Իսկ ո՞վ է պատասխանատվության ենթարկելու նախարարին

Իսկ ո՞վ է պատասխանատվության ենթարկելու նախարարին

Արթուր Հովհանիսյան,www.hayatsk.am

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ազգային ժողովում հոկտեմբերի 24-ին պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցմանը, խոստովանել է, որ Տավուշի մարզի Գետահովիտ և Ենոքավան գյուղերի մերձակայքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում, ուսումնասիրության նախնական արդյունքների համաձայն, շինարարական կազմակերպությունը շեղվել է նախագծից:

«Դժգոհությունները հիմնականում առաջանում են նրանից, որ ոչ թե թույլտվության ընթացակարգերն են սխալ իրականացվել, այլ շինարարության ընթացքում նախագծային շեղումներ են լինում, օրինակ` ապօրինի ծառահատումներ»,- փորձելով կոծկել իր ղեկավարած կառույցի կողմից թույլտվության ընթացակարգերի խախտումները և վերահսկողության բացակայությունը, կատարվածի մեղավոր ներկայացնելով սոսկ շինարարություն իրականացնողին, ասել է նախարարը:

Զ. Փոստանջյանն ընդգծել է, որ թույլտվությունների ընթացակարգերը նույնպես խախտվում են, օրինակ, Գետահովիտ համայնքում հանրային լսումներ չեն իրականացվել: Պատգամավորը նշել է նաև, որ վնասվել է գործող «Խաչաղբյուր-1» ՀԷԿ-ի ձկնուղին, ինչի հետևանքով կարմրախայտը համարյա վերացել է: Ավելին. կառուցապատման թույլտվությունը Գետահովտի փոխարեն տրվել է Ենոքավանում շինարարության համար:

Ա. Հարությունյանը խոստացել է պատասխանատվության միջոցներ կիրառել նախագծից շեղումների դեպքում, եթե այդ փաստերը վերջնականապես հաստատվեն: Իսկ, հետաքրքիր է, ո՞վ է պատասխանատվության միջոց կիրառելու թույլտվության ընթացակարգերի խախտումների համար, յուրայիններին չի՞ կարելի պատժել: Ի վերջո, այս անտեր պետության մեջ իր դերը, առաքելությունն ակնհայտորեն չկատարելու, հրապարակային ահազանգերը, պահանջները անտեսելով, բնությանը պատճառվող ահռելի վնասը չկանխելու համար ո՞վ է պատասխանատվության միջոց կիրառելու հենց իր` բնապահպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Արամ Հարությունյանի նկատմամբ:

18:45 Նոյեմբեր 02, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news