Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում

Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետությունը «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը նոյեմբերի 5-ին «ԴԵՊԻ ՓԱՐԻԶ` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 21–րդ նստաշրջանի նախաշեմին» կոնֆերանսի շրջանակներում:

«Մենք վերցրել ենք քանակական պարտավորություն չգերազանցել 633 միլիոն տոննան 35 տարվա ընթացքում՝ 2015 թվականից մինչև 2050 թվականը, կամ տարեկան միջինը 5.4 տոննա մեկ շնչի համար: Սա մի թիվ է, որ եթե ամբողջ աշխարհը վերցնի այս սկզբունքով, ապա կկարողանանք զսպել ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանի սահմանում: Բայց այսօր կան երկրներ, որ մեկ շնչին ընկնում է 10 տոննայից ավելի արտանետում: Օրինակ, ԱՄՆ-ում մեկ շնչին ընկնում է 18 տոննա, Ռուսաստանում՝ մոտ 14 տոննա: Բոլորից շատ արտանետողն աշխարհում Չինաստանն է, բայց մեկ շնչի հաշվով մոտ 6 տոննա է այսօր», - ասաց Արամ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ տարեվերջին Փարիզում կայանալու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովը, որի ժամանակ պետք է ընդունվի կոնվենցիային կից նոր համաձայնագիր, ըստ որի բոլոր երկրները պետք է կատարեն ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը նպատակաուղղված գործողություններ: 154 երկրներ արդեն ներկայացրել են իրենց INDC փաստաթղթերը:

Արամ Գաբրիելյանը նշեց, որ երբ կատարվել է 154 երկրների ներկայացրած INDC-ի վերլուծությունը, ստացվել է, որ  եթե երկրները հետևեն իրենց ներկայացրած փաստաթղթերին, ապա երկրագնդի ջերմաստիճանը կբարձրանա ոչ թե 2, այլ 3 աստիճան եւ ավելի, ինչը վտանգավոր է Հայաստանի համար: «Գլոբալ 3 աստիճան բարձրացումը նշանակում է, որ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճան, ինչի հետևանքով մենք կունենանք ավելի չորային, անձրևներով քիչ, շոգ օրերով շատ կլիմա, մոտավորապես ինչպես Իրանական սարահարթը», - ասաց Արամ Գաբրիելյանը:

«ԴԵՊԻ ՓԱՐԻԶ` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 21–րդ նստաշրջանի նախաշեմին» կոնֆերանսը կազմակերպել էր «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:

15:06 Նոյեմբեր 06, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news