ՀՀ բնապահպանության նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի INDC-ն

ՀՀ բնապահպանության նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի INDC-ն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված երկրների դեսպաններին և դիվանագիտական ներկայացուցչությունների այլ պաշտոնյաների: Հանդիպմանը ներկայացվել է այս տարեվերջին Փարիզում` պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին  ընդառաջ Հայաստանի Հանրապետության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության  «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն­ները/ներդրումը» (INDC) հայեցակարգային փաստաթուղթը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն. ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը և ՌԴ, ԱՄՆ, Ճապոնիայի, Իրանի, Հնադկաստանի, Ռումինիայի, Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարար Արամայիս Գրգորյանն իր ողջույնի խոսքում տեղեկացրել է, որ «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն­ները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և սահմանված կարգով սեպտեմբերի 28-ին ներկայացվել  կոնվենցիայի քարտուղարություն: Փաստաթղթի ձևավորմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման ​​մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կազմակերպվել են քննարկումներ և իրազեկման հանդիպումներ:

Ներկաներին տեղեկացվել է, որ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն­ները/ներդրումը» հայեցակարգային փաստաթուղթը հավանության է արժանացել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, ինչպես նաև հասարակական լսումների ընթացքում:

ՀՀ բնապահպանության նախարարը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկացնելով, որ նախատեսված գործողությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության 2015-2025 թվականների ռազմավարական ծրագրին և կնպաստեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, իր խոսքում նշել է.  «Կլիմայական փոփոխությունները և դրանց վտանգավոր հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ուստի բոլոր երկրները, անկախ այդ փոփոխությունների վրա ունեցած ազդեցության չափից, պարտավոր են վճռական քայլեր ձեռնարկել` ապագայում անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով:

Հայաստանյան գործողությունների իրականացման ընթացքում ես ակնկալում եմ սերտ երկկողմանի և բազմակողմանի համագործակցություն ձեր երկրների և միջազգային կառույցների հետ և հուսով եմ, որ ինչպես Փարիզում կայանալիք  Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովում, այնպես էլ գործողությունների իրականացման ընթացքում  միասնական ջանքերը կտան իրենց ցանկալի արդյունքը»:

«ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ ներդրումը» փաստաթղթի հիմնական դրույթները ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը:

Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ժամանակ ներկաները մտքեր են փոխանակել գլոբալ կլիմայական փոփոխությունների և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների շուրջ: Դեսպաններին ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտելու  2050 թվականին հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումներին, ինչի համար ակնկալվում է  միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակությունն ու կարողությունների ամրապնդման նպատակով աջակցություն:

ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Բարկերը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նկատել է, որ Հայաստանն առաջատար երկրներից է փարիզյան հանդիպմանը պատրաստ լինելու և «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն­ները/ներդրումը» հայեցակարգային փաստաթղթով ստանձնած հանձնառությունների կատարման առումով:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ միջազգային հանրության հետ արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի մեծ ծավալներ կստանա` հատկապես այնպիսի հիմնախնդրի լուծման հարցում, ինչպիսին է գլոբալ կլիմայական փոփոխությունների մեղմումը:

18:39 Հոկտեմբեր 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news