Հայաստանը պետք է մշակի հողերի պահպանության հայեցակարգ

Հայաստանը պետք է մշակի հողերի պահպանության հայեցակարգ

ԷկոԼուր 

Ինչպիսին է Հայաստանում հողերի վիճակը, պետությունը ինչ քաղաքականություն է իրականացվում  հողային ռեսուրսի պահպանության նկատմամբ, ինչ մարտահրավերներ կան կլիմայի փոփոխության պայմաններում հողերի ռեսուրսների դեգրադացիայի և պարենային անվտանգության մասով:  Այս հարցերը քննարկվեցին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը, Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հունան Ղազարյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ Բնապահանական ծրագրային քաղաքականության հարցերով խորհրդական Գեորգի Արզումանյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետ Անաստաս Աղազարյանը, «Հողերի կայուն կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագրի ազգային համակարգող Արմեն Դանիելյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

Ներկայացնում ենք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի ելույթը.  «Կլիմայի փոփոխության կոնվենցիան ունի մի նպատակ՝ կայունացնել մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիան անվտանգ մակարդակում: Դրա համար կա երկու հիմնական միջոց՝ նվազեցնել այդ գազերի արտանետումները և պահպանել, ավելացնել ու կուտակել հողում ու բուսականությունում օրգանական ածխածինը: Ըստ որում, ոչ միայն  գյուղատնտեսական հողերում կուտակել, պահել, այլ ամենուրեք՝ անտառային ու բոլոր այլ նշանակության  հողերում: Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում մենք պետք է տանք առաջարկություն կառավարության որոշման տեսքով, թե ի՞նչ ենք մենք մտցնելու մեր ապագա 35 տարվա պարտավորությունների մեջ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ու այդ գազերի  կլանիչների զարգացման մասով: Մեզ համար, որպես զարգացող ու կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի  երկիր, նախապատվությունը հողերի ու անտառի պահպանությունն ու վերականգնումն է: Մենք շատ արտանետում չունենք, բայց մենք լուրջ խնդիրներ ունենք հողերի դեգրադացիայի հետ կապված: Դրա համար ինձ շատ հետաքրքիր էր այսօր լսել, թե  ինչ խնդիրներ կարող ենք առաջ քաշել և ինչ  մտցնենք այդ ծրագրի մեջ, որը պետք է հաստատվի կառավարության կողմից ու ներկայացվի կոնվենցիայի քարտուղարությանը որպես երկրի կարիք: Ներկայումս կան ու զարգանում են նախագծերի իրականացման միջազգային  մեխանիզմներ, որոնցից  մենք կարող ենք օգտվել՝ իրականացնելու հողապահպան ու անտառապատման ծրագրեր:

Հաջողվել է անտառի ռազմավարության մեջ մտցնել Հայաստանի Հանրապետության տարածքի  օպտիմալ անտառապատվածության գաղափարը, ըստ որի այն  պետք է կազմի հանրապետության  տարածքի  20.1 տոկոսը: Կարող է շատերին դա ֆանտաստիկ թվալ, բայց այդ ուսումնասիրությունն արել են դեռ կլիմայի փոփոխության առաջին ազգային հաղորդագրության մշակման ընթացքում Հայաստանի անվանի անտառագետներ Պայքար Խուրշուդյանն ու Վահան Գաբրիելյանը, և այդ հետազոտման  նկատմամբ կասկածները հիմքեր չունեն: Եթե հիմնավոր նշանակետ ու ռազմավարություն չընդունել, ակնկալիք չես կարող ունենալ միջազգային համագործակցությունից: Ի դեպ, համագործակցության տակ պետք չէ հասկանալ միայն ֆինանսականը, այլ և տեխնոլոգիական, և կարողությունների ամրապնդման, և փորձի ու  գիտելիքի փոխանակման և այլն:

Դժվար չէ նկատել, որ ՀՀ հողային օրենսգիրքն ու այլ օրենսդրական ակտեր չեն պարունակում դրույթներ հողաշերտի պահպանության վերաբերյալ: Այսինքն, հողաշերտը չի դիտարկվում որպես պահպանության ենթակա բնական էկոհամակարգ: ՀՀ շրջակա միջավայրի պահպանության երկրորդ ազգային ծրագրով նախատեսված էր հողերի (հողաշերտի) պահպանության հայեցակարգի մշակում, որը պետք է կատարվեր 2012 թվականին, սակայն մինչ օրս չի մշակվել: Մենք նպատակ ունենք այդ գաղափարը ռեանիմացիա անել ու, վերջապես, անդրադառնալ այդ կարևոր խնդրին ու մշակել այդ հայեցակարգը: Մյուսը հողերի մոնիտորինգի իրականացման հիմնախնդիրն է: 2010թ-ին ՀՀ կառավարության կողմից  հողերի մոնիտորինգի   կարգ է հաստատվել, որը սակայն  մոռացության է տրվել: Այդ կարգով  առաջին անգամ, որպես հողի վիճակի ցուցանիշ, մտցվել է հողում օրգանական  ածխածնի քանակը և մոնիտորինգի  իրականացման  կարգը: Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը իրականացնում է  մի փոքրիկ ծրագիր Վարդենիսի տարածաշրջանում, որում նախատոսված է հիմքեր դնել հողում ու վերգետնյա բուսականությունում, մասնավորապես անտառում օրգանական ածխածնի մոնիտորինգի կատարման  համար:  Հետագայում այն պետք է տարածվի հանրապետության ամբողջ տարածքում: Այս ամենը նախապատրաստական աշխատանքներ  են, որոնք պետք է կանոնավոր բնույթ ու ընթացք  ստանան: Կլիմայի փոփոխության մեղմման գործողություններում հողօգտագործման ու անտառային տնտեսության   արդյունավետության լավագույն ու պարզ ցուցանիշը օրգանական ածխածնի քանակն  ու դրա շարժի դինամիկան է: Օրգանական ածխածնի  ավելացումը հողում ու անտառում  վկայում է  հարակայուն բնօգտագործման մասին, իսկ նվազումը՝ հողերի վատթարացման ու դեգրադացիայի ու անտառի տարածքի ու լրիվության պակասելու մասին: Պետք է ի նկատի ունենալ նաև, որ կլիմայի փոփոխության հետևանքով անտառի ստորին սահմանը բարձրանալու է ռելիեֆով դեպի վեր, իսկ կլիմայի չորայնացումը նպաստելու է հողերի դեգրադացիային: Հողում ու անտառում օրգանական ածխածնի կանոնավոր մոնիտորինգը թույլ կտա գնահատել թե որքանով ենք մենք խնամքով վերաբերվում հողին ու անտառին ու արդյունավետ արձագանքում կլիմայի փոփոխությանը:  Իմ առաջարկն է, հաշվի առնելով այս ամենը, մշակենք նշված հայեցակարգը ու,  օգտվելով առիթից, հողօգտագործման ու անտառի բաղադրիչները առավելագուն նախապատվությամբ մտցնենք մեր միջազգային պարտավորությունների (INDC-ի) ու համապատասխան ազգային ռազմավարությունների ու ծրագրերի մեջ»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

11:35 Հուլիս 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news