Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք խմելու և ոռոգման ջրի հասանելիության խնդիր ունի

Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք խմելու և ոռոգման ջրի հասանելիության խնդիր ունի

ԷկոԼուր

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսն է «Ոչ ոք անտեսված չի մնա», որը նպատակ ունի միավորելու ջանքերը ջուրը բոլորին հասանելի դարձնելու համար:
Հայաստանում այդ օրը նշվեց ԳԱՏՕ (Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության) ծրագրի միջանկյալ արդյունքների ներկայացմամբ: Թիրախային մարզեր են ընտրվել Արարատն ու Արմավիրը: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

ԳԱՏՕ ծրագրի հիմնական նպատակն է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցումն ու կայուն վիճակի ապահովումը: Ծրագիրն իրականացնում է Արարատյան դաշտի հիդրոլոգիական համակարգի բազմակողմանի գույքագրում:

Արարատյան դաշտի համար ստեղծվում է հիդրոերկրաբանական մոդելավորման և որոշումների կայացմանն աջակցող գործիք: ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ մշակվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կայուն մոնոտորինգի իրականացման պլան:

«Հայաստանում դեռևս կան մարտահրավերներ՝ կապված ջրի հասանելության ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ: ԱՄՆ ՄԶԳ ուսումնասիրության համաձայն՝ արտեզյան հորերից չկարգավորված ջրառի հետևանքով ստորերկրյա ավազանի ջրերի մակարդակը նվազել է միջինը մոտ 10 մետրով», - ասաց ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանը: Ըստ նրա` ստորերկրյա ջրերի գերշահագործման պատճառով Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք ներկայում ունի խմելու և ոռոգման ջրի հասանելության խնդիր:

«Առաջին փուլում հաշվառվել է 2800 հոր, 235 ձկնաբուծարան: Ծրագրի արդյունքում խնայվել է 9.2 միլիոն խմ ստորերկրյա ջուր», - նշեց Մագդա Ավետիսյանը:

Արդեն իրականացվել են պիլոտային ծրագրեր Սայաթ-Նովա և Հայանիստ համայնքներում: Ներդրվել է ոռոգման նպատակով ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործումը` ոռոգելի դարձնելով 100 հեկտար համայնքային անջրդի հողատարածք և ստեղծելով եկամուտ ստանալու հնարավորություն 183 տնային տնտեսության համար:
Արմավիրի մարզի Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում խմելու ջրի ջրագծի համակարգի բարելավում է իրականացվել, կառուցվել է նոր պոմպակայան և քլորակայան: Միաժամանակ փոխվում է համայնքի ջրային ցանցը, որը պետք է նվազեցնի կորուստները:

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ԳԱՏՕ ծրագրի ջրավազանային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մասնագետ Լիլիթ Հարությունյանը, գիտական և հասարակական սեկտորների ներկայացուցիչներ:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

17:07 Մարտ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news