Արամ Գաբրիելյան. «Կլիմայի փոփոխության մեղմման գործընթացները պետք է նպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»

Արամ Գաբրիելյան. «Կլիմայի փոփոխության մեղմման գործընթացները պետք է նպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»

ԷկոԼուր

«Կլիմայի փոփոխության մեղմման գործընթացները չպետք է հանգեցնեն սոցիալ-տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, և դրանց հիմքում պետք է ընկած լինի էկոհամակարգային մոտեցումը», - հայտարարեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը «Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը և իրականացման հեռանկարները» թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովը, որի ժամանակ աշխարհի առաջնորդները եկան համաձայնության միասնական ջանքերով մասնակցել կլիմայի փոփոխության զսպման գործընթացին: Հայաստանը, որպես Կլիմայի փոփոխության կոնվենցիայի առաջին հավելվածում չընդգրկված ու զարգացող երկիր, նույնպես ստանձնեց որոշակի պարտավորություններ: «էկոհամակարգային մոտեցման տեսակետից Հայաստանի Հանրապետությունը ձգտում է 2050 թվականին հասնել ջերմոցային գազերի չեզոք արտանետումների, որը մեր հաշվարկներով կազմում է 2.07 տոննա: Մյուս դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը 2015-ից մինչև 2050 թվականը գումարային արտանետումների իր քվոտան՝ 633 միլիոն տոննա, չգերազանցելու դեպքում կրճատումների ավելցուկը կարող է իրացնել ածխածնային շուկայում կամ փոխանցել 2050-ից 2100 թվականների նախատեսվելիք արտանետումների սահմանափակման հաշվին», - հայտնեց Արամ Գաբրիելյանը:

Նա թվեց այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվեն ջերմոցային գազերի կրճատման քաղաքականություն և գործողություններ: «էներգետիկա, քաղաքաշինություն, տրանսպորտ, արդյունաբերական գործընթացներ, շինանյութերի և քիմիական արտադրություն, թափոնների կառավարում, կոշտ կենցաղային թափոններ, կեղտաջրեր, գյուղատնտեսական թափոններ և կարևոր մի կետ՝ հողօգտագործում և անտառային տնտեսություն, անտառտնկում, անտառվերականգնում, հողում օրգանական ածխածնի կուտակում», - ասաց Արամ Գաբրիելյանը: Առանձնացնելով տրանսպորտի ոլորտը՝ նա շեշտեց, որ այստեղ արտանետումները կազմում են ընդհանուր արտանետումների 35 տոկոսը, ինչը մեծ թիվ է, և այս ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն առանձին դժվար հաղթահարելի խնդիր է:

17:46 Մարտ 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news