ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ` 2015 թվականին ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 17.0 հազար հեկտարով

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ` 2015 թվականին ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 17.0 հազար հեկտարով

ԷկոԼուր

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացվում  հողային ռեսուրսի պահպանության նկատմամբ, ինչ մարտահրավերներ կան կլիմայի փոփոխության պայմաններում հողերի ռեսուրսների դեգրադացիայի և պարենային անվտանգության մասով: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագրային քաղաքականության հարցերով խորհրդական Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, «Հողերի կայուն կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

«2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատման բացասական միտում, այն հատկապես ընդգծված էր 2010 թվականին, երբ ցանքատարածությունները 2009 թվականի նկատմամբ կրճատվեցին ավելի քան 16.0 հազար հեկտարով: 2011 թվականից սկսած` վիճակը էակիանորեն փոխվեց, և ցանքատարածությունները 2014 թվականի տվյալներով գերազանցեցին 2010 թվականի մակարդակը գրեթե 50.0 հազար հեկտարով և կազմեցին 332.8 հազար հեկտար: 2014 թվականի տվյալներով վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կազմեց 74.3% 2010 թվականի 63.2%-ի դիմաց:  Ըստ օպերատիվ տվյալների` ցանքատարածությունների ավելացման միտումը շարունակվել է նաև 2015 թվականին, ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 17.0 հազար հեկտարով: Չնայած դրական տեղաշարժերի` վարելահողերի նպատակային օգտագործման խնդիրը դեռևս առկա է հանրապետությունում, և ներկայիս պետական քաղաքականությունը նպատակաուղղված է այդ խնդրի աստիճանական լուծմանը: Խնդրի կարևորությունից ելնելով` մենք հատուկ մասնագիտական խմբերի միջոցով մի քանի տարվա ընթացքում կարողացանք ուսումնասիրել և բացահայտել հողերի չօգտագործման պատճառները, որոնք հիմք հանդիսացան ոլորտում իրականացվող պետական ծրագրերի ուղղվածության համար:  Սեփականաշնորհումից հետո մեր երկրում բավականին բացասական երևույթներ արձանագրվեցին` կապված հողատարածքների փոքր չափերի մասնատվելու հետ, որը բերեց հողերի օգտագործման արդյունավետության նվազեցմանը: Բավականին երկար ժամանակահատված ամբողջ կոլեկտրադրենաժային ցանցը պատշաճ ձևով չէր շահագործվում, և դրա հետևանքով մի շարք հատվածներում գրանցվեցին նաև հողերի երկրորդային աղակալման և գերխոնավացման երևույթներ: Հողերի սխալ բաժանման արդյունքում, հատկապես լեռնային ռելյեֆի պայմաններում, մի շարք տեղերում նկատվեցին էրոզիոն երևույթներ, որոնք դարձյալ հանգեցնում են հողերի դեգրադացման: Վարելահողերի զգալի մասը  դուրս մնաց գյուղատնտեսական շրջանառությունից: Միայն 2005-2008 թվականներին չօգտագործվող հողատարածքները ավելացել են ևս 50 հազար հեկտարով»,- գյուղատնտեսական նշանակության հողերի խնդիրները ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նա նշեց, որ 2011թ-ից սկսած ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումների` սերմնաբուծության և սերմապահովության, պարարտանյութերի և դիզելային վառելանյութի մատչելի գներով մատակարարման, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ ծրագրերի իրականացման շնորհիվ հաջողվել է չօգտագործվող վարելահողերի տարածքները շուրջ 37 տոկոսից կրճատել և հասցնել  26 տոկոսի: «Այսօր արդեն գյուղատնտեսական համախառն արտադրանքը ՀՆԱ-ի մեջ կազմում է շուրջ 20-21%: Սա բավականաչափ լուրջ առաջընթաց է: Եվ վերջին 4 տարիների ընթացքում շուրջ 50.0 հազար հեկատարով ավելացել է գյուղատնտեսական հողատարածքների ներգրավումը գյուղատնտեսական շրջանառության մեջ, խոսուն փաստ է, որը պարենային ապահովության առումով լուրջ առաջընթաց է: Եվ գաղտնիք չէ, որ մի շարք բուսաբուծական մթերքներով մեր երկիրը ոչ միայն ինքնաբավ է, այլ ունենք մեծ ավելցուկ:   Մենք շատ վաղուց ապահովել ենք կարտոֆիլի ներքին սպառման պահանջարկը, և հսկայածավալ քանակություններ կարող ենք արտահանել: Տեղական մեր պտուղների, բանջարեղենի ապահովվածությունը վաղուց 100%-ն անցել է, և մենք հսկայական քանակություններ ունենք արտահանման համար: Եթե դուք հիմա հետևեք արտահանումների ընթացքին, ապա կտեսնեք, թե ինչպիսի մեծ ծավալով գյուղատնտեսական մթերք է հանրապետությունից արտահանվում, և իրատեսական հնարավորություններ կան թարմ պտուղ բանջարեղենի, խաղողի, կարտոֆիլի արտահանման ծավալները նախորդ տարվա նկատմամբ ավելի քան կրկնապատկել: Բայց ես նորից եմ նշում, որ դա դեռևս մեզ չի գոհացնում, չի բավարարում: Մենք մեր ունեցած ներուժը դեռևս ամբողջությամբ չենք օգտագործում: Մենք շատ խնդիրներ ունենք այս ուղղությամբ: Գյուղատնտեսության ոլորտում լուրջ, մեծածավալ ներդրումների, ֆինանսական հոսքերի, վարկային ռեսուրսների ներգրավման կարիք ունենք, վարկային միջոցների մատչելիության բարձրացման խնդիր ունենք, որովհետև այն վարկերը, որ տրվում է բանկերի կողմից մեր գյուղացիներին, առանձնապես մատչելի չէ` արդյունավետ գործունեություն ծավալելու: Այս ուղղությամբ հարկ է նշել գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի իրականացումը, որի արդյունքում 6%-ային կետը սուբսիդավորվում է պետությունը, և արդյունքում գյուղացուն վարկը տրվում է 8%-ով:

Չի կարելի մտածել, որ գյուղատնտեսությունը կարող է առանձին, որպես ոլորտ թռիչքաձև մեծ զարգացումներ ունենալ առանց տնտեսության մնացած ոլորտների համաչափ զարգացման: Տնտեսության զարգացումը, մնացած ճյուղերի զարգացումը պիտի բերի նաև գյուղատնտեսության զարգացման: Առանց ենթակառուցվածքների զարգացման, առանց գյուղի զարգացման չի կարող, բնականաբար, լինել զարգացած գյուղատնտեսություն»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Անդրադառնալով արոտավայրերի խնդրին` Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրների մեջ առանձնանում էր բնական կերահանդակների, հատկապես հեռագնա արոտավայրերի անբավարար վիճակը, որը բացասաբար էր անդրադառնում անասնապահության ճյուղի արդյունավետության և մրցունակության վրա: 2010 թվականի իրավիճակով օգտագործվում էր մեր ամբողջ արոտային տարածքների ընդամենը 40 տոկոսը և հիմնականում համայնքամերձ հատվածներում: Դա բերում է արոտների գերծանրաբեռնված օգտագործման և նպաստում հողերի էրոզիայի:

Ստեղծված իրավիճակը գնահատելով` 2011 թվականից մեկնարկեց  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որն ընդգրկում է հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղական համայնքները։    Ծրագրի նպատակն է աջակ­ցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռ­նային և սահմանա­մերձ հա­մայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապա­հովման, ջրար­­բիացման, դեգ­րադացված արոտների վերականգնման և անասնապահության զարգացմանը նպաստող այլ միջոցառումների իրականացման միջոցով։

Արդեն այսօր կարելի է ասել, որ բոլոր մարզերն ընդգրկվել են այս ծրագրում, և ստեղծվում են արոտօգտագործողների կոոպերատիվներ: Ավելի քան 91 կոոպերատիվ արդեն գրանցվել է, և որոշակի լուրջ աջակցություն է ցուցաբերվել այդ կոպերատիվներին: Ճանապարհների կառուցման, հեռագնա արոտներում խմելու ջրի մատակարարման խնդիրները լուծելով` հնարավորություն է ստեղծվում, որպեսզի անասնագլխաքանակը տեղափոխվի այն տարածքներ, որոնք նախկինում չեն օգտագործվել՝ բեռնաթափելով համայնքամերձ, գյուղամերձ բնակավայրերին մոտ արոտների ծանրաբեռնվածությունը: Հաշվի առնելով ծրագրի դրական արդյունքները՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակից մեկնարկել է «Համայնքների գյուղա­տնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը: Նախորդ ծրագրում ներառված 6 մարզերին ավելացել են նաև Վայոց ձորի և Տավուշի մարզերը: Շուրջ 100 համայնքում իրականացվելու է անասնա­պահու­թյան զարգացմանն ուղղված ծրագրեր»,- նշեց  Գառնիկ Պետրոսյանը:

Քննարկման մասնակիցները հարց բարձրացրեցին հողերի նպատակային նշանակության փոփոխության մասին` նշելով, որ գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողերի կատեգորիան փոխվում է ընդերքօգտագործման հողերի կատեգորիայի, ինչը ողջունելի չէ: Ի պատասխան Գառնիկ Պետրոսյանն ասաց. «Անհրաժեշտություն է, որ մի շարք տարածքներ պետք է փոխեն նպատակային նշանակությունը և փոխանցվեն ընդերքօգտագործման հողերի շարքը: Դա բնական երևույթ է. կա երկիր, կա տնտեսություն, որ պետք է զարգանա: Այո, ճիշտ եք ասում, որ հետագայում այդ հողատարածքները պետք է բերվեն նախնական տեսքի և օգտագործվեն արդեն ըստ նպատակային նշանակության: Իհարկե, ոչ միշտ է հաջողվում այդ տարածքները վերականգնել և հասցնել նույն վիճակին, և դրանք  նաև տևական, ժամանակի հետ կապված խնդիրներ են: Բայց մի շարք ոլորտներում այդ գործընթացը տեղի է ունենում: Օրինակ, անտառների ոլորտում, եթե անտառահատումներ են կատարվում, այդ դեպքում կառավարության կողմից կա համապատասխան որոշում, որի համաձայն, 1-2 փոխհարաբերությամբ պետք է կատարվի անտառտնկում, կատարվեն խնամքի աշխատանքներ մինչև 5 տարի ժամկետով, հետագայում հանձնեն համապատասխան գերատեսչությանը: Մենք հողերի հարցում պարտավոր ենք շատ զգույշ վարվել, քանի որ ես էլ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ եմ, և մենք շատ խիստ ենք դրել հարցը, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ենք թույլ տալիս փոխել վարելահողերի կատեգորիան: Դրանք ծայրահեղ դեպքեր են, եզակի դեպքեր են, նույնը` խոտհարքների հետ կապված, կամ առավել ևս բազմամյա տնկարքների հետ կապված: Արոտների հետ կապված, որոնք հատկապես բարձրադիր և ոչ մատչելի հատվածներում են, բնականաբար, մենք անհամեմատ ավելի հեշտությամբ ենք այդ համաձայնությունը տալիս` այդ տարածքներն օգտագործել ընդերքօգտագործման համար: Ընդհանրապես հողերի պահպանության խնդիրը, հողերի նպատակային նշանակության օգտագործումը դա և բնապահպանության նախարարության, և գյուղատնտեսության նախարարության և համոզված եմ, մի շարք այլ գերատեսչությունների կարևորագույն խնդիրն է: Եթե դուք ասում եք, կամ մտածում եք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան ընդհանրապես չպետք է փոխվի, ես այդ կարծիքին չեմ, հատկապես տեսեք նաև սահմանամերձ տարածքներում, որտեղ ինչ որ մի տարածք ինչ-որ մի նպատակի համար հատկացվում է, այնտեղ ստեղծվում են աշխատատեղեր, արդյունք է ստեղծվում: Այնպես որ մենք չենք կարող ծայրահեղ մոտեցում դրսևորել»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

 Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

11:16 Հուլիս 18, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news