Ի՞նչ արժե արևային էներգետիկան Հայաստանի բնակչության համար

Ի՞նչ արժե արևային էներգետիկան Հայաստանի բնակչության համար

ԷկոԼուր

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, (Ծրագրի շահառուներն են 282 չգազաֆիկացված համայնքների 38,242 ընտանիքներ) որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են թվով 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր:

Միջին հաշվարկով մեկ արևային մարտկոցի տեղադրումը 4-5 հոգուց բաղկացած ընտանիքի համար կարժենա շուրջ 5 հազար դոլար՝ գումարած ինվենտորների փոխման կամ վերանորոգման համար 7 տարին մեկ պահանջվող 400 դոլար:

Ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման, արևային վահանակների տեղադրման  նպատակով Հայաստանում ներդրումներ են կատարում միջազգային ֆինանսական զարգացման ինստիտուտները առևտրային բանկերի միջոցով: Իրենց հերթին առևտրային բանկերը  վարկեր են տրամադրում հետևյալ տոկոսադրույքներով՝ 10.45% - 16.17%՝  «Ինեկոբանկ», 12,15%՝ «էվոկաբանկ», մինչև 13%` «Յունիբանկ», 10.76-10.96%` «Ակբակրեդիտագրիկոլ բանկ», փոքր կամ հավասար 12.02%՝ «Կոնվերսիբանկ»: Տոկոսադրույքը կապված է  վարկի ժամկետից և հաճախորդի վարկանշից)՝ «Արդշինբանկ» և այլն։ 

Միջին ընտանիքի բնակարանի ջեռուցման և տաք ջրով ապահովման համար այդ ընտանիքը 7 տարում պետք է ծախսի մոտ 6,0 հազար դոլարին համարժեք գումար (համակարգի տեղադրում և դրա ընթացիկ վերանորոգում, վարկի տոկոսադրույք): 8-րդ տարում նոր  ծախսերը հետ կգնվեն, և  նա դրանից հետո այլևս չի վճարի օգտագործվող արևային էներգիայի համար։

Արեգակնային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծախսերը մի քանի տարի առաջ 1 կՎտ-ի համար բավականին թանկ էին և կախված էներգիայի ստացման տեխնոլոգիաներից՝ տատանվում էին 2500-5200 դոլարի սահմաններում, իսկ կենտրոնացված արևային ջերմային կայանների համար ծախսերը՝ 1 կՎտ-ի համար 4000-6000 դոլարի սահմաններում: Իհարկե, Հայաստանում բնակիչների մեծամասնությունը պատրաստ չէ նման գին վճարել և օգտվել նման թանկ ռեսուրսից: Այժմ այդ գները համեմատաբար իջել են, բայց դեռ մնում են անհասանելի հիմնական բնակչության համար։

ՀՀ կառավարությունը որդեգրել է արևային էներգետիկայի ոլորտի զարգացման քաղաքականություն: «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.)» նախագծի համաձայն՝  Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանականորեն ընդլայնել արևային ծրագրերի իրականացումը՝ խրախուսելով, որ յուրաքանչյուր շինություն ունենա ջեռուցման և տաք ջրի արտադրության իր անհատական համակարգը՝ հիմնված վերականգնվող էներգետիկ ռեսուրսների վրա:

Նշենք, որ վերականգնվող արևային էներգետիկայի զարգացումը խրախուսվում է ամբողջ աշխարհում և, որպես գլխավոր փաստարկ, նշվում է դրանց արտադրող կայանների էկոլոգիական անվտանգությունը և Երկիր մոլորակի գլոբալ տաքացման կանխարգելիչ գործոններից մեկը: Միջինում յուրաքանչյուր դրվածքային 1կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը կարող է նպաստել տարեկան մինչև 3200 կգ COգազերի արտանետման կրճատմանը:

Սահմանափակ հնարավորությամբ ՀՀ միջին քաղաքացու ընտանիքը, ո՞ր ուղին կընտրի՝ շարունակել ավանդական էներգիայի օգտագործումն իր կոմունալ կարիքները հոգալու համար,  թե իր սուղ ֆինանսական միջոցներն ուղղել մեր մոլորակի գլոբալ տաքացման կանխարգելմանը...։ 

16:52 Ապրիլ 16, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news