Մշակվում է Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ռազմավարությունը

Մշակվում է Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ռազմավարությունը

ԷկոԼուր

Գլոբալ տաքացման գործընթացի ակտիվացման արդյունքում մեծանում է  կլիմայական բաղադրիչների բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա: Այն արտահայտվում է պոպուլյացիաների և տեսակների թվաքանակի կրճատմամբ, տարածման արեալների փոփոխությամբ, վնասատուների թվաքանակի և հիվանդությունների զանգվածային բռնկումների ավելացմամբ: Այս մասին մայիսի 12-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Գագիկ Մանուչարյանը` նշեով, որ  բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) հանդիսանում են կլիմայական ապաստարաններ:

Կլոր սեղանին մասնակցում էին նաեւ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի  պետ  Արամ Աղասյանը, ՄԱԶԾ ԿՓ ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը, «Էկոլոգիական միջանցքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ազգային համակարգող Կարեն Ջենտերեջյանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը, ՄԱԶԾ/ԳԷՖ «ՄԱԿ ԿՓՇԿ-ի ներքո Հայաստանի
երկրորդ ազգային զեկույցի նախապատրաստում» ծրագրի խոցելիության և հարմարվողականության ավագ փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ-ի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, կենսաբանանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

«Բնության պահպանության և վերականգնման գործում ԲՀՊՏ-երն առանցքային դեր ունեն. նպաստում են շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության նվազմանը, էկոհավասարակշռության ապահովմանը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանմանը»,- ասաց Գագիկ Մանուչարյանը: Ըստ նրա` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 10-րդ կոնֆերանսում ընդունված կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման պլանում նշված է, որ 2020 թվականին ցամաքային տարածքների առնվազն 17 տոկոսը և ներքին ջրերի 10 տոկոսը պետք է  պահպանվեն արդյունավետ կառավարվող և իրար հետ սերտ կապված ԲՀՊՏ-երի համակարգի միջոցով: «Հայաստանում այս թիվը տատանվում է 13 տոկոսի սահմաններում: Եթե մենք հանենք Սևանա լճի մակերեսը, ըստ իս, կդառնա 7 տոկոս: Այստեղից արդեն հասկանալի է, թե ինչքան մեծ գործ ունենք մենք անելու` այդ 17 տոկոսին հասնելու համար»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ 2014 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՀ կառավարության N 1059 որոշմամբ հաստատվել է Բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում 2014-2020թթ. պետական ծրագիրը և միջոցառումները,: Այժմ մշակման փուլում է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանության ռազմավարությունը և 2016-2020 թվականների գործողությունների պլանը: Կենսաբազմազանության կորուստը և բնական միջավայրի դեգրադացումը կանխարգելելու համար կենսաբազմազանության պահպանության ռազմավարության մեջ նախանշվել են հետևյալ ուղղությունները.

  • կենսաբազմազանության առնընչող օրենսդրության և կառավարման համակարգի բարելավում
  • կենսաբազմազանության էկոհամակարգերի պահպանության բարելավում և խախտված բնամիջավայրերի վերականգնում
  • կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների վերացում միջճյուղային հարաբերությունների կարգավորման միջոցով
  • կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ոլորտում գիտական հետազոտությունների գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման ակտիվացում:

Գագիկ Մանուչարյանն առաջարկեց, որ ծրագրերի համար կառավարությունը ստեղծի մի խորհուրդ, որին կներկայացվեն այն բոլոր ծրագրեը, որոնք նախարարությունները պետք է իրականացնեն:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



13:51 Մայիս 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news