ էներգիան վաճառելու: «Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս, որ սեփական կարիքների համար տեղադրեն արևային պանելներ, ստանան արևային էներգիա, առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումը և երկարացնում հետգնումը, վնասում է տնտեսական շահավետությանը»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառի ավելի շատ էլեկտրաէներգիա, քան տվել է էլեկտրական ցանցին, ապա նշանակում է, որ պետք է համապատասխան չափով վճարի ներկայում հաստատված սակագնով, իսկ եթե պակաս էներգիա սպառի, կվճարվի տված էլեկտրաէներգիայի դիմաց:

Հիշեցնենք, որ գործադիրն արդեն իսկ սահմանել է սակագին արեւային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի համար: Սույն թվականի հուլիսի 16-ին գործադիրը որոշում ընդունեց, որով առաջարկեց ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմինե» ՍՊԸ-ին` ընկերության նախագծած` մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական  էներգիա  արտադրելու համար: Կառավարության որոշմամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը: Ըստ ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի  նոյեմբերի 30 N 598 Ն որոշման` հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 31,343 դրամ/կՎտժ է առանց ավելացված արժեքի հարկի:

12:07 Սեպտեմբեր 11, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news