Դիանա Հարությունյան. մինչև 2030 թ-ը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման առումով երկարաժամկետ հեռանկարում ամենաշատ արդյունք կարելի է ստանալ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման շնորհիվ

Դիանա Հարությունյան. մինչև 2030 թ-ը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման առումով երկարաժամկետ հեռանկարում ամենաշատ արդյունք կարելի է ստանալ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման շնորհիվ

ԷկոԼուր

Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուրը էներգետիկան է, փաստեց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը «Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը և իրականացման հեռանկարները» թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ:
 
Ներկայացնելով Ջերմոցային գազերի ազգային կադաստրը՝ Դիանա Հարությունյանը նշեց, որ ջերմոցային գազերի արտանետումները 70%-ն էներգետիկայի ոլորտից են, հաջորդը՝ արդյունաբերական գործընթացներից և արտադրանքի օգտագործումից է՝ 6.7%, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործումի՝ 16.5%, թափոններ՝ 6.4%: Էներգետիկայի  ոլորտի արտանետումները 2010-2012 թթ. մոտ 18%-ով ավելացել են:
 «Երբ նայում ենք էներգետիկայի սեկտորի արտանետումներին  ըստ գազերի, մոտ 23% գալիս է  մեթանի արտանետումներից:  Այս տոկոսն այդքան բարձր է, որովհետև մեթանը՝ որպես գազ, ունի 21 անգամ ավելի բարձր ջերմոցային էֆեկտ, և ամեն մի տոննա մեթանի արտանետումը համարժեք է 21 տոննա ածխաթթու գազի արտանետման: Այս փախուստային արտանետումները զգալի ցուցանիշ են մեր կադաստրի մեջ, և երբ նայում ենք միտումներին, էներգիայի արտադրության կամ օգտագործման աճի հետ զուգահեռ աճում են նաև այդ փախուստային արտանետումները», - ասաց Դիանա Հարությունյանը և շեշտեց, որ լուրջ աշխատանք է պետք տանել փախուստային արտանետումների տոկոսը նվազեցնելու ուղղությամբ:
 
Ըստ Դիանա Հարությունյանի՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման առումով ամենաշատ արդյունք կարելի է ստանալ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման շնորհիվ՝ 62.6%, վերականգնվող աղբյուրների ներդրման շնորհիվ՝ 16.8% և էներգաարդյունավետության բարձրացումից:

18:18 Մարտ 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news