Արդյոք Հայաստանը կարո՞ղ է բավարարել ջրի աճող պահանջարկը

Արդյոք Հայաստանը կարո՞ղ է բավարարել ջրի աճող պահանջարկը

ԷկոԼուր

2015թ-ի համեմատ 2021 թվականին Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում (ՋԿՏ) ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակի պահանջը կավելանա 58.2 միլիոն մ3-ով: Եթե 2015թ-ին այս նպատակով ծախսվել է 290,5 միլիոն խմ ջուր, ապա կանխատեսվում է, որ  2021 թվականին  ոռոգման նպատակով ջրառը կկազմի 348,7 միլիոն մ3: Այս մասին նշված է  Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանում, որը սույն թվականի մարտի 31-ին հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:

Արարատյան ջրավազանային կառավարման տարածքը ներառում է Ազատ, Վեդի, Արփա գետերը, այդ թվում` Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի ջրամբարը, Արփա գետի ջրհավաք ավազանը մինչև Կեչուտի ջրամբարը` իրենց ջրհավաքներով՝ զբաղեց­նելով մոտ 3896 կմ2 մակերես:

Պլանում ներկայացված են սցենարներ, թե ջրի  ինչ պահանջարկ կլինի արդյունաբերության, ձկնաբուծության, հիդրոէներգետիկայի  եւ այլ ոլորտներում: Ըստ այդմ՝

  • 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում արդյունաբերության նպատակով ջրառը կազմել է 3,4 միլիոն մ3: Ըստ Պլանի ելակետային սցենարի, 2021 թվականին արդյունաբերական նպատակով ջրառը կաճի մոտ 62%-ով և կկազմի 5,5 միլիոն մ3:
  • Մինչև 2021թ. Արարատյան  ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում կնվազի մոտ 2,3%-ով կամ 29,2 միլիոն մ3-ով, մինչև 2040 թվականը՝ 8,4%-ով կամ 108,6 միլիոն մ3-ով: Ջրի հեռանկարային պահանջարկի աճը առաջարկվում է լուծել ջրավազանում նոր ջրամբարներ կառուցելու միջոցով:  Նախատեսված է կառուցել 2 ջրամբար մոտ 23.1միլիոն մ3 ընդհանուր ծավալով:
  • 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառը կաճի մոտ 10%-ով և կկազմի 41 միլիոն մ3:
    • Ձկնաբուծության զարգացման համար կանխատեսվում է. որ մինչև 2021 թվականը Արփայի գետավազանում ջրօգտագործումը կաճի մոտ 3 անգամ՝ 11,62 միլիոն խմ-ից հասնելով 34,86 միլիոն մ3, Ազատի և Վեդիի գետավազաններում կնվազի մինչև 25%` 16,62 միլիոն մ3-ից հասնելով 12,47 մլն. մ3: Ազատի և Վեդիի գետավազաններում ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման նվազումը կապված է Արարատյան դաշտի, ինչպես ստորերկրյա ջրերի մակարդակների նվազման հետ, այնպես էլ ջուր խնայող նոր տեխնոլոգիաների ներդրման պլանավորմամբ:
    • 2015 թվականի հունվարի դրությամբ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը կազմել է 79 միլիոն. մ3, Արփայի գետավազանում՝ 620 մլն. մ3:  …Պլանի համաձայն՝ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը մինչև  2021թ. չի փոփոխվելու: Ըստ Արփայի գետավազանի համար ընդունված սցենարի, հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը մինչև 2017 թվականին կնվազի՝ հասնելով 536 միլիոն մ3-ի, այնուհետև կմնա անփոփոխ: 2017 թվականի հիդրոէներգետիկայի ջրապահանջարկի պակասեցումը կապված է «Արփա-Սևան թունելի» շահագործման հետ, որի դեպքում կդադարեցվի Կեչուտի ջրամբարից «Կեչուտի» ՓՀԷԿ-ին ջրի մատակարարումը: Բացի այդ   ջրապահանջարկի նվազումը պայմանավորված է լինելու հիդրոէներգետիկայի ոլորտում ջրախնայող համակարգերի ներդրմամբ:  

 

Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարման համար իրականացվելու են հետեւյալ  առաջնահերթ միջոցառումները՝ 

  • ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ և ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: 
  • Ջրօգտագործման թույլտվությունների պայմանների իրականացման հսկողության և վերահսկողության մեխանիզմների հզորացում, ներառյալ՝ ջրասակավ սեզոններին ջրօգտագործողների միջև ջրի բաշխման մեխանիզմների սահմանում և ջրօգտագործման օպտիմալացում
  • «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն «Ջերմուկի հիդրոլոգիական արգելավայր» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի ապահովում 
  • Ինքնամոնիտորինգի իրականացման մեխանիզմների մշակում, ընդունում և կիրարկում՝ ջրօգտագործողների հաշվետվողականության բարելավման և ջրօգտագործման, ջրահեռացման և ջրային ռեսուրսների աղտոտման փաստացի տվյալների համալրման նպատակով
  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության ներառում համայնքային և մարզային զարգացման ծրագրերում և պլաններում
  • Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգի մշակում և ընդունում
  • ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիների՝ հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ, սահմանում 
  • Հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական և վարչական խթանիչների մշակում և ներդրում
  • Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և վերջինիս կիրարկման մեխանիզմների մշակում 
  • Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանում:

18:28 Ապրիլ 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news