Փարիզում որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում

Փարիզում որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում

ԷկոԼուր

Փարիզում աշխարհի առաջնորդներն ընդունեցին նոր համաձայնագիր կլիմայի վերաբերյալ, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Փարիզյան համաժողովի արդյունքներն անվանել է «հաղթանակ», տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Պատվիրակները պայմանավորվել են զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում, այն դեպքում, երբ առաջարկվող 2 աստիճան շեմը թվում էր անհասանելի, - հայտարարել է Բան Կի Մունը, - նոր համաձայնագիրը համերաշխության դրսևորում է: Այս հավակնոտ, հեղինակավոր փաստաթուղթը կրում է ճկուն եւ երկարաժամկետ բնույթ ու արժանի է վստահության»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ներկայումս 189 պետություններ ներկայացրել են ազգային ծրագրեր ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ:

«Դուք արդարացիորեն որոշել եք, որ ներկայիս պարտավորությունները վերջնակետը չեն, այլ ընդամենը առաջին աստիճանը և պայմանավորվել եք 5 տարին մեկ՝ սկսած 2018 թ-ից, վերանայել ձեր պարտավորությունները գիտության պահանջների լույսի ներքո», - ասել է Բան Կի Մունը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին:

Կլիմայի փոփոխությանը հարմարվելու գործում աղքատ երկրներին աջակցելու համար նոր համաձայնագրում առկա են միջոցառումներ: Զարգացած երկրները իրենց վրա են վերցրել առաջնորդի դերն աղքատ պետություններին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Զարգացող երկրները նույնպես պարտավորվել են ընդունել իրենց հնարավորություններին համապատասխան միջոցառումներ կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

«Պետություններն ընդունել են բոլորի համար պարտադիր, լուրջ, թափանցիկ «ճանապարհային երթևեկության կանոններ»: Այսօր մենք վերջապես կարող ենք նայել մեր երեխաների և թոռների աչքերի մեջ ու ասել, որ մենք բոլորս, ձեռք ձեռքի տված, պայմանավորվել ենք թողնել իրենց և ապագա սերունդներին կյանքի համար առավել պիտանի աշխարհ», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Բան Կի Մունը հիշեցրել է, որ այժմ հարկավոր է լրջորեն զբաղվել ընդունված որոշումների իրագործմամբ: Նա հույս է հայտնել, որ աշխարհի առաջնորդները կպահպանեն համագործակցության այն ոգին, որով նրանք եկել էին Փարիզ:

15:43 Դեկտեմբեր 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news