Մասնագետ՝ Հայաստանում հողը կամաց-կամաց մահանում է

Մասնագետ՝ Հայաստանում հողը կամաց-կամաց մահանում է

ԷկոԼուր

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացնում  հողային ռեսուրսի նկատմամբ, արդյոք մենք կլիմայի փոփոխության պայմաններում կունենանք պարենի անվտանգության խնդիր և ինչ է պետք անել` դիմակայելու կլիմայի փոփոխությանը: Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների եւ պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի աշխատակցուհի Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագերի քաղաքականության խորհրդատու Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, IFAD/GEF «Հողերի Կայուն Կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

Ներկայացնում ենք Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանի ելույթը. «Նույնիսկ Հռոմի պապն է կլիմայի փոփոխության վերաբերյալ ահազանգել ողջ աշխարհին: Այսօր հողն է կերակրում երկրագնդի շուրջ 7.5 միլիարդ բնակչությանը: Բայց այս տեսակ վերաբերմունք հողի նկատմամբ, բնական գործոններին նաև մարդածին գործոններ են ավելանում՝ անհանդուրժելի է: Այսօր մեզ մոտ տեղի է ունենում կլիմայի փոփոխության ազդեցության տակ տարածքների անապատացում, բնական գոտիների տեղաշարժը բոլորին հայտնի է, և դրա հետևանքով նաև հողերի դեգրադացիան, հողային լավագույն հատկությունների աստիճանական անկում է տեղի ունենում: Վերջնական ձևով դա ազդում է հողերի բերրիության անկման վրա: Էրոզիան է, երկրորդային աղակալումը, քարքարոտությունը և այլն: Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանում սևահողերում հումուսի պարունակությունը միջին հաշվով անկում է ապրել 1 տոկոսի չափով: Այսօր մենք ունենք 718 հազար հեկտար սևահողեր, մշակովի և անմշակ տարբերակները միասին, մշակովի սևահողերում ավելի շատ արագ է նշված անկում տեղի ունենում: Միջին հաշվով 25 սմ շերտում մենք ունենք գրեթե 150 միլիոն տոննա հումուսի պաշար: Համարյա 40 միլիոնը մենք արդեն կորցրել ենք: Շարունակությունն ահավոր աղետի է հանգեցնելու: Մեր էկոլոգները ասում են, եթե էրոզիան տվյալ լանդշաֆտի հիվանդությունն է, ապա անապատացումը դրա մահն է: Այսօր ամենուր մենք ունենք  հողերի կորուստ: Հողը կամաց-կամաց մահանում է: ՄԱԿ-ը 2015թ. հայտարարել է աշխարհում հողի տարի: Հողը մահանում է  նաև մեզ մոտ: Մեզ մոտ արդեն առաջանում է անապատային գոտի: Բայց այստեղ միաժամանակ պետք է օգտվել նաև այն hանգամանքից, որ չկա չարիք առանց բարիք: Տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում, բնական գոտիների տեղաշարժ: Մենք կարող ենք այդ տեղաշարժից օգտվել և հարմարվել, բարձր արժեք ունեցող կուլտուրաներ մշակել ավելի բարձրադիր գոտում: Իհարկե, չեն բավարարում ջրային ռեսուրսները, ուրեմն անհրաժեշտ է ջուրը խնայել, ներդնել նոր ժամանակակից տեխնոլոգիաներ, կառուցել փոքր և միջին ջրամբարներ: Բացի դրանից, վերին գոտում, որտեղ բնակչությունը սոցիալ-տնտեսական առումով ավելի աղքատ է, նրանք հնարավորություն կունենան ավելի բարձր արժեք ունեցող կուլտուրաների մշակումից երկու բերք ստանալ: Ես ծանոթացել եմ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված 2015-25թթ. գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրին, որտեղ նշված է, որ այսօր, համեմատած խորհրդային տարինների հետ, Հայաստան են ներկրվում 7-8 անգամ պակաս հանքային պարարտանյութեր: Օրգանական պարարտանյութերի կիրառումը  18 անգամ պակասել է: Պատկերացրեք, մենք այդքան ռեսուրս հողին չենք տալիս, ներդրում չունենք, հանրապետության մաշտաբով հողերի արդյունավետ և պոտենցիալ բերրիության ինչ անկում կարող է  տեղի ունենալ: Հողը, որի վրա տարածվում են տնտեսության մնացած բոլոր ճյուղերը, անխնա ենք օգտագործում բոլոր առումներով՝ թե շինարարության, թե հանքարդյունաբերության, թե գյուղատնտեսության ոլորտներում, թե ընդհանրապես: Քիչ առաջ խոսք եղավ դրենաժային համակարգերի մասին: Պարոն Պետրոսյան, Արարատյան հարթավայրում այս երկու տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամռան ամիսներին քամու ժամանակ դրենաժներից անգամ փոշի է բարձրանում: Գրունտային ջրերի մակարդակը իջել է, նույնիսկ բնական առուները, գետերն են ցամաքում: Գետնաջրերը /գրունտային/ բարձրացել են այն տարածքներում, որտեղ ձկնաբուծական տնտեսություններն են զարգանում: Դրանց շրջապատում որոշակի շառավիղով գործող  պահպանումը խիստ  անհրաժեշտ է, չնայաց նման ձևով շահագործելու դեպում դա էլ կցամաքի: Այսօրվանից է հարկավոր կանխել այդ երևույթը: Չգիտեմ ինչ միջոցներով, դժվար է ասել, բայց Արարատյան հարթավայր մուտք գործող և դուրս եկող ջրային բալանսը բացասական է: Դա տանում է ստորգետնյա ջրերի ավազանի ցամաքեցմանը: Միայն բնապահպանության նախարարության անցյալ կամ նախանցյալ տարվա տվյալներով, եթե մուտք է գործում միլիարդ 270 միլիոն խմ, ապա ելքը 500 միլիոն խմ-վ ավելի է:  Շատրվանող արտեզյան հորերից շատերը  ցամաքել են: Այդ բոլորի հետ կապված, հողում եղած խոնավությունը, որը ջրման և ոռոգման նորմաների հետ հաշվարկվել է, այսօր չի ապահովում:  Գրունտային ջրերը, որոնք Մասիսում և Էջմիածնի տարածաշրջաններում գտնվում է 1.5-2 մետր խորության վրա, այսօր 5-7 մետր խորության վրա է: Այսինքն, ոռոգման նորման 25 տոկոսից ավել արդեն բարձրանում է, չհաշված որ ավելանում է նաև ջրումների քանակը: … Սովորաբար ջերմաստիճանը որ բարձրանում է, գոլորշացումը ուժեղանում է ինչպես ցամաքից, այնպես էլ ջրային մակերեսներից: Աշխարհում տեղի ունեցող ջրաշրջանառությունը, որը 80-ական թթ. կազմում էր 580 հազար խորանարդ կիլոմետր, հիմա 600 հազար խորանարդ կիլոմետր է, նաև ավելի: Այսինքն, ջրաշրջանառության  ավելացմանը զուգնթաց տեղումները ավելանում են: Հետաքրքիր է՝ նշված ջրաշրջանառության ընթացքում Հայաստանում՝ այն էլ բարձր լեռնային շրջաններում, արդյո՞ք չի նկատվում տեղումների ավելացում»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



16:46 Հուլիս 13, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news