Ի՞նչն է կարեւոր Հայաստանի համար, հո՞ղը, թե՞…

Ի՞նչն է կարեւոր Հայաստանի համար, հո՞ղը, թե՞…

ԷկոԼուր

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացնում  հողային ռեսուրսի նկատմամբ, արդյոք մենք կլիմայի փոփոխության պայմաններում կունենանք պարենի անվտանգության խնդիր եւ ինչ է պետք անել` դիմակայելու կլիմայի փոփոխությանը: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների եւ պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի աշխատակցուհի Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագերի քաղաքականության խորհրդատու Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, IFAD/GEF «Հողերի Կայուն Կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

Ներկայացնում ենք ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանի ելույթը. «Մեր երկրում, երբ քննարկվում է պարենային անվտանգությունը, սովորաբար մենք անտեսում ենք պարենային ապահովություն հայեցակարգը, թեև այն, ինչի մասին ավելի շատ խոսվում է, ներառյալ՝ «անվտանգություն» եզրույթը, ավելի շուտ հանգում է պարենային ապահովության հայեցակարգի բաղադրիչներին: Պարենային անվտանգության հայեցակարգն ունի տնտեսական բովանդակություն  և ենթադրում է երկրում գյուղմթերքի արտադրության ծավալների մեծացում և դրանով իսկ՝ երկրի պարենային անկախության ապահովում  միջազգային շուկաներից ու դրանցում տեղի ունեցող հնարավոր փոփոխություններից և այլ  բազմաթիվ ռիսկերից: Ասվածի վկայությունն է այն հանգամանքը, որ  մեր երկրի զարգացման գերակայությունները և՛ ոլորտային առումով, և՛ ընդհանրապես,  հանգում են տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում և գյուղատնտեսությունում, արտադրության ծավալների մեծացմանը: Գյուղատնտեսությունում նման մոտեցումը ոչ միայն ցանկություն է, այլև պարտադրանք: Պարենամթերքի նկատմամբ բնակչության չբավարարված պահանջարկը մեզ շարունակաբար ստիպում է մտածել ավելի ու ավելի շատ արտադրելու մասին:  Եվ պետական քաղաքականության բովանդակությունն արտացոլող ոլորտային բոլոր փաստաթղթերում գերակայում է գյուղատնտեսության էքստենսիվ աճի տարբերակը՝ մշակովի հողատարածքների ավելացում, անասնագլխաքանակի աճ և այլն: Այստեղ խոսվեց գյուղատնտեսությունում կիրառվող նոր տեխնոլոգիաների պրակտիկայի կամ միջազգային փորձի մասին: Շատ ուրախ եմ, որ կան նոր տեխնոլոգիաներ և այլն, բայց հավանականությունը, որ դրանք մասշտաբային կերպով կներդրվեն մեր գյուղատնտեսությունում, բավականին քիչ է, որովհետև մոտ 300 հազարից ավելի մանր գյուղացիական տնտեսությունները որպեսզի կարողանան անցնել նոր տեխնոլոգիաների ներդրմանը բավարար ժամանակ և ռեսուրսներ չունեն: Հետևաբար, այդ գործընթացը  կա՛մ շատ երկար կտևի, կա՛մ ընդհանրապես հնարավոր չի լինի իրականացնել:

Հիմա երբ մենք պարենային անվտանգության առումով քննարկում ենք գյուղատնտեսական հողերի վիճակը, մշակության պրակտիկան, ռեսուրսները և այլն, ապա այստեղ պետք է սպասել վիճակի  վատթարացում, որովհետև ավելի շատ պետք է շահագործենք հողերը, ավելի շատ պարարտացնենք, ավելի շատ արածեցնենք, ինչը վերջնարդյունքում նպաստելու է հողի որակային հատկանիշների վատթարացմանը կամ, որ ավելի վատ է, պայմաններ է ստեղծելու հողերի դեգրադացման համար և մեծացնելու է արտանետումների ու կլիմայի փոփոխության վրա ազդող գործոնների ռիսկը: Այստեղ նաև խոսվեց համայնքից հեռու գտնվող արոտների օգտագործման մասին, ինչը խթանելու է նաև անասնապահության զարգացում: Բայց անասնապահության զարգացումը միայն արոտներից կախված խնդիր չէ, որովհետև մենք տեսնում ենք այսօր, օրինակ, կաթի գնի հետ կապված ինչ խնդիրներ ունենք և ինչպիսի դժգոհություն կա գյուղացիների շրջանում: Գյուղատնտեսությամբ զբաղվողը եթե չունի տնտեսական շահ, նրան որևէ այլ կերպ գայթակղել հեռավոր արոտներ գնալու և անասնապահությամբ զբաղվելու համար բավականին դժվար է: Մեկ այլ օրինակ, Արարատյան դաշտում այսօր տեղի է ունենում առանձին բուսատեսակների մեծ գերակշռում: Օրինակ, ծիրանի այգիները սկսում են գերակայել բազմամյա տնկարկների մնացած տեսակների նկատմամբ, որովհետև դրանց մշակությունը քիչ ավելի ծախսատար է, իրացման, հիմնականում արտահանման ձևով, և շահույթ ստանալու  հավանականությունն ավելի մեծ է: Խաղողի այգիների, բոստանային մշակաբույսերի մշակության և այլնի փոխարեն՝ գյուղացիներն այսօր ավելի շատ նախընտրում են ծիրանի այգիներ ունենալ:

Պարենային ապահովության հայեցակարգն իր բովանդակությամբ և բաղադրիչներով բոլորովին այլ բան է ենթադրում: Պարենային ապահովության հայեցակարգի առաջին բաղադրիչը՝ պարենի առկայությունը բացարձակապես չի կարևորում, թե ինչ ճանապարհով կամ եղանակով է ապահովվում պարենամթերքի ֆիզիկական հասանելիությունը՝ արտադրվում է երկրի ներսում, ներմուծվում է, թե ստացվում է մարդասիրական օգնության տեսքով: Պարենային ապահովության գլխավոր նպատակը մարդն է, հետևաբար՝ երկրում առկա է պարենային ապահովություն, եթե մարդկանց իրենց կարիքներին և նախասիրություններին համապատասխան, ակտիվ և առողջ կյանք վարելու համար ցանկացած ժամանակ ֆիզիկապես և տնտեսապես մատչելի է բավարար քանակությամբ, անհրաժեշտ որակի, առողջության համար անվտանգ և տվյալ հասարակության սոցիալ-մշակութային առանձնահատկությունների տեսանկյունից ընդունելի պարենամթերք:

Մենք քննարկում ենք 3 տարբեր խնդիրներ  կամ զարգացման ուղղություններ: Ո՞ր խնդիրն է ավելի գերակա, որ ուղղությանն ենք նախապատվություն տալիս՝ հողերին, պարենային անվտանգությանը, թե կլիմայի փոփոխությանն ու ջերմոցային գազերի արտանետումներին: Եթե մեզ ավելի շատ հետաքրքրում է պարենային անվտանգությունը, ապա դա ենթադրում է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճ: Ավելի շատ չարտադրել հնարավոր չէ, քանզի չբավարարված պահանջարկից զատ, ցավոք սրտի, մեր երկրում թեկուզ վիճակագրական հաշվառման տեսանկյունից տնտեսական աճի միակ վստահելի ռեսուրսը մնում է այսօր գյուղատնտեսությունը: Պրակտիկան ցույց է տալիս, որ եթե անհրաժեշտ է արձանագրել տնտեսական աճ, ապա դա հիմնականում գյուղատնտեսության հաշվին է լինում: Գյուղատնտեսությունում աճը, այսինքն գյուղմթերքի արտադրության ծավալների մեծացումը ուղեկցվելու է հողային ռեսուրսների անխնա շահագործմամբ, ինչը հանգեցնելու է ավելի վատթար վիճակի: Այսպիսի ընտությունը միաժամանակ ուղղակի հակադրության մեջ է կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների խնդրի հետ: Եթե մեր նպատակը մարդն է, նրա առողջությունը, որպեսզի մենք ունենանք սննդարար, էկոլոգիապես անվտանգ սնունդ, ապա այս դեպքում մենք այլ կերպ պետք է զբաղվենք հողերի և գյուղատնտեսության մնացած ռեսուրսների օգտագործմամբ: Նման ընտրության դեպքում մենք թուլացնում ենք պարենային անվտանգությունը: Ի՞նչն է մեզ համար ավելի կարևոր: Այսօր քննարկում է գնում, թե հացը ինչով և ինչպես հաստացնենք՝ երկաթ, ֆոլաթթու և այլն: Սա խոսում է այն մասին, որ պարզապես գյուղմթերք կամ պարենամթերք  արտադրելը այլ խնդիր է, արտադրել այն, ինչը որ պետք            է մարդուն առողջ ապրելու համար՝ միանգամայն այլ: Եղած ռեսուրսներով ինչպես դա ապահովել՝ դառնում է հաջորդ խնդիրը: Հողերը չի կարելի անընդհատ և անխնա օգտագործել, թեև մենք, ընդհակառակը, կածես թե որոշել ենք  շարժվել հենց այդ ճանապարհով:

Այսպիսով, 3 տարբեր ուղղություններ, 3 տարբեր նպատակներ, 3 տարբեր գերատեսչություններ, որոնք իրենց գործառույթներով աղերսվում են դրանց: Ո՞րն է դառնում երկրի համար ավելի կարևոր՝ պարենային անվտանգությունը որպես տնտեսական բաղադրիչ, պարենային ապահովությունը որպես առողջության երաշխիք, թե հողերը որպես ռեսուրս՝ գումարած կլիմայի փոփոխությունը: Վստահ չեմ, որ պատասխանը կարող է միանշանակ լինել, իսկ ընտրությունը միակ ընդունելին: Առավել ևս, որ իրավիճակը էլ ավելի է բարդանում, երբ դիտարկում ենք, թե որքան է մեր երկրի բնակչության այն մասի տեսակարար կշիռը, որի սպառած սննդամթերքի 70 տոկոսից ավելին կարտոֆիլն է ու հացը, թե որքան են կազմում աղքատության և չքավորության մակարդակները, թե ինչպես է մեր կողմից յուրացվող սնունդը ազդում առողջության, աշխատունակության վրա և այլն: Պաշտոնական վիճակագրությունը այս համատեքստում բազմաթիվ ցուցանիշներ է հրապարակում և կարծում եմ, եթե խնդրի այդ կողմն էլ հաշվի առնենք, ապա ընտրություն կատարելն էլ ավելի կբարդանա: Երբեմն քննարկումների ժամանակ ներկայացվում են ագրեգացված մեծություններ, ինչպես օրինակ, պարենային զամբյուղի արժեքը կիլոկալորիաներով: Այդ զամբյուղը մեկ թվով ներկայացնելիս՝ պատկերը կարծես թե այնքան էլ վատ չէ, բայց ինչպես խորհրդային ժամանակներում այդ խնդրի առնչությամբ նկատել էր Կոմկուսի քարտուղարը, այլ հարց է նաև, թե պարենամթերքի որ տեսակը այդ զամբյուղի արժեքի որ մասն է ապահովում: Եթե խորհրդային վերջին տարիներին զամբյուղում գերակշռում էր բանջարեղենը կամ ավելի շուտ կանաչին, ապա մեր օրերում պարենային փաստացի զամբյուղում մոտ 1450 կկալ-ն ապահովում է հացամթերքը:

Ես կցանկանայի, որ մենք քննարկեինք և կարողանայինք կողմնորոշվել, թե ո՞րն է ի վերջո դառնում ավելի կարևոր մեր երկրի համար, որովհետև ներկա պայմաններում և եղած ռեսուրսներով 3 նպատակներին միաժամանակ հասնելը անհնար է: Սա ասում եմ նաև այն պատճառով, որ ծանոթ եմ նաև գյուղատնտեսության նախարարության քաղաքականությանն ու նոր ռազմավարությանը: Այնտեղ լավ գաղափարներ կան, նշված են զարգացման տարբեր ուղղություններ և միջոցառումներ, բայց որքանո՞վ դա հնարավոր կլինի իրականացնել. Կարծում եմ բավականին ռիսկային է, առավել ևս որ շեշտադրվում է գյուղատնտեսության զարգացումը էքստենսիվ աճի ճանապարհով: Մեկ օրինակ բերեմ. Էստոնիան հետանկախացման շրջանում 3-4 անգամ կրճատել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, բայց միաժամանակ  5-6 անգամ ավելացրել է կաթի, մսի արտադրությունը և այլն: Նրանք կիրառել են ինտենսիվ աճի մեթոդը և ամբողջովին փոխել են ցեղատեսակը: Գյուղատնտեսության նախարարությունն ունի իր գերատեսչական խնդիրները, նրանք գիտեն, թե ինչ են ուզում, դրա համար ինչպիսի ռազմավարություն է պետք մշակել և ցանկանում են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Բնապահպանության նախարարությունը բոլորովին այլ նպատակներ ունի: Իսկ Առողջապահության նախարարության մոտ խնդիրը առողջության համար անվտանգ սննդամթերքն է և զավեշտալի է, որ այսօր  այս բոլոր խնդիրների համատեքստում մենք քննարկում ենք, թե հացի հետ ինչ խառնենք, կամ չխառնենք: Հետևաբար խնդիրը պետք է լինի ոչ թե նպատակների միջև ընտրություն կատարելը, այլ բոլոր նպատակներին միաժամանակ հասնելուն միտված միասնական ռազմավարություն մշակելը»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



11:07 Հուլիս 08, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news