Տնտեսության ճյուղեր, որոնք նպաստում են Հայաստանի անապատացմանը

Տնտեսության ճյուղեր, որոնք նպաստում են Հայաստանի անապատացմանը

ԷկոԼուր

Հայաստանում անապատացմանը նպաստող տնտեսության հիմնական ճյուղերն են՝ գյուղատնտեսությունը, անտառտնտեսության բնագավառը, ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը, հիդրոէներգետիկան: Հայաստանի մոտ 50%-ը անապատանում է: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եվ գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի մայիսի 27-ին:

«Գյուղատնտեսություն, որի դեպքում շրջակա միջավայրին առնչվող խնդիրներն են` ոռոգման անարդյունավետության հետևանքով առաջացող ջրի կորուստները, հողի աղակալումը, էրոզիան, գյուղատնտեսական թափոններով աղտոտումը: Վերջիններս հանգեցնում են՝ էկոհամակարգերի դեգրադա­ցիայի, կենսաբազմազանության փոփոխության և կորուստի, ինչն ի վերջո արտահայտվում է էկոհամակարգային ծառայությունների քանակական և որակական խորը փոփոխություններով:

Անտառտնտեսության բնագավառը, որի դեպքում սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները: Դրան նպաստում են փայտանյութի համեմատաբար մատչելիությունը, էներգակիրների գների բարձրացումը, բնակչության սոցիալապես անապահով խավերի ցածր վճարունակությունը: Փայտանյութը շարունակում է մնալ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը:

Ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը, որի դեպքում հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Ըստ Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը 2009 թ. կազմել են  29.36 հազ.հա, 2011 թ.-ին` 33.0 հազ.հա, 2012 թ.-ին` 33.6 հազ.հա, 2013 թ.-ին` 34.9 հազ.հա, 2014 թ.-ին՝ 36.4 հազ.հա, այսինքն՝ օգտագործվող հողատարածքների մակերեսն աստիճանաբար մեծանում է, հատկապես՝ ընդերքօգտագործման հողերի հաշվին: Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումը, որի արդյունքում շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. հա գյուղատնտեսական նշանակության հողեր:

Հիդրոէներգետիկան, որի դեպքում փոքր հիդրոէլեկտրակայանների (այսուհետ՝ ՓՀԷԿ) նախագծման և շահագործման ընթացքում հիմնականում հաշվի չեն առնվում ջրային ֆաունայի կարիքները, իսկ լեռնային գետերի ջրային ռեժիմի փոփոխության ազդեցությունը ափամերձ և ջրային էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վրա ոչ միայն չի գնահատվել, այլև չի ուսումնասիրվել: 2014 թ. Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մոնիթորինգը բացահայտել է, որ ձվադրավայր հանդիսացող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը, որոնք հիմնականում չունեն նորմերին համապատասխանող ձկնանցարաններ և ձկնապաշտպան կառույցներ, ուղղակիորեն վտանգում են ձկնատեսակների սեռահասուն առանձնյակների գոյությունը, որոնք ձվադրավայրեր հասնելու համար գետերով բարձրանում են դեպի վեր: Բացի այդ, որոշ ՓՀԷԿ–եր չեն պահպանում ջրի թույլատրելի էկոլոգիական թողքերի սահմանված չափաքանակները, ինչը նույնպես բերում է գետերի Էկոհամակարգերի դեգրադացման»,- մասնավորապես նշված է Ռազմավարության մեջ:

Անապատացման հիմնախնդիրները և դրանք առաջացնող պատճառներն ու գործոնները կանխարգելելուն, վերացնելուն կամ մեղմելուն  կարող են նպաստել հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, որոնք ընդգրկում են՝

1)     օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործումը

2)     բնօգտագործման մեխանիզմների կատարելագործումը

3)     գիտական աշխատանքների ընդլայնումը և մոնիթորինգի համակարգի կատարելագործումը

4)     կրթության համակարգի կատարելագործումը

5)     հասարակության իրազեկության ապահովումը

6)     «Ռիո»-ի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողությունների իրականացումը

7)     միջազգային համագործակցության իրականացումը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

14:14 Հունիս 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news