Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերը աճում են

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերը աճում են

ԷկոԼուր

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հաստատում է, որ 2014 թվականի գլոբալ գետնամերձ միջին ջերմաստիճանը վերջին 165 տարիների ընթացքում ամենատաքն է եղել: Ինչպես www.mes.am կայքում նշում է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը, 2014թ. ամենաբարձր ջերմաստիճանային շեղումները դիտվել են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասում` ներառյալ Ալյասկան, Եվրասիայի արևմտյան մասում, Աֆրիկայի զգալի մասում, Ավստրալիայի հարավային և արևմտյան մասերում: 2014 թ. ամբողջ Եվրոպայում ջերմաստիճանները միջիններից զգալիորեն բարձր են եղել, ընդ որում մի շարք երկրներում դիտվել են ռեկորդային կամ դրան մոտ տարեկան ջերմաստիճաններ: Եվրոպական 19 երկրներում տարին եղել է ամենատաքը:

ԱՄՆ-ի և Կանադայի զգալի հատվածներում դիտվել են միջինից զգալիորեն ցածր ջերմաստիճաններ:

Երկրագնդի տարբեր հատվածներում միջին ցուցանիշներից անոմալ շեղումներ են դիտվել նաեւ տեղումների պարագայում: Տեղումների առանձնապես ցածր քանակ է դիտվել ԱՄՆ հարավ-արևմտյան, Չինաստանի հյուսիս-արևելյան և Բրազիլիայի արևելյան մասերում: Այդ շրջանները 2014 թ. ենթարկվել են երաշտների ազդեցությանը: Մեծաքանակ տարեկան տեղումներ դիտվել են Արգենտինայի հյուսիսային մասում, Բոլիվիայում, Պարագվայում և Բրազիլիայի հարավային մասում, ինչպես նաև Բալկաններում:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տվյալներով` 2014թ. Հայաստանի միջին տարեկան ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1.50C (5.50C) և կազմել է 7.00C: 2014 թվականը տաք տարիների շարքում եղել է չորրորդը 2010, 1998, 1966 թվականներից հետո:

2014թ. ՀՀ տարածքում դիտվել են թվով 67 օդերևութաբանական վտանգավոր երևույթներ. 25 մ/վ և ավելի արագությամբ ուժեղ քամիների 27 դեպք, 20 մմ-ից ավելի տրամագծով կարկուտի 10 դեպք, 12 ժամվա ընթացքում 30 մմ-ից ավելի տեղումների 16 դեպք, 12 ժամվա ընթացքում 20 մմ-ից ավել ձյան 21 դեպք: Այս երևույթները զգալի վնաս են հասցրել երկրի տնտեսությանը:

«Ցանկացած մակարդակով ամենամյա այս վերլուծությունները վկայում են, որ երկրագնդի վրա կլիմայի փոփոխությունը իրոք տեղի ունի, սակայն այն տարածաժամանակային կտրվածքով փոփոխական է, իսկ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կլիմայական ռիսկերը, գումարային կտրվածքով՝ աճում են»,- եզրակացնում է Լեւոն Վարդանյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

14:19 Ապրիլ 28, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news