Յուրի Ջավադյան` եթե արագ ջրամբարներ չկառուցենք, կունենանք 80 տոկոս ջրի դեֆիցիտ

Յուրի Ջավադյան` եթե արագ ջրամբարներ չկառուցենք, կունենանք 80 տոկոս ջրի դեֆիցիտ

ԷկոԼուր

Հայաստանում կա 7 միլիարդ 300 միլիոն խմ հոսող ջուր: Այս քանակից տարեկան օգտագործվում է միայն 2 միլիարդ 300 միլիոն խմ-ն, իսկ 5 միլիարդը հոսում է Հայաստանից դուրս:

Կլիմայի փոփոխության պատճառով Հայաստանում սպասվում է ջրի դեֆիցիտ: Այս անհանգստությունը հայտնեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հունիսի 12-ին Դիլիջանում տեղի ունեցած  ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված քննարկման ժամանակ: «Մինչև 2050 թվականը սպասվում է մոտ 4.5 աստիճանի բարձրացում, ինչի արդյունքում առաջանում է մեր ջրերի տարեկան 12 միլիոն խմ-ով պակասելու վտանգը»,- ասաց Յուրի Ջավադյանը:

«Հաշվի առնելով այս հարցը եւ այն, որ ունենք 340.000 ֆերմերային անհատական տնտեսություններ, մենք խիստ պետք է մոտենանք ջրամբարաշինարարության հարցերին: Մենք ունենք 82 գործող ջրամբար, որից 6-ը էներգետիկ նպատակներով է, 76-ը՝ ոռոգման: Մեր ամենամեծ ջրամբարը՝ Ախուրյանի ջրամբարը` 525 միլիոն խմ տարողությամբ, սահմանային գետի վրա է: Մեր բոլոր սահմանային գետերը օգտագործում ենք 50-50 մասով: Չնայած 2 պետություններ ոչ մի հարաբերություններ չունեն իրար հետ, մենք մինչև հիմա ջրի բաշխումը կատարում ենք բավականին հստակորեն, ոչ մի անգամ բաշխման վերաբերյալ բողոքներ չենք ունեցել»,- ասաց Յուրի Ջավադյանը:

Ըստ Ջավադյանի` մենք բախվելու ենք ջրի բաշխման լուրջ խնդրի հետ: «Մեր Ախուրյան-Արաքս ջրային ռեսուրսը 2.5 միլիարդ է: Այդ 2.5 միլիարդից մենք հավասար օգտվելու իրավունք ունենք: Սակայն մենք օգտագործում ենք միայն մեր 50 տոկոսի 55 տոկոսը: Այսինքն, Ախուրյան-Արաքս ջրային ռեսուրսի 45 տոկոսից չենք օգտվում, չնայած որ օգտվելու իրավունք ունենք: Բայց այնպես է ստացվել, որ մենք 50.000 հեկտար ոռոգման տարածք ունենք այդ ռեսուրսի տակ՝ Արմավիրինը, Թալինինը և Շիրակինը: Այսօր թուրքական կառավարությունը առանց մեզ հարցնելու 1 միլիարդ 800 միլիոնանանոց տարողությամբ ջրամբար է կառուցում:  220 միլիոն խմ տարողությամբ մեկ այլ ջրամբար հաջորդ տարի կհանձնի շահագործման: Դրան զուգահեռ կառուցում է  մոտ 40.000 հեկտար ոռոգելի տարածք այդ 220 միլիոն խմ ջրամբարի բազայի վրա: Եվս մեկը՝ 160 միլիոն խմ, Արաքսի վտակի վրա, որը 2-3 տարում շահագործման կհանձնի: Եթե մենք` ինքներս, չկարողանանք արագ ջրամբարներ կառուցել, կունենաք 75-80 տոկոս դեֆիցիտ այդ 50.000 հեկտար ոռոգելի տարածքների ոռոգման համար», - հայտնեց Յուրի Ջավադյանը:

 «Այս տեսակետից Թուրքիային դիմակայելու համար մենք Կապսի ջրամբարը արագ 25 միլիոն խմ-ից պետք է հասնենք 60 միլիոն խմ-ի,  Եղվարդի ջրամբարը՝ 90 միլիոն խմ-ի, Վեդին՝ 29 միլիոն խմ-ի, Քասախի վրա 12 միլիոն խմ, Սելավ Մաստարան, 2 հատը՝ մեկը 7 միլիոն խմ, մյուսը՝ 13 միլիոն պետք է շուտ հանձնենք շահագործման», - ասաց Յուրի Ջավադյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

13:12 Հունիս 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news