Եթե մեր ապագան չլինի «կանաչ» և սոցիալապես արդար, կլինի մի նոր աղետ

Եթե մեր ապագան չլինի «կանաչ» և սոցիալապես արդար, կլինի մի նոր աղետ

ԷկոԼուր

Հարավային Կովկասի երկրներին պետք է նոր, ինովացիոն, «կանաչ» տնտեսություն, որը կարող է ապահովել մեր երկրների զարգացումը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը: Դրա զարգացման համար հարկավոր է քաղաքական կամք՝ բնական պաշարների գերօգտագործման և արդյունահանման խնդիրները լուծելու համար. Ադրբեջանում՝ նավթի, Հայաստանում՝ հանքարդյունաբերության, Վրաստանում՝ ջրային ռեսուրսների: Այս մասին հայտարարեց «Բենկվոչ» ՀԿ-ների ցանցի Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայի (CEE Bankwatch Network) տարածաշրջանային համակարգող, Թբիլիսիում գործող «Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության նախագահ Մանանա Կոչլադզեն Վրաստանում անցկացված «Կանաչ ակադեմիա-2016»-ի «Հարավային Կովկասում քաղաքականության և տնտեսության «կանաչեցում»» խորագրով կոնֆերանսի ժամանակ: Հանդիպումը կազմակերպել էր Հենրիխ Բյոլի հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը:   


Ձախից առաջինը՝ Մանանա Կոչլադզե

Ջրային ռեսուրսների խնդիրը Վրաստանի համար շատ շուտով կդառնա առաջնային, քանի որ նախատեսված է կառուցել 114 ՀԷԿ: «Դրանցից 7-ը շատ մեծ ՀԷԿ-եր են, - ասաց Մանանա Կոչլադզեն, - մեզ մոտ հիդրոէլեկտրակայանների աշխատանքն արդեն ունի մեծ ազդեցություն Սև ծովի վրա: Ծովը ծածկում է Բաթումի և Քոբուլեթի հանգստավայրերի տարածքները: ՀԷԿ-երի կառուցման արդյունքում գետն այլև չի կարող լեռներից բերել սեդիմենտներ: Ափ ձևավորելու համար Բաթումիի ափամերձ գոտի մեքենաներով տարեկան մոտ 100.000 տոննա սեդիմենտներ ենք բերում: Ծովն արդեն սպառնում է Բաթումիի օդանավակայանին»:

ՀԷԿ-երի շինարարության պատճառով մեծ վնաս է հասցվում նաև համայքներին: Նախատեսված մեծ ՀԷԿ-երի կառուցման տակ անցնելու են հսկայական տարածքներ, իսկ այդ տարածքներում բնակվող մարդկանց վերաբնակեցնելու են այլ վայրերում:  

«Քանի դեռ մենք ունենք այնպիսի իշխանություններ, որոնց քաղաքականությունն ուղղված է բնական պաշարների օգտագործմանը, ես չեմ հավատում, որ մեր երկրներում հնարավոր է կառուցել «կանաչ» տնտեսություն», - նշեց Մանանա Կոչլադզեն:

Լևան Լորդկիպանիդզե

Վրացական «Կանաչ բռունցք» ՀԿ-ի ակտիվիստ Լևան Լորդկիպանիդզե. «Մենք՝ էկո-սոցիալիստներս, վստահ ենք, որ վայրի կապիտալիզմի համակարգը ոչ միայն ոչնչացնում է սոցիալական հարաբերությունները և ստեղծում սոցիալական անարդարություն, այն մեր բնության գլխավոր թշնամին է: Վայրի կապիտալիզմի դեմ պետք է պայքարել ինչպես սոցիալական, այդպես էլ էկոլոգիական տեսանկյունից, այսինքն, միավորել այնպիսի հարցեր, ինչպիսին են սոցիալական անարդարությունը և բնապահպանական պատասխանատվությունը: Ես վստահ եմ, որ պետությունն ունի միջոցներ պաշտպանելու մարդկանց աղքատությունից, անհավասարությունից և անարդարությունից», - նշեց Լևան Լորդկիպանիդզեն:

Հարցին՝ ի՞նչ դեր կարող է այդ հարցում խաղալ քաղաքացիական հասարակությունը, և հնարավո՞ր է մեր տարածաշրջանում ստեղծել «կանաչ» տնտեսություն, վրացի ակտիվիստը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կանաչ և սոցիալական տնտեսությունը զարգացման, արդարության և հավասարության հասնելու միակ ճանապարհն է, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ ամենակարևոր լծակն այդ փոփոխությունների համար: Եթե մեր ապագան չլինի «կանաչ» և սոցիալապես արդար, կլինի մի նոր աղետ»: 

Լուսանկարները՝ Heinrich-Böll-Stiftung South Caucasus

17:59 Օգոստոս 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news