ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող` Հայաստանում 104 հազար հեկտարով ավելացել են բնության հատուկ պահպանվող տարածքները

ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող` Հայաստանում 104 հազար հեկտարով ավելացել են բնության հատուկ պահպանվող տարածքները

ԷկոԼուր

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացնում  հողային ռեսուրսի նկատմամբ, արդյոք մենք կլիմայի փոփոխության պայմաններում կունենանք պարենի անվտանգության խնդիր և ինչ է պետք անել` դիմակայելու կլիմայի փոփոխությանը: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագերի քաղաքականության խորհրդատու Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, «Հողերի Կայուն Կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

Ներկայացնում ենք ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանի ելույթը. «ՄԱԿ-ը հայտարարել է հունիսի 17-ը Անապատացման դեմ պայքարի միջազգային օր: Այս տարվա կարգախոսն է՝ «Անվճար սնունդ չի լինում: Ներդրում արեք հողի առողջության մեջ»: 2002-2014թթ. մոտ 805 միլիոն մարդու համար սնունդը չի բավարարել, ութ մարդուց մեկը սովի է մատնված եղել: Մեր սնունդի կալորիաների  99.7 տոկոսը գալիս է հողից: Առանց հողի մարդկությունն ապագա չի կարող ունենալ: Հաշվարկված է, որ 2050 թվականին մարդկության թիվը հասնելու է մինչև 9.6 միլիարդի: Ներկայումս նախկինում գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողերի ամբողջ աշխարհում մեկ երրորդը չի օգտագործվում: Դա բավականին մեծ թիվ է: Վերջին մի քանի սերունդները օգտագործել են արոտավայրերի 75 տոկոսը, բարեխառն գոտու անտառների 45 տոկոսը, սավանաների 80 տոկոսը:  Սրանք բավականին մեծ թվեր են, և ոչ մի մոլորակ երևի այս ծանրությանը, այս տեմպերին չի դիմանա: Մենք մոտենում ենք մեր վերջնական կետին, մենք պետք է գտնենք ճիշտ ճանապարհը, որ կարողանանք այդ գործընթացներից զերծ մնալ:

Այս տարի` սեպտեմբերին, Նյու Յորքում կայանալու է կայուն զարգացման կոնֆերանսը, որտեղ ընդունվելու են մի շարք նպատակներ: Մեծ մասն ունեն բնապահպանական նշանակություն: Մանավորապես նպատակ երկուսը՝ սովի վերացումն է: Մարդկությունն այդքան զարգացել է, այդքան հնարավորություններ ունի, բայց, միաժամանակ, ինչ-որ երկրներում սով կա, և չեն կարողանում հաղթահարել: Դա աընդունելի է:

Սովի հետ կապված` նպատակ 15. դեգրադացիայի գործընթացի դադարեցումը: Առաջին հերթին, որ նայում ես, հողերի դեգրադացիան կա` ինչպես անտրոպոգեն, այնպես էլ բնական: Ուրեմն այստեղ ի նկատի ունեն բնական դեգրադացիայի կանխարգելումը: Դա նշանակում է, որ հողերի վերականգնումն ավելի արագ պետք է  լինի, քան բնական դեգրադացիան, էլ չեմ խոսում անտրոպոգեն ազդեցության մասին: Նպատակ 15.3-ը` հողերի չեզոք դեգրադացիային հասնել մինչև 2020 թվականը: Ինչ է հողերի չեզոք դեգրադացիան, դա վիճակ է, որ բերրի, առողջ հողերի որակական և քանականան ցուցանիշները  ժամանակի և տարածաշրջանի առումով չեն նվազում, այլ հակառակը, ավելանում են: Հիմա հողերի չեզոք դեգրադացիայի հետ կապված վերջնական ինչ սահմանում է լինելու, ընդունված չէ, դա կընդունվի այս տարի` հոկտեմբեր ամսին, ՄԱԿ-ի Անապատացման դեմ կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի ժամանակ, դեռ ընդհանուր հայտարարի չեն գալիս:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է պիլոտային մի փոքրիկ ծրագիր 2-3 ամսով` «Հողերի չեզոք դեգրադացիայի հասնելու հնարավորությունները Հայաստանում»: Դա շատ լավ գաղափար է, աշխարհում 17 երկիր է ընտրվել, ընդամենը մեր տարածաշրջանից Հայաստանն է և Բելառուսը: 

2015թ. մայիսի 27-ին, համաձայն կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության ծրագրի, կառավարության կողմից հավանության արժանացավ Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը: Դա նույնպես կարևոր քայլ է այս ուղղությամբ:

Համեմատություն եմ արել` 2014թ. հողային հաշվեկշիռը և 2007 թվականինը: Այնտեղ կան և դրական պրոցեսներ և դրական միտումներ, և բացասական, որոնք շատ մտահոգիչ են: Ընդլայնվել են ոռոգվող տարածքները մոտ 500 հեկտարով: Ընդլայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները ի հաշիվ հիմնականում գյուղատնտեսական հողերի 104  հազար հեկտարով, դա նույնպես կարելի է նվաճում համարել, որովհետև հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես գիտեք, տնտեսական գործունեությունը սահմանափակ է: Բնակավայրերի հողերը 7 տարվա ընթացքում փոխվել են, ընդամենը 800 հա-ով մեծացել են: Դա ինձ թվում է, նույնպես նորմալ երևույթ կարելի է համարել, որովհետև տեմպերը մեծ չեն:  Ի հաշիվ միայն 2013-2014թթ. ընդերքօգտագործման հողատարածքներն ընդլայնվել են 1460 հեկտարով գյուղատնտեսական հողերի հաշվին: Դա մտահոգիչ է: Այսինքն, եթե մենք ուզում ենք այդպես ընդլայնվել, մենք համապատասխան տարածք պետք է վերականգնենք: Այստեղ հարց է ծագում, երևի ինչ-որ ձևով պետք է փոխվի մոտեցումը ընդերքի համար տարածք տրամադրելու հարցում: Մինչև տրամադրելն անհրաժեշտ է համապատասխան տարածք վերականգնել, նոր խնդրեմ, վերցրեք, օգտագործեք: Բայց եթե դու վերցնում ես ու 25 տարի հետո պետք է վերականգնես, 25 տարի հետո պարզ չէ, ինչ կլինի, ոնց կլինի: Այսինքն, ներկայիս պահին ներդրումներ արվեն: 

… Ես այստեղ լսեցի շատ հետաքրքիր մոտեցում, որ բնապահպանությունը և գյուղատնտեսությունը կարող են իրար հակադարձ լինել և այդ առումով պարենային անվտանգության հարցը ինչ-որ ձևի տուժի: Եթե մենք վերցնում ենք հողերի կայուն կառավարում հասկացությունը, դրա տակ մենք հասկանում ենք կայուն գյուղատնտեսություն, որը բնապահպանական առումով որևէ հակասություն չունի: Պետք է պարենային անվտանգության խնդիրներին մոտենալ հողերի կայուն կառավարման միջոցով: Այսինքն, մենք հողերը ոչ թե դնենք, քամենք, որ պարենային արտադրանք ստանանք, այլ հողերը կայուն կառավարենք` պարենային մթերք ստանալու համար: Եթե կայուն ենք հողը կառավարում, անշուշտ հումուսի քանակությունը հողում կավելանա: Կայուն կառավարումն այն է, որ երկարաժամկետ ենք կառավարում:

… Մենք հողին այն չենք տալիս, ինչ վերցնում ենք: Արարատյան հարթավայրում ես անձամբ եմ եղել մի քանի գյուղերում, հարցրի` գոմաղբ տալիս եք հողին, ասաց` որտեղից: Գոմաղբում միկրոէլեմենտներ կան, որ անհրաժեշտ են հողին:

…Հողերի կայուն կառավարման առումով այգիները համարվում են քիչ խոցելի, և ավելի կայուն եղանակով կառավարվող տարածք. Օրինակ` հանրապետությունում 7 տարիների ընթացքում 4-4,5 հազար հեկտարով այգիների քանակն ավելացել է: Դա դրական միտում է, որովհետև այդ այգին մի տարի, երկու տարի չի գործում, այլ երկարատև»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



14:21 Հուլիս 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news