Բնական պաշարների սպառումը մեծացնում է լոկալ կոնֆլիկտների առաջացման ռիսկը, զգուշացնում են փորձագետները

Բնական պաշարների սպառումը մեծացնում է լոկալ կոնֆլիկտների առաջացման ռիսկը, զգուշացնում են փորձագետները

ԷկոԼուր

Վերջին 40 տարվա ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման համաշխարհային ծավալները երեք անգամ ավելացել են: Երկրի վրա արդյունահանվող նյութերի քանակը 22 միլիարդ տոննայից (1970 թ) հասել է 70 միլիարդ տոննայի (2010 թ): Եթե այս միտումը պահպանվի, ապա դարի կեսին աշխարհում տարեկան կօգտագործվի 180 միլիարդ տոննա նյութ: Հանածո վառելիքի, մետաղների և այլ նյութերի օգտագործման ծավալների կտրուկ աճը ի վերջո կբերի բնական պաշարների սպառմանը, ինչը մեծացնում է լոկալ կոնֆլիկտների առաջացման ռիսկը: Այս մասին զգուշացնում են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նոր զեկույցի հեղինակները: «Ապագայում եկամուտի ցածր մակարդակ ունեցող երկրները, ցանկանալով հասնել ավելի բարեկեցիկ երկրներին, կցանկանան մտնել օգտակար հանածոներով հարուստ տարածքներ: Իսկ դա կարող է դառնալ լոկալ կոնֆլիկտների ծագման պատճառ», - նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ հարուստ երկրները սպառում են միջինը 10 անգամ ավել տարբեր նյութեր՝ համեմատած աղքատ երկրների հետ: Օգտակար հանածոների արդյունահանման համաշխարհային ծավալների եռակի աճը պայմանավորվում է նոր տնտեսությունների արագ աճի հետ, ինչպիսին է, օրինակ, Չինաստանինը:  Չինաստանում ինդուստրալիզացիայի և ուրբանիզացիայի գործընթացները պահանջում են աննախադեպ քանակությամբ երկաթ, պողպատ, ցեմենտ, շինանյութ և էներգիայի սպառում:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ վերջին 25 տարվա ընթացքում աշխարհում չի դիտվել նյութերի օգտագործման արդյունավետության բարձրացում: Ավելին, համաշխարհային տնտեսության մեջ, մոտավորապես 2000 թվականից սկսած, դիտվել է շեղում ռացիոնալ արտադրությունից, բնորոշ Ճապոնիային, Հարավային Կորեային և Եվրոպային: Աշխարհում սկսել է գերակշռել տնտեսության այնպիսի մոդել, որը պահանջում է ռեսուրսների մեծ սպառում, ինչպես, օրինակ, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Սա հանգեցրել է շրջակա միջավայրի վրա ծանրաբեռնվածության ավելացմանը, կլիմայի փոփոխության գործընթացների արագացմանը և օդի աղտոտմանը:

Լուսանկարը՝ profitrevolution.ru

17:59 Օգոստոս 10, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news