Կլիմայի փոփոխության դեմ պայքարը անդրադառնում է օդային փոխադրամիջոցների վրա

Կլիմայի փոփոխության դեմ պայքարը անդրադառնում է օդային փոխադրամիջոցների վրա

ԷկոԼուր

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (International Civil Aviation Organization, ICAO) կոչ են արել ավիացիոն ինդուստրիային ձեռնարկել միջոցներ կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու համար, ինչպես նաև հասնելու ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, որոնք բերում են մոլորակի գլոբալ տաքացմանը: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի համաձայն՝ ICAO-ի փորձագետները զգուշացրել են, որ կլիմայի փոփոխությունը կդառնա վատ եղանակի պատճառ, կառաջացնի խնդիրներ օդանավի թռիչքի եւ վայրէջքի ժամանակ, ավազի փոթորիկներ, որոնք կխոչընդոտեն շարժիչների աշխատանքը, ծովի մակարդակի բարձրացման արդյունքում կհեղեղվեն օդանավակայանները: Միայն Նորվեգիայում երկրի 46 օդանավակայաններից 20-ը կարող են հայտնվել ջրի տակ: Նման սցենարի կանխարգելումը կախված է հենց ավիացիոն ինդուստրիայից: Գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացման հիմնական պատճառը մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների աճն է:

«Վերջին տարիներին ավիացիայի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումներն արագ տեմպերով աճում են: Մոտ տասնամյակներում ավիացիայի թռիչքների քանակը տարեկան հինգ տոկոսով կաճի: Սա պահանջում է ինովացիոն լուծումներ՝ ուղղված շրջակա միջավայրի վրա օդային տեղափոխումների բացասական ազդեցության նվազեցմանը:

ICAO-ում մշակել են մի շարք ստանդարտներ, սկզբունքներ և հրահանգներ օդային երթևեկության կառավարման բարելավման համար: Ներկայումս ներդրվում են արբանյակային տեխնոլոգիաներ աերոնավիգացիայի ոլորտում, որոնք թույլ կտան իրականացնել թռիչքներն առավել ուղիղ երթուղիով, ինչի արդյունքում կկրճատվի այրվող վառելիքի քանակը և կնվազի մթնոլորտի աղտոտումը:

Այս տարվա փետրվարին ICAO-ում առաջարկեցին նոր ստանդարտների պահանջներ, որոնք կսահմանափակեն ջերմոցային գազերի արտանետումները և կբարձրացնեն բոլոր կոմերցիոն և մասնավոր օդանավերի արդյունավետությունը: Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2020 թվականին նոր տեսակի օդանավերի համար: 2028 թվականից այն մոդելների արտադրությունը, որը չի համապատասխանի նոր ստանդարտներին, պետք է լիովին դադարեցվի», - նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

Գիտնականները հաշվարկել են, որ 2050 թվականին մոտ ավիացիոն ինդուստրիան կարող է օգտագործել «գլոբալ ածխածնային բյուջեի» 27 տոկոսը: Դա կօգնի զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում նախաարդյունաբերական շրջանի ջերմաստիճանի նկատմամբ:

14:07 Օգոստոս 19, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news