Անտառային տարածքների կառուցապատման օրինագիծը Ազգային ժողովի հանձնաժողովի հավանությանը չարժանացավ

Անտառային տարածքների կառուցապատման օրինագիծը Ազգային ժողովի հանձնաժողովի հավանությանը չարժանացավ

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 3-ին  հավանություն չտվեց «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որը նախատեսում է անտառային տարածքների կառուցապատում: Օրինագիծը մշակվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, հունիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ: «Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի առաջարկությամբ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով»: Նիստի մանրամասները շարադրված են Facebook սոցիականա ցանցում: «Մարտուն Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը նույնպես հավանություն չի տալիս նախագծի որոշ դրույթներին, մասնավորապես անտառային հողերի կառուցապատման իրավունքով տրամադրմանը: Կառուցապատման իրավունքը ենթադրում է անտառահատում, մինչդեռ ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» (INDS) փաստաթղթով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մինչև 2050 թվականը երկրի օպտիմալ անտառապատվածությունը ներկայիս 11.2 %-ի փոխարեն հասցնել 20.1%-ի: Ուստի հանձնաժողովը մտահոգված է անտառվերականգնման, անտառաշինության գործընթացով: Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովը այս ընթացքում բազմաթիվ նամակներ է ստացել բնապահպանական ՀԿ-ներից, որոնցում գերիշխում է վիճահարույց նախագծից հրաժարվելու հորդորը:

Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ուներ բացասական դիրքորոշում և քվեարկության դեպքում կստանար բացասական եզրակացություն, սակայն այն կընդգրկվեր քառօրյա նիստերի օրակարգ: Մարտուն Գրիգորյանն առաջարկեց մինչև մեկ տարի ժամկետով նախագծի քննարկումը հետաձգել, վեր հանված խնդիրների օպտիմալ և փոխընդունելի լուծումներ գտնելու նկատառումով: Առաջարկությունն ընդունվեց և օրենքի նախագծի քննարկումն հետաձգվեց մինչև մեկ տարով»:

19:37 Հունիս 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news