Հայաստանում ջերմային ալիքների ազդեցությամբ պայմանավորված տարեկան հրդեհների թիվը աճել է մոտ 40 տոկոսով

Հայաստանում ջերմային ալիքների ազդեցությամբ պայմանավորված տարեկան հրդեհների թիվը աճել է մոտ 40 տոկոսով

ԷկոԼուր

Հայաստանի հանրապետության տարածքում ձևավորվում է արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ, հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցված ջերմային ալիքի ազդեցության գոտում: ՀՀ-ի տարածքում 1980-2012թթ-ին ջերմային ալիքների ազդեցությամբ տարեկան հրդեհների դեպքերի թիվը համեմատած 1948-80թթ-ի հետ աճել է մոտ 40 տոկոսով: Սա լուրջ վտանգ է, որը բերում է այն եզրակացության, որ հանրապետության տարածքում մեծացել է բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության  գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը հուլիսի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վրեժ Գաբրիելյանը ներկայացրեց հանրապետության տարածքում անտառային հրդեհների դեպքերը 1998-2015թթ-ի ընթացքում. «Եթե վերցնում ենք 1998-ից մինչև 2009 թթ., անտառային հրդեհների թիվը կազմում է 155: Եթե վերցնում ենք 2010, 2012թթ.՝ 3 տարվա ընթացքում,  անտառային հրդեհների թիվը կազմում է 169: Տեսնում եք` 11 և 3 տարվա տարբերությունը ինչքան մեծ է: 11 տարվա ընթացքում 155 հրդեհ է տեղի ունեցել, և այրվել  է 1196 հեկտար տարածք: Բայց երբ մենք նայում ենք 3 տարվա կտրվածքով՝ 2010, 2011, 2012թթ., ապա այն կազմում է 1958.8 հեկտար: Սա բավականին մեծ թիվ է: Վերջին 5 տարվա ընթացքում՝ 2010 թվականից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը, մենք ունեցել ենք հրդեհների 224 դեպք, այն դեպքում, երբ 11 տարվա ընթացքում ունեցել ենք հրդեհների ընդամենը 155 դեպք: Սա նույնպես հավաստում է այն 40 տոկոսի գաղափարը, որը ես նշեցի»:

«2001-2009թթ. միջինում արձանագրվել է անտառային հրդեհների տարեկան 7 դեպք, մինչդեռ 2010-2011 թթ. արձանագրված տարեկան միջին թիվը կազմում է 50 դեպք: Հրդեհների արձանագրված տարեկան միջին թիվը, որը ազդել է բուսածածկ տարածքների վրա,  2010-11 թթ. աճել է շուրջ 5 անգամ, 2004-2009 թթ. տարեկան միջին ցուցանիշի համեմատ», - ասաց Վրեժ Գաբրիելյանը՝ նշելով, որ սրանք լուրջ անհանգստացնող փաստեր են:

Հղում կատարելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը՝ Վրեժ Գաբրիելյանը հայտնեց, որ 2005-2010թթ. հրդեհների կողմից անտառներին պատճառված վնասը կազմում է 504 միլիոն դրամ, որից 500.2 միլիոն դրամը վնասը պատճառվել է միայն 2006 թվականին:

Վրեժ Գաբրիելյանը ներկայացրեց 2010-2015թթ-ի ընթացքում հրդեհների արդյունքում այրված մակերեսների պատկերը. «Արարատի մարզում մենք 2010-2015թթ. ունեցել ենք` խոտածածկ տարածքներ՝ 2485.7 հեկտար, մշակաբույսեր՝ 4 հեկտար, պտղատու այգիներ՝ 5.7 հեկտար: Ընդամենը 2455.4 հեկտար տարածք այրվել է: Ամենավտանգավոր մարզը եղել է և կա Կոտայքի մարզը: Այսօր Կոտայքում արձանագրվել է 2011-2015 տարվա կտրվածքով 13273.4 հեկտար այրված տարածք: Սա հսկայական տարածք է: Հանրապետությունում այս 5 տարվա կտրվածքով այրվել են 523 հեկտար պտղատու այգիներ: Սա լուրջ բացասական ցուցանիշ է, որը պետք է  մենք չունենայինք, եթե կարողանայինք ճիշտ կազմակերպել մեր գործունեությունը, մարդկանց գործունեությունը: Մարդիկ հնձում են արտը, հնձելուց հետո խոզանը իրենք այրում են, որը պետք է չարվի: Կողքը այգի կա, անվերահսկելի է  այդ կրակը, անցնում է այգիներին՝ և խաղողի, և ծիրանի, և մի շարք այլ պտղատու այգիների, և հետագայում շատ մեծ դժվարությամբ՝ հրշեջների, կամավորների օգնությամբ, կարողանում ենք մարել: Դա է խնդիրը… Գյուղատնտեսական նշանակության հողերում, այդ թվում դեպի մոտակա անտառները հրդեհների հետևանքով կրակի տարածման վտանգը զգալիորեն աճում է կլիմայի չորայնության և կլիմայի փոփոխության պայմաններում»:

ԷկոԼուրի դիտարկմանը` ինչ ազդեցություն է ունենում արդեն մի քանի տարի գործող «Մթնոլորտային օդի պահպանման մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է այրել խոտածածկ տարածքները, Վ. Գաբրիելյանը արձագանքեց. 

«Ամբողջ հարցը նրանում է, որ մինչև վերջին 3-4 տարին իրավական դաշտը ձևավորված չէր, չկար հրդեհների կառավարման որոշակի ռազմավարություն անտառներում, բուսածածկ տարածքներում: Այժմ արդեն ՀՀ կառավարության և ՏԿԱԻՆ-ի կողմից կատարվեցին քայլեր, որպեսզի ձևավորենք իրավական փաստաթղթեր, և դրա արդյուքնում կարողանանք այդ քայլերը կատարել: Միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է, նախատեսված է 2015-2020թթ. համար: 5 տարվա կտրվածքով մենք պետք է իրականացնենք մի շարք միջոցառումներ, որոնք կբերեն մեր երկրում այդ բոլոր հարցերի կանոնակարգմանը` և մոնիտորինգի իրականացման, և կարողությունների հզորացման զարգացման, և մարդկանց գիտելիքների անհրաժեշտ մատուցման: Մարդիկ պետք է հասկանան, որ բնությունը, անտառը, բուսածածկ տարածքը իրանց հոր սեփականությունը չէ, եթե անգամ իրենց սեփականությունն է, նրանք պետք է մտածեն շրջակա միջավայրի և մարդկանց մասին: Դա ընդհանուրի սեփականությունն է, գենոֆոնդի սեփականությունն է, և պետք է կարողանան ամեն ինչ անել, որպեսզի ապահովեն անվտանգությունը»:

Հրդեհները ազդում են ոչ միայն բուսածածկ տարածքների վրա, դրանք նաև ռիսկեր են պարունակում տեղի համայնքների բնակչության համար: «Չպայթած զինամթերքով, ականներով պատված տարածքներում առաջացած հրդեհները լրացուցիչ վտանգ են ներկայացնում հրշեջների և հրդեհների դեմ պայքար տանող անձանց համար: Գիտեք, մեր ռելիեֆը բոլորովին այլ է, հարթ չէ, լեռնային, նախալեռնային տարածքներ են բարդ աշխարհագրական դիրքով, և երբ խոտածածկ տարածքներում հրդեհ է լինում, մարդիկ սկսում են դրա դեմ պայքարել և շատ դեպքերում չեն կողմնորոշվում, չեն իմանում, որ այդ տարածքներում կարող են ականներ լինեն, որոնք դեռ չեն պայթել», - ասաց Վ. Գաբրիելյանը:

«Ես պաշոտանական հայտարարում եմ, որ մեր նախարարության կողմից անտառային հրդեհների և խոշոր բուսածածկ տարածքների հրդեհների հրդեհաշիջման իրականացման համար արդեն ձեռք է բերվել հատուկ ջրթափ սարք: Ինքնաթիռի միջոցով մենք կարողանում ենք այդ ջրթափ սարքը՝ կես տոննա ջուր տարողությամբ, բարձրացնել, ջրամբարների ջուրը վերցնել և խոշոր անտառային բուսածածկ հրդեհների ժամանակ իրականացնել հրդեհաշիջում: Նախարարության կոմղից ձեռք բերվեցին հատուկ 100 հատ ուսապարկ՝ ջրի  20 լիտր տարողությամբ, որոնք օգտագործում են անտառային հրդեհների ժամանակ, որպեսզի մարդիկ, եթե տեխնիկա չեն կարողանում բարձրացնել, կարողանան գոնե քայլելով գնալ և ինչ-որ չափով հրդեհաշիջման ժամանակ օգտագործեն դրանք», - հայտարարեց Վ. Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ 109 համայնքներում ստեղծվում են հատուկ կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այդ գործընթացը գնում է, և այս ամսվա կեսերին մեր երկրի բոլոր մարզերում ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնները կհանձնվեն շահագործման:  

«911, 112, բոլոր հրդեհների, բոլոր արտակարգ դեպքերի համար, և, ընդհանրապես,  սա հավատի, լույսի հեռախոս է: Կարող եք զանգահարել, և մեր բոլոր կառույցները կարող են Ձեզ սպասարկել, աջակցել, օգնել», - հայտարարեց  ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության  գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



14:33 Հուլիս 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news