«Մեր խնդիրն է ջերմաստիճանի համաշխարհային աճը պահել 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մուն

«Մեր խնդիրն է ջերմաստիճանի համաշխարհային աճը պահել 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մուն

ԷկոԼուր 

Մեր խնդիրն է ջերմաստիճանի համաշխարհային աճը պահել 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Փարիզում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ COP 21 համաժողովում։ Համաժողովի նպատակն է ընդունել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նոր արձանագրություն, ըստ որի` բոլոր երկրները պետք է կատարեն ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը նպատակաուղղված  գործողություններ:

«Վտանգված է պետությունների տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: Միայն ՄԱԿ-ի միջոցով կարող ենք միասնականորեն արձագանքել այս տիպիկ համաշխարհային խնդրին:

Բանակցությունների գործընթացը դանդաղ էր և խնդրահարույց։ Բայց արդյունքներն արդեն նկատելի են։ Ի պատասխան ՄԱԿ-ի կոչին, ավելի քան 166 երկիր, որոնց միասին բաժին է ընկնում արտանետումների 90 տոկոսից ավելին, այժմ ներկայացրել են կլիմայի ազգային ծրագրեր՝ թիրախներով։ Բարեհաջող իրականացման դեպքում, այս ազգային ծրագրերի արդյունքում արտանետումների կորը ցած կիջնի՝ հասնելով մինչև դարեվերջ համաշխարհային ջերմաստիճանի նախատեսված աճին՝ մոտ 3 աստիճան ըստ Ցելսիուսի։

Սա շոշափելի առաջընթաց է, բայց դեռևս բավարար չէ։ Մեր խնդիրն է այժմ շարժվել շատ ավելի առաջ և արագ՝ նվազեցնելու համաշխարհային արտանետումների ծավալը, որպեսզի կարողանանք ջերմաստիճանի համաշխարհային աճը պահել 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Միևնույն ժամանակ, մենք պետք է աջակցենք երկրներին՝ հարմարվելու անխուսափելի հետևանքներին, որոնք արդեն իսկ առկա են», - ասել է Բան Կի Մունը՝ նշելով, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել կլիմայի փոփոխության մարտահրավերին: 

«Ինձ վշտացնում է այն փաստը, որ ջրհեղեղները, երաշտներն ու հրդեհները վատթարանում են, որ կղզի-պետությունները կդադարեն գոյություն ունենալ, և բուսական ու կենդանական աշխարհի անհամար տեսակներ կվերանան: Ինչպես Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու այլ հոգևոր առաջնորդներ հիշեցրել են մեզ, մեր բարոյական պարտականությունն է համերաշխ գործել աղքատների և ամենախոցելիների հետ, որոնք նվազագույն չափով են նպաստել կլիմայի փոփոխությանը, սակայն առաջինն ու ամենաշատը կտուժեն դրա հետևանքներից»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ըստ Բան Կի Մունի, որպեսզի Փարիզի խորհրդաժողովը հաջողությամբ պսակվի,  անհրաժեշտ է չորս էական տարր՝ տևականություն, ճկունություն, համերաշխություն և հուսալիություն.

«Առաջինը՝ տևականություն։ Փարիզը պետք է ապահովի երկարաժամկետ տեսլական՝ 2 աստիճանից ցածր ջերմաստիճանի սցենարին համապատասխան, ինչպես նաև շուկաներին ուղարկի հստակ ազդանշան, որ համաշխարհային տնտեսության զարգացումը ցածր ածխածնային ուղիով անխուսափելի է, շահավետ և արդեն իսկ ընթացքի մեջ։

Երկրորդ՝ համաձայնագիրը պետք է ապահովի ճկունություն, որպեսզի հետագայում վերանայումների կարիք չլինի։ Այն պետք է կարողանա հիմք ապահովել համաշխարհային տնտեսության փոփոխությունների համար և հավասարակշռել զարգացած երկրների առաջնորդող դերն ու զարգացող երկրների աճող պարտավորությունները։

Երրորդ՝ պայմանագիրը պետք է ցուցադրի համերաշխություն, ներառյալ զարգացող երկրների ֆինանսավորման և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։ Զարգացած երկրները պետք է պահեն իրենց խոստումը՝ մինչև 2020 թվականը տարեկան 100 մլրդ դոլար տրամադրել ինչպես հարմարվելու, այնպես էլ հետևանքների մեղմացման նպատակներին։

Չորրորդ՝ համաձայնագիրը պետք է ցուցադրի հուսալիություն կլիմայի՝ արագընթաց աճող ազդեցություններին արձագանքելիս։ Այն պետք է ներառի կանոնավոր 5-ամյա շրջափուլ, որի ընթացքում կառավարություններ կգնահատեն և կամրապնդեն կլիմայի իրենց ազգային ծրագրերը՝ գիտության պահանջներին համահունչ։ Փարիզը պետք է նաև ներառի չափումների, մոնիտորինգի և առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման թափանցիկ և հիմնավոր մեխանիզմներ»:

Աշխարհի ղեկավարներին ուղղված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Հաջողությունը Փարիզում ձեզանից է կախված: Այժմ ողջամտության, փոխզիջումների և փոխհամաձայնության պահն է։ Ժամանակն է դուրս գալ ազգային հորիզոնների սահմաններից և առաջին տեղում դնել ընդհանուր շահը։ Աշխարհի մարդիկ, ինչպես նաև ապագա սերունդների հույսը դուք եք՝ ունենալու տեսլական եւ այս պատմական պահն օգտագործելու քաջություն։ ՄԱԿ-ը լիովին պատրաստ է՝ երկրներին աջակցելու նման համաձայնագրի իրականացման գործում»։

Բան Կի Մունի ելույթի հայերեն թարգմանությունը և լուսանկարը վերցված է www.mtaes.am կայքից։

11:40 Դեկտեմբեր 01, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news