Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը լիզինգի միջոցով ձեռք է բերել արևային ֆոտովոլտային կայան

Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը լիզինգի միջոցով ձեռք է բերել արևային ֆոտովոլտային կայան

ԷկոԼուր

Արևային էներգետիկայի զարգացման համար Հայաստանում ստեղծված են օրենսդրական և ֆինանսական պայմանները, և շուտով այս ոլորտը ունենալու է երկրաչափական աճ: Այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ՀՀ ԳԱԱ-ում մայիսի 18-ին տեղի ունեցած «Արևային ֆոտովոլտային էներգետիկայի զարգացման նոր միտումներ» քննարկման ժամանակ:

«Վերջերս օրենքի նախագիծ անցավ Ազգային ժողովում, որն ամբողջությամբ ազատեց հարկերից արևային էներգետիկայի շուկան: Հիմա ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող է տեղադրել իր այգում, իր տան տանիքին արևային ֆոտովոլտային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա, սպառել, ավելցուկը տալ էլեկտրական ցանցերին, երբ չի արտադրում, օգտագործում է, հետ վերցնել: Տարվա կտրվածքով փոխհաշվարկ է արվում, եթե ավել է վերցվում, ինքն է վճարում, եթե ավել է տվել ցանցին, ցանցն է վճարում: Այս ամբողջ գործընթացն ազատվել է հարկերից, ազատվել է լիցենզիաներից, և ոչ մի լրացուցիչ թղթաբանություն չի դրվելու ոչ ոքի վրա: Ներկա պահին սրանից ավելի խթանիչ քայլ մինչև 150 կՎտ հզորության կայանների համար դժվար է պատկերացնել», - ասաց Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարը նշեց, որ որպես հաջորդ քայլ ստեղծված են ճիշտ ֆինանսական վարկային պայմաններ: «Արդեն շուկայում ունենք համապատասխան վարկեր: Ես առաջինը՝ որպես ֆիզիկական անձ, դիմել եմ լիզինգի և մեկ ու կես ամսից արդեն իմ տան տանիքին ունենալու եմ 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և չեմ վճարելու ոչ մի լրացուցիչ սկզբնական գումար: Այն գումարը, որը ես պետք է վճարեի իմ էլեկտրաէներգիայի և ջեռուցման համար, ես այդ գումարը պարզապես տալու եմ վարկի մարում և 7-8 տարի հետո ունենալու եմ այդ համակարգն անվճար, որը կօգտագործեմ ևս մի 25 տարի»:

Հայկ Հարությունյանը շեշտեց, որ միակ խնդիրը՝ շուկայում մատակարարների ներգրավումն է, իսկ դա հնարավոր կլինի, եթե լինի պահանջարկ:

12:29 Մայիս 20, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news