Օրինականացնելով անօրինականը. բիզնեսը մտադիր է մտնել Հայաստանի անտառներ

Օրինականացնելով անօրինականը. բիզնեսը մտադիր է մտնել Հայաստանի անտառներ

ԷկոԼուր

Սկսած 2009 թվականից անտառվերականգնման աշխատանքների ծավալը կրճատվել է 6 անգամ՝ 2015 թվականին հասնելով գրեթե զրոյական մակարդակի: 2016 թվականին անտառտնկումների համար կառավարությունը ոչ մի դրամ չի հատկացրել: Իսկ վերջերս կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որի համաձայն պետական անտառային տարածքներում թույլատրվում է իրականացնել կառուցապատում:  

Վերոնշյալ օրինագիծը քննարկվեց սույն թվականի ապրիլի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Անտառի կայուն կառավարումը որպես կլիմայի քաղաքականության անբաժանելի մաս» խորագրով կլոր սեղանի ժամանակ: Քննարկմանը ներկա էին  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի փորձագետ Սոնյա Հովսեփյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային  կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, Հայաստանում ENPI FLEG  ծրագրի հաղորդակցության եւ իրականացման խորհրդատու Սիրարփի Հայկազյանը, Հայաստանում ENPI-FLEG ծրագրի համակարգող Լյուբա Բալյանը, «Հանուն մարդկային կայուն 

զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառային բաժնի անտառագետ Վահե Մարտիրոսյանը, «Մայրի» հասարակական նախաձեռնության անդամ Արմենուհի Պետրոսյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը:

Մասնակիցների մեծ մասի կողմից օրինագիծն արժանացավ խիստ քննադատության: «Այսօր, երբ ժողովուրդն ավելի կարևոր գործերով է զբաղված, որոշել են մի այսպիսի գրոհ կազմակերպել՝ անտառային օրենսդրության մեջ փոփոխություններ անել: Սա անընդունելի է և այս պարագայում նույնիսկ հանցավոր», - հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը և ընդգծեց, որ սա հիմնականում արվել է նրա համար, որպեսզի քողարկվի մի կարևոր հարց՝ շինարարության թույլտվությունն անտառներում:

«Ամենակարևոր հարցը՝ պետական անտառային ֆոնդի հողերի վրա թույլ տալ կառուցապատման իրավունք: Այսինքն, բիզնեսը և շուկան մտցնում են անտառ, որովհետև էլ տեղ չունեն այստեղ զարգանալու, բոլոր քաղաքներում ավիրել են այգիները, բոլոր բիզնեսներն արդեն ունեն, հիմա մնացել է մի հատ դատարկ տեղ՝ անտառը», - նշեց Նազելի Վարդանյանը: Ի պատասխան «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի փորձագետ Սոնյա Հովսեփյանն ասաց. «Հողային օրենսգքրի 48.1 դրույթը ասում է, որ դա կառուցումը չէ, դա հատուկ տեսակի իրավունք է, որը տրվում է մինչև 99 տարի վարձակալության հատուկ ձևերով: Նման տեսակ օգտագործում է  Ֆրանսիան, Անգլիան, մենք կարո՞ղ է դրանցից հետ ենք մնալու այդ ամեն ինչում»:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի կարծիքով՝ անտառային տարածքում շինարարության համար թույլտվության տրամադրման դեպքում կտրուկ կավելանա անտառհատումների ծավալը: «Այս  ամբողջ փոփոխություններն արված է միայն նրա համար, որպեսզի ամեն ինչի տակ կառուցապատումն անցկացվի, որպեսզի որոշ մարդկանց արդեն կառուցված օբյեկտներն օրինականացվեն և շարունակեն նոր կառուցապատումներն անտառապատ տարածքներում: Ինչ կլինի դրա արդյունքում, եկեք իմ հետ, տանեմ, ցույց տամ: Երբ որ մի տեղ մի փոքր բան են կառուցում 15 կամ 50 քառ/մետր տարածքում, դրա համար պետք է 3 կիլոմետր ճանապարհ բացեն այդ անտառով, որպեսզի հասնեն այդ կետին: Հետո այդ ճանապարհի կողքի բոլոր ծառերը հատվում են մի երկու տարվա ընթացքում: Դա է իրավիճակը», - ասաց Լևոն Գալստյանը և նշեց, որ Ազգային ժողովը պետք է հետ ուղարկի տվյալ օրինագիծը և, ընդհանրապես, այս հարցը չպետք է քննարկվի:

Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը վստահ է. «Մեկը ոտք դնի այդտեղ շինարարություն անելու, արդեն կգնա այդ գործընթացը»:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց. «Պետք է օրենսգրքում սահմանափակումները հստակ նշված լինեն, որ դեպքում ինչ պետք է լինի, քանի որ մեզ մոտ մտավախություն կա, որ մեկը կարող է մտնել անտառ ու իր վերահսկողության տակ վերցնի ամբողջ անտառը»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը հայտնեց, որ նախագիծը սկզբում ներկայացված էր փաթեթային տարբերակով՝ փոփոխություն Անտառային օրենսգրքում և զուգահեռ կառավարության 806 որոշման մեջ: «Այնտեղ տրված Անտառային օրենսգրքի փոփոխությունների մեջ ավելացվում էր կառուցապատումը, իսկ 806 որոշման մեջ՝ օգտագործում և կառուցապատում: Բայց ի՞նչ ձև կառուցապատում: Այնտեղ արդեն մենք կկանգնեինք նույն այն խնդիրների առաջ, ինչն այսօր բոլորս բարձրաձայնում և հասկանում ենք: Դրա համար մեր կողմից եղավ առաջարկություն, որ մենք դեմ ենք դրան: Միանշանակ 806 որոշումը պետք է դուրս գա»: Սրան ի պատասխան Նազելի Վարդանյանն ասաց, որ եթե անտառային հողերի վրա օրենքով թույլ տվեցին իրականացնել կառուցապատում, կառավարության որոշումը «ինչ ուզենա, կլինի»: Դրա համար դա պետք է հստակ նշված լինի օրենքում:

Օրենսգրքի մեկ այլ փոփոխությամբ վերացվում է «անտառային տոմս» հասկացությունը: Որպես հիմնավորում նշվում է, որ անտառօգտագործման թույլտվությունը լիարժեք չի ծառայում իր նպատակին, քանի որ սահմանված չեն հստակ մեխանիզմներ: Նազելի Վարդանյանը նշեց, որ անհրաժեշտ է սահմանել հստակ մեխանիզմ, այլ ոչ թե հանել անտառային տոմսը:

«Խնդիրը նա է, որ եթե գրված օրենք է և այն չի կիրառվում, ապա, միանշանակ, պետք է վերացվի: Վերացնելուց հետո թե ինչ դրան կփոխարինի, արդեն այլ խնդիր է», - արձագանքեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի փորձագետ Սոնյա Հովսեփյանը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասաց. «Մենք քննարկել ենք իրենց հետ անտառային տոմսի հետ կապված հարցը և ուղարկել ենք մեր կարծիքը, որ դա սխալ է: Անտառային տոմսի հետ կապված հաշվառումը կորում է: Դա լուրջ խնդիր է առաջացնելու»:

Իսկ որքանով են համապատասխանում այս փոփոխությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային  կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը նշեց. «Մեղմման բնագավառում անտառային մասով գրանցված է, որ որպես Հայաստանի Հանրապետության տարածքի օպտիմալ անտառապատվածության  ցուցանիշ  ընդունել ԿՓՇԿ Հայաստանի Հանրապետության առաջին ազգային հաղորդագրությամբ (1998թ.) ու ՀՀ կառավարության  21 հուլիսի 2005 թվականի «Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագիրը հաստատելու մասին» N1232-Ն որոշմամբ ամրագրված ցուցանիշը` 20,1%: Այդ ցուցանիշին հասնել  մինչև 2050թ., տարածելով միջոցառման ազդեցության ժամանակահատվածը մինչև 2100թ.»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



14:58 Ապրիլ 21, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news