Մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը կլիմայի փոփոխության վերբերյալ

Մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը կլիմայի փոփոխության վերբերյալ

ԷկոԼուր

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացվում  հողային ռեսուրսի պահպանության նկատմամբ, ինչ մարտահրավերներ կան կլիմայի փոփոխության պայմաններում հողերի ռեսուրսների դեգրադացիայի և պարենային անվտանգության մասով: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագերի քաղաքականության խորհրդատու Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, «Հողերի Կայուն Կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

Ներկայացնում ենք ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի ելույթը. «Հողերի, գյուղատնտեսության, պարենային անվտանգության խնդիրը բավականին լայն է: Այսօր  կազմակերպված քննարկումը նպատակ ունի խնդիրները դիտարկել կլիմայի փոփոխության նոր մարտահրավերների ներքո: Ջերմոցային գազերի արտանետումների առումով մեր երկիրը պետք է որոշակի պարտավորություններ վերցնի նոր Համաձայնագրով, որը պետք է ընդունվի  այս տարվա վերջին` Փարիզում կայանալիք  կոնվենցիայի կողմերի համաժողովում: Այդ նոր Համաձայնագրին բարձր կարևորություն է տրվում, քանի որ բոլոր երկրները պետք է ինչ-որ չափով վերցնեն պարտավորություններ` նվազեցնելու/սահմանափակելու արտանետումները, դրանով ներդրումներ անելով գլոբալ տաքացման  դեմ պայքարում: Հայաստանը պետք է մշակի այդ ներդրումների/պարտավորություններ փաստաթուղթը, և մինչև հոկտեմբեր դա պետք է ներկայացվի Կողմերի քարտուղարությանը որպես Հայաստանի դիրքորոշում: Մոտ 40 երկիր արդեն ներկայացրել է  իր դիրքորոշումը, որից 27-ը Եվրամիության երկրներն են: Այդ դիրքորոշման մեջ Հայաստանը, որպես զարգացող երկիր, ինչպես և այլ զարգացող երկրները, նախատեսում է ներառել տարբեր ոլորտների խոցելիությունը:

Ո՞ր ոլորտներն են Հայաստանում խոցելի, ի՞նչ խնդիրներ Հայաստանը ինքնուրույն կարող է լուծել և պետք է լուծի, ի՞նչ քաղաքականությամբ և միջոցներով, ի՞նչ միջոցներ պետք է հայցել միջազգային համայնքից այդ խնդիրների լուծման համար և ի՞նչ ուղղություններով: Մեր այսօրվա քննարկման խնդրին են վերաբերում հողօգտագործման փոփոխության հետևանքով  առաջացող արտանետումները,  երբ հողը, հումուս ավելի շատ պարունակող կամ ածխածին կլանող տիպի օգտագործումից, այսինքն խոտհարք, անտառ կամ այլն, տեղափոխվում է այլ կարգավիճակ ունեցող հողի: Հումուսի կորուստը, CO2-ի կորուստ է, որը նույնպես հաշվարկվում է երկրի ջերմոցային գազերի հաշվեկշռում: Եվ եթե երկիրը վերցնում է որոշակի պարտավորություններ արտանետումների սահմանափակման, ապա դա վերաբերում է նաև  կլանիչների՝ հողի և անտառային ռեսուրսների զարգացնելու քաղաքականությանը: Երկրորդ խնդիրը, որը մենք այսօր ունենք կլիմայի փոփոխության ներքո պարենային անվտանգության խնդիրն է, որը նաև ձևակերպվում է որպես կլիմայական ռիսկ և կորուստ: Կան անխուսափելի կորուստներ, բայց կան նաև ուղիներ` մեղմելու  այդ կորուստները: Այդ բացասական հետևանքները մեղմելու համար միջազգային նպատակային աջակցություն ստանալու համար կարևոր է հստակեցնել, որ  դա հետևանք չէ վատ կառավարման, այլ հետևանք է արտաքին գործոնների: Ազգային ռազմավարությունների մեջ ճիշտ ձևակերպված հարցապնդումները և դրանց իրականացման համար երկրի ջանքերը կարևոր են նաև համապատասխան առաջնահերթությունների ձևակերպման համար: Գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերները կլիմայի փոփոխության ներքո միայն մեկ նախարարության խնդիրները չեն:  Պետք են ֆինանսական գործիքներ, տնտեսական ճիշտ խթանիչ մեխանիզմներ, օրինակ, ինչպես գյուղատնտեսության ապահովագրության հարցը: Դրա կարևորությունը ամրագրված է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության մեջ, բայց լուծման լծակները հիմնականում Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության դաշտում են:

Երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախարարի մոտ էին եկել Եվրամիության անդամ երկրների 10 դեսպանատների ներկայացուցիչներ`քննարկելու Հայաստանի Հանրապետության կողմից կլիմայի փոփոխության նոր համաձայնագրին միանալու խնդիրները: Դա արվել էր  ցույց տալու, որ Եվրամիությունը բավականին լուրջ է  վերաբերվում նոր Համաձայնագրի մշակման և ընդունման գործընթացին:  Հայաստանը մինչև այս տարվա հոկտեմբերի մեկը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը Համաձայնագրի ներքո: Դա կարևոր է միջազգային գործընթացներում երկրի շահերի ճիշտ ներկայացման համար, սակայն նաև պարտավորեցնող է, քանի որ դա նշանակում է նաև հաշվետվողականություն  ստացված աջակցության նպատակային օգտագործման համար»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

15:26 Հուլիս 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news