Եթե Հայաստանը չկատարի INDC-ի պարտավորությունները, կկորցնի իր հանդեպ վստահությունը

Եթե Հայաստանը չկատարի INDC-ի պարտավորությունները, կկորցնի իր հանդեպ վստահությունը

ԷկոԼուր

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրը չի նախատեսում տուգանքներ երկրների հանդեպ, որոնք չեն կատարի իրենց ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասաց Ռուսաստանի Բնության համաշխարհային հիմնադրամի «Կլիմա և էներգետիկա» ծրագրի ղեկավար Ալեքսեյ Կոկորինը մամուլի ասուլիսի ժամանակ, որը կազմակերպվել էր հունիսի 5-7-ին Երևանում անցկացվող Կլիմայական գործողությունների ցանցի (Climate Action Network International) տարածաշրջանային մասնաճյուղի (CAN EECCA- Արևելյան Եվրոպա, Կովկաս, Կենտրոնական Ասիա ) հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային անդամակցող բոլոր պետությունները 2015թ-ին Փարիզում եկան փոխհամաձայնության` միասնական ջանքերով զսպելու կլիմայի փոփոխությունն այնպես, որ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ՝ գլոբալ մթնոլորտի տաքացումը չգերազանցի 2 աստիճանը՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի սահմանագծին: Նախքան Փարիզյան համաժողովը՝ պետությունները ներկայացրել էին իրենց դիրքորոշումները` «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների» փաստաթղթերով (INDC):

«Փարիզյան համաձայնագիրը հնարավորություն է տալիս ստանալ դրամաշնորհներ, այս կամ այլ տեսակի օգնություն կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար: Հայաստանն իրավունք ունի ստանալ կլիմայական ֆինանսավորում: Ինչ վերաբերում է արտանետումների նվազեցմանը, ապա Փարիզյան համաձայնագիրն այս առումով իդեալական չէ: Այն կարելի է երկար և ուժեղ քննադատել: Բայց ավելի վատ կլիներ, եթե այն չլիներ: Այն չի տալիս պարտադիր քվոտաներ, տուգանքներ, պարտավորություններ: Սա շատ ճկուն համաձայնագիր է՝ հիմնված վստահության վրա: Օրինակ, եթե երկիրը չկատարի INDC-ն, նա կկորցնի իր հանդեպ վստահությունը: Դա նշանակում է, որ այն դրամաշնորհները, որ տվել են, հետ չեն վերցնի, բայց հաջորդները չեն տա»,- ասաց Ալեքսեյ Կոկորինը:

Նշենք, որ Հայաստանը պարտավորվել է, մասնավորապես, 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում: Պարտավորվել է նաև մինչև 2050 թվականը երկրի անտառապատվածությունը հասցնել 20.1 տոկոսի:

17:32 Հունիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news