Արդյո՞ք առանց արտաքին ֆինանսավորման Հայաստանը կարող է հասնել 20.1 տոկոս անտառապատման

Արդյո՞ք առանց արտաքին ֆինանսավորման Հայաստանը կարող է հասնել 20.1 տոկոս անտառապատման

ԷկոԼուր

Եթե աշխարհում ջերմոցային գազերի արտենետումների կրճատմանն ուղղված համաձայնեցված միջոցառումներ չարվեն, ապա Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Որպես կլիմայի փոփոխության մեղմման միջոցառում Հայաստանը ստանձնել է հանձնառություն իր անտառապատվածությունը հասցնել 20.1 տոկոսի մինչեւ 2050 թվականը: Այս մասին ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը «Անտառի կայուն կառավարումը որպես կլիմայական քաղաքականության անբաժանելի մաս» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Կլոր սեղանի քննարկման գլխավոր հարցը ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացրած ՀՀ անտառային օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծն էր, համաձայն որի թույլատրվելու է անտառային տարածքներում կառուցապատում իրականացնել եւ հանվելու է անտառային տոմս հասկացությունը:

Արամ Գաբրիելյանն այն կարծիքին է, որ այս օրինագիծը հակասում է Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» (INDC) փաստաթղթով սահմանված հանձնառությանը, ըստ որի  Հայաստանը ստանձնել է երկրի օպտիմալ անտառապատվածությունը մինչեւ 2050 թվականը հասցնել 20.1 տոկոսի: Նա նշեց նաև, որ անտառապատումը ոչ միայն նպաստում է մթնոլորտից ածխաթթու գազի կլանմանն ու կուտակմանը, այլ նաև մեր երկրի համար շատ կարևոր` կլիմայի փոփոխությանը հարմարվելուն (ադապտացվելուն): Գաբրիելյանը ընդգծեց, որ բոլոր, թե կլիմայի փոփոխության մեղմման, թե հարմարվողական միջոցառումներում, այդ թվում նաև անտառային բնագավառում, Հայաստանը որդեգրել է էկոհամակարգային մոտեցում, որը խրախուսվում է նաև ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» ու այլ բնապահպանական գլոբալ ու տարածաշրջանային կոնվենցիաներով: Էկոհամակարգային մոտեցմանը հակասում է ոչ միայն անտառներում կառուցապատումը, այլ նույնիսկ այնպիսի ծառատեսակներով անտառապատումը, որը բնորոշ չէ այդ տեղանքին: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով բնական անտառային գոտու  ստորին սահմանը տեղաշարժվում է լեռնային ռելյեֆով վեր, ու դրա հետևանքով այդ գոտու մակերեսը փոքրանալու է, և այդ իրողությունը ևս հաշվի է առնվել օպտիմալ անտառապատվածության տարածքի որոշման համար:

«Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նշեց. «Տարբեր փաստաթղթերով երկիրը ֆիքսել է այդ 20,1 տոկոսը։ Այս թվից 11,2 տոկոսը համարվում է ներկայիս եղած անտառը: Մնացածը հետանտառային հողերն են, որոնք նախկինում անտառապատ են  եղել` անկախ նրանից, թե ներկայումս ում սեփականությունն է:  Անտառային ֆոնդում  ու անտառային ֆոնդից դուրսը մենք ունենք ընդհանուր 700 հազար հեկտարի  սահմաններում այդպիսի հողեր: Այսինքն, այդ 20,1 տոկոսը գալիս է դրանից: Սակայն խնդիր կա դրանք անտառապատելու, որովհետև դրանք տարբեր սեփականատերերի են պատկանում: 20.1 տոկոսի հասնելու համար մեծ ջանքեր ու ներդրումներ է պետք անել»:

Որպես  ֆինանսական աղբյուր Արամ Գաբրիելյանը կրկին վկայակոչեց Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» (INDC) փաստաթղթով սահմանված հանձնառությունը՝ նշելով  նորարարական կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային  հիմնադրամի ստեղծումը, որը կհամալրվի բնավճարների միջոցներից,  էկոհամակարգային ծառայությունների, այդ թվում` կլիմայական ռեսուրսներից օգտվելու դիմաց վճարումներից: Նա նաեւ թվեց արտաքին ֆինանսական մեխանիզմները ՝ Կանաչ կլիմայական հիմնադրամը (GCF), Կիոտոյի արձանագրության հարմարվողականության հիմնադրամը (AF), Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF), ինչպես նաև տարաբնույթ բազմակողմ ու երկկողմ ֆինանսավորումը:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

12:36 Մայիս 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news